Օգտագործենք մեր զորությունը Աստծուն ծառայելու համար. Չարլզ Սպերջեն

spurgeon-e«Եվ նա վեր կացավ և կերավ ու խմեց և այն կերակուրի զորությունովը գնաց քառասուն օր և քառասուն գիշեր՝ մինչև Աստծո Քորեբ սարը» (Գ Թագավորաց 19.8):

Ողջ զորությունը, որ տալիս է մեզ մեր ողորմած Աստված, նախատեսված է ծառայության, ոչ թե վատնելու ու պարծենկոտության համար: Երբ Եղիա մարգարեն ածուխի վրա բլիթ է գտնում, իսկ հետո էլ ջրով լի սափոր, նա չի նմանվում մի ջենթլմենի, ով համեղ կերակուրները ճաշակելով՝ հանգստի է անցնում: Բոլորովին՝ ո՛չ: Նրան հանձնարարված էր այդ կերակուրով ուժ առնել՝ քառասուն օր ու գիշեր գնալու դեպի Աստծո Քորեբ սարը:

Ուսուցիչը, աշակերտներին Իր հետ գալ ու ընթրել հրավիրելով, ընթրիքի վերջում Պետրոսին ասում է. «Արածեցրու իմ ոչխարներին», հետո էլ ավելացնում. «Եկ իմ հետևից»: Նույնը մեզ է վերաբերում. մենք ճաշակում ենք երկնային հացը, որպեսզի մեր զորությունը օգտագործենք Աստծուն ծառայելու համար: Մենք զատիկ ենք անում ու գավազանը մեր ձեռքին ճաշակում զատկական գառը, որ միանգամից ճանապարհ ընկնենք, հենց որ մեր քաղցը հագեցնենք:

Որոշ քրիստոնյաներ կողմ են Քրիստոսով ապրելուն, բայց ոչ Քրիստոսի համար ապրելուն: Երկրային կյանքը պետք է լինի երկնային կյանքի համար պատրաստություն: Բայց երկինքը մի վայր է, որտեղ սուրբերը և՛ խնջույք են անում, և՛ աշխատում են:

Նրանք բազմած են Հայր Աստծո սեղանի շուրջ և ծառայում են Նրան Իր տաճարում: Նրանք ճաշակում են երկնային կերակուրը և տանում կատարյալ ծառայություն:

Հավատացյալը, ամեն օր Քրիստոսից ստացվող կերակուրով ուժ առնելով, աշխատանք է թափում Նրա համար: Մեզնից մի քանիսին դեռևս շատ բան կա իմանալու այն նպատակի մասին, որով Աստված մեզ է պարգևում Իր շնորհը: Մենք չպետք է թաքցնենք ճշմարտության թանկագին սերմերը, այնպես, ինչպես եգիպտական մումիաներում դարերով պահվում է ցորենը՝ աճելու հնարավորություն չունենալով: Մենք պետք է սերմենք այն ու ջրենք:

Ինչի՞ համար է Աստված ծարաված երկրի վրա անձրև ուղարկում և նվիրում արևի լույսը: Արդյոք նրա համար չէ՞ այն, որ երկրին օգնի կերակուր աճեցնել մարդու համար: Այդպես էլ Աստված ուժ է տալիս ու լիացնում մեր հոգիները, որպեսզի հետագայում մենք մեր նորոգված ուժերն օգտագործենք Իր փառքի մեծարման համար: