Աստված ունի հիասքանչ ծրագիր քո կյանքի համար, բայց ոչ այնպես, ինչպես դու ես պատկերացնում

Աստված ունի հիասքանչ ծրագիր քո կյանքի համար, բայց ոչ այնպես, ինչպես դու ես պատկերացնում«Այս բաները խոսեցի ձեզ հետ, որ ինձանում խաղաղություն ունենաք. աշխարհքումը նեղություն կունենաք, բայց քաջացեք. ես հաղթել եմ աշխարհքին» (Հովհաննես 16.33):

Լինի դա ռադիոյով, հեռուստատեսությունով, համացանցով կամ եկեղեցում, մենք հաճախ ենք լսում, որ Աստված հիասքանչ ծրագիր ունի մեր կյանքի համար:

Բայց մի քարոզիչ շատ դիպուկ խոսք է ասել. «Ովքեր Քրիստոսին են գալիս՝ անցնում են վարդապատ մի ճանապարհ, մինչդեռ նրանք, ովքեր արդեն Քրիստոսի մեջ են, անցնում են փշոտ նեղլիկ ճանապարհով»:

Սա կարող է բացատրել այն, թե ինչու այն մարդկանց մեծամասնությունը, ովքեր մեծացել են քրիստոնեական տներում, թողնում են հավատքը:

Շատ են կեղծ ապաշխարությունները, որովհետև շատերը Քրիստոսին հետևելու իրենց որոշումները հիմնում են հիասքանչ կյանք ունենալու սպասման վրա: Մենք փրկությունը վերածել ենք հեշտ ճանապարհի, բայց գրված է, որ նեղ է ճանապարհը: Մենք Հիսուսին ներկայացնում ենք որպես կամակատարի, այլ ոչ՝ որպես Արքայի: Մենք ցանկանում ենք լույս, հեշտ ճանապարհ և թեթև բեռ:

Բայց ի՞նչ կասեք գեղեցիկ կյանքի գաղափարի մասին Պակիստանում սպանված երիտասարդ քրիստոնյա զույգին: Ի՞նչ կասեք քրիստոնյա ընտանիքին, որը հավատքի համար կորցրել է իր երկու երեխաներին, կամ ի՞նչ կասեք առաքյալներին… տասներկուսից տասնմեկը նահատակվեցին:

Ահա բանալին. Աստծո հետ հարաբերությունը կախված չէ չպատասխանված աղոթքներից, փորձություններից, դժվարություններից կամ հալածանքներից: Այն կախված է նրանից, թե Ով է Աստված. Նա է մեր ամրությունը փոթորկի ժամանակ: Նա է մեր խաղաղությունը վախի մեջ: Նա է մեր ապահովությունը անհանգստության մեջ:

Ավետարանը հույսի և ազատագրման լուր է: Այն առաջարկում է Աստծո շնորհը մեր փորձությունների միոջոցով, ինչպես նաև՝ խաղաղություն, որ ամեն գիտակցությունից վեր է: Երբեք չենք գտնի ներքին խաղաղություն, մինչև չունենանք խաղաղություն Աստծո հետ:

Քրիստոնյայի կյանքը փոթորկի բացակայությունը չէ, այլ ներքին խաղաղությունը փոթորկի մեջ՝ հավիտենական ծրագրի լույսի ներքո, որը մեզ ապահով է պահում: Մենք մեծապես տուժում ենք, եթե ձախողում ենք այս բալանսը սովորելը:

Փորձությունների ժամանակները մեզ շինություն տալու համար են, ոչ թե կոտրելու: Միակ ճանապարհը՝ ունենալու այնպիսի հատկություններ, ինչպիսիք են ուրախությունը, խաղաղությունը, հնազանդությունը և համբերությունը, այնպիսի իրավիճակների հանդիպելն է, որոնք պահանջում են սեր, ուրախություն, խաղաղություն և համբերություն: Ինչպե՞ս ներել, եթե ինքներս երբեք չենք սխալվում:

Ինձ սխալ մի հասկացեք. Աստված օրհնում է Իր ժողովրդին՝ մենք պետք է աղոթենք, ցնծանք և ընդունենք ու խանդավառվենք Նրա օրհնություններով:

Բայց հարմարավետ կյանքը միշտ չէ, որ օրհնություն է: Աստծո ներկայությունն ու զորությունը մեր կյանքում սա է. «Տերը զորութուն կտա իր ժողովրդին. Տերը կօրհնի իր ժողովուրդը խաղաղությունով» (Սաղմոս 29.11):

Զորություն փոթորկի մեջ. ահա թե որն է իրական օրհնությունը:

Բոլորիս հայտնի է Երեմիա 29.11-ը: Այս խոսքը հիասքանչ ոգեշնչում է:

Բայց այն հաճախ առանձնացվում է կոնտեքստից:

Երեմիան գրում է Իսրայել ժողովրդին, որը պարտված էր և աքսորի մեջ թողնված: Այստեղ Աստված Իր ժողովրդին խոստանում է, որ աքսորի 70 տարիներից հետո Նա նրանց հետ կբերի իրենց երկիր: Սա ապագա հույսի խոսք է, ոչ թե հեշտ կյանքի:

Աստված ունի հիասքանչ ծրագիր մեր կյանքերի համար, բայց եկեք այն չսահմանափակենք մեր մարդկային պատկերացումներով: Եվ հիշենք, որ քրիստոնյայի կյանքը ոչ թե խնդիրներից զուրկ կյանքն է, այլ Աստծո հետ կյանքը, որին մարդիկ նայելով՝ կտեսնեն Տիրոջ գործերն ու փառքը:

Աստված մեր Եհովա Իրեն է՝ Նա հոգացող Հայր է:

Նա է Էլ Շադդայը՝ Ամենազորավորը. Նրա իշխանությանը վերջ չկա:

Նա է Եհովա Շալոմը՝ մեր Խաղաղությունը փոթորկի մեջ:

Նա է Եհովա Նիսին՝ մեր Հաղթանակն ու Զորությունը: Նրան հնարավոր չէ պարտության մատնել:

Նա է Եհովա Ցիտկենու՝ մեր Արդարությունը:

Վերջապես, Նա է Եհովա Շամմահ. Նա մեզ հետ է խավար ժամանակներում և երբեք չի թողնի և չի անարգի մեզ:

Շեյն Այդլմեն՝
Լանկաստերի «Արևմտյան քրիստոնեական ընկերակցության» հիմնադիր և ավագ հովիվ