Զարդարանքի ոսկեգույն թուղթը

goldenՄի ժամանակ մի մարդ կար, ով դժվարությամբ աշխատում և գումար էր վաստակում իր ընտանիքի հացի համար: Սուրբ Ծննդյան տոներից մի քանի օր առաջ նա շատ է բարկանում իր փոքրիկ աղջկա վրա և պատժում է նրան, քանի որ վերջինս օգտագործել էր իրենց տանը մնացած միակ ու թանկարժեք զարդարանքի ոսկեգույն թուղթը:

Գումար չկար, և հոր տխրությունը կրկնապատկվում է, երբ տեսնում է, որ աղջիկը օգտագործել է ամբողջ զարդարանքի թուղթը՝ փաթեթավորելու համար միայն մի տուփ, որը դրել էլ տոնածառի տակ: Նա անհանգստանում էր նաև, երբ մտածում էր, թե որտեղից է իր աղջիկը գումար վերցրել նվեր գնելու համար:

Հաջորդ առավոտյան աղջիկը ուրախությամբ մոտենում է հորը և ասում.

-Սա քեզ համար է, հայրի՛կ:

Երբ հայրը վերցնում է տուփը՝ ամաչում է իր արձագանքից և ափսոսում, որ զուր տեղը երեխային պատժել է:

Բայց երբ բացում է տուփը՝ նորից բարկությունն է բարձրանում, քանի որ տուփը դատարկ էր:

-Մի՞թե դու չգիտես, աղջի՛կս, երբ որևի մեկին նվեր ես տալիս, տուփի մեջ մի բան պետք է լինի:

Փոքրիկ աղջիկը նայում է հայրիկին տխուր ու արցունքոտ աչքերով և շշնջում.

-Հայրի՛կ, այն դատարկ չէ, ես այն լցրել եմ համբույրներով ու սիրով, և այն լիքն է հիմա:

Հոր սիրտը փշրվում է: Նա ծնկի է գալիս աղջկա առջև և ամուր գրկում ու ներողություն խնդրում նրանից բարկանալու և պատժի համար:

Որոշ ժամանակ անց տեղի է ունենում մի դժբախտ պատահար, որը խլում է փոքրիկ աղջկա կյանքը:

Ասում են, թե հայրը իր ողջ կյանքի ընթացքում այդ տուփը պահում է իր անկողնու կողքին և երբ հուսալքված է լինում կամ բախվում է դժվար խնդիրների, բացում է տուփը և վերցնում այնտեղից աղջկա համբույրները՝ հիշելով այն սերը, որ իր փոքրիկ գեղեցկուհին դրել էր այդտեղ:

Իրականում մենք էլ մեր կյանքում ստացել ենք շատ անտեսանելի տուփեր՝ լցված սիրով և համբույրներով մեր երեխաների, ընտանիքի, ընկերների և Աստծո կողմից: Իրականում չկա դրանից առավել թանկագին բան, որ որևէ մեկը կարող է նվիրել:

Թարգմանեց Էսթեր Զաքարյանը