Այս տարվա համար անհրաժեշտ մեր քարտեզն ու կողմնացույցը. Լեոնարդ Ռավենհիլ

Այս տարվա համար անհրաժեշտ մեր քարտեզն ու կողմնացույցը. Լեոնարդ ՌավենհիլԱռանց որակավորված գիդի ոչ մի լեռնագնաց անգամ չի փորձի ստանձնել նման քայլ, ինչպիսին է Էվերեստ լեռան նվաճումը:

Նախքան Հիմալայների գագաթներին հասնելը, որոնք պարուրված են մառախուղներով ու բքերով, լեռնագնացը նախ պետք է հաղթահարի սառույցով ծածկված անտառներն ու խուլ տեղերը:

Ամեն լեռնագնաց գիտի, որ մի քայլ է իրեն բաժանում մահից: Նա կարող է լավագույնս պատրաստված լինել, նրա քարտեզն ու կողմնացույցը կարող են ամենաճշգրիտը լինել, բայց իրեն, միևնույնն է, գիդ է անհրաժեշտ:

Ժամանակակից նավերը հագեցած են ռադարներով. որոշների վրա կա նաև խորաչափ: Այդ մեխանիզմները պատասխանատու են քարտեզի ու կողմնացույցի ճշգրտության համար, բայց որոշակի պահերին նավերի վրա, միևնույնն է, անհրաժեշտ է փորձառու նավատար (բոցման):

Արդյոք կհամարձակվե՞նք մենք ինքնուրույն հետևել հոգևորի բարձունքներին այս տարի՝ առանց Աստծո Խոսքի քարտեզի և Սուրբ Հոգու առաջնորդության: Արդյոք կյանքի ծովն այս տարի մեզ համար կլինի՞ պակաս վտանգավոր, քան Ատլանտյան մոլեգնող օվկիանոսը:

Լավ կլինի, եթե այս՝ շատերի համար որոշիչ տարվա սկզբում մենք Հոբի հետ միասին ասենք. «Նրա շրթունքների պատվիրանքներից չեմ շեղվել, իմ կանոնիցն ավելի պահեցի նրա բերանի խոսքերը» (Հոբ 23.12):

Երկրագնդի շատ ծայրերում Աստծո Խոսքը մեղադրում են՝ այրում կամ արգելում: Պատմությունը կրկնվում է: Բայց Աստծո Խոսքը հավերժական է ու անսխալական:

Անգամ այս գերգիտական դարում մենք ներում չունենք Աստվածաշնչի առջև: Դա մարդու համար Աստծո վերջնական խոսքն է: Ներկայումս դա միակ Աստծո խոսքն է՝ ուղղված մարդուն: Դա միակ անսխալ հայտնությունն է անսխալական Աստծո՝ սխալական մարդու համար:

Ամեն հասարակություն, որ հնազանդվում է Աստվածաշնչի 10 պատվիրաններին, կարող է կանգուն մնալ: Ցանկացած հասարակություն, որը չի հնազանդվում Աստվածային կարգին, անկում կապրի, անգամ չնայած ֆինանսական բարգավաճմանը կամ ռազմական օգնությանը:

Կենդանի Աստծո օրհնյալ խոսքը ավելին է, քան պարզապես տեքստերով գիրք: Աստվածաշունչը միակ ուղեցույցն է, որը քարտեզի նման ուղղորդում է ամեն մարդու կյանքը, ով իր երեսը դարձնում է դեպի երկնային քաղաքը:

Ուխտագնաց քրիստոնյայի ճանապարհն անցնում է դեպի լեռները տանող ճանապարհով, որտեղ ամենը, ինչի վրա կարող է նա ապավինել՝ Աստծո Խոսքն է: Աստծո զավակը պետք է տանի օրվա ծանրությունն ու տապը, և մխիթարության ջրհորը, որից նա պիտի հագեցնի իր ծարավը, մշտապես Աստծո Խոսքը պետք է լինի:

Քրիստոնյաները գիտեն, որ դիմակայության ու հոգևոր ընթացքի համար երեք զորություն է անհրաժեշտ հաղթահարել. աշխարհ, մարմին և սատանա: Այս զորավոր թշնամիներին հակառակվելու համար Աստված արդեն իսկ շնորհել է մեզ իր զորավոր ուժերը. Քրիստոսի արյունը, Սուրբ Հոգին և Աստծո Խոսքը:

Քրիստոնյայի մկանները լարվում են այն բեռը կրելու ժամանակ, որը Հոգուց է շնորհված:

Սատանան՝ մարդկային հոգիների թշնամին, ամեն անշուք թավուտներից կրակում է ուխտագնացների վրա: Պատասխան հակահարվածը պետք է կատարվի նույն զենքից, որ օգտագործում էր Ինքը՝ Քրիստոսը. «Քանզի գրված է…»: Մենք սատանային հաղթում ենք Գառան արյունով և մեր վկայության խոսքով: Նաև մենք պետք է ունենանք Հոգու Սուրը:

Քրիստոնեության մեջ միակ խնդիրը կյանքի ընթացքն է: Հիանալի քրիստոնյա դառնալու համար պետք չէ լինել աստվածաբան, ով ունի թրի պես սուր միտք: Աստծուն արժանի կյանքով ապրելու համար մենք նախևառաջ պետք է կարդանք Խոսքը և հետո նոր հնազանդվենք Նրան: Սա էլ նշանակում է, որ պետք է գործի դնենք Աստծո Խոսքը. գիտելիքը պետք է վերածվի գործողության:

Այդ պատճառով այս գալիք տարում եկեք իմաստությամբ ընթերցենք Աստվածաշունչը, սրբությամբ գործի դնենք նրանում գրված խոսքը և օրհնությամբ հնազանդվենք այդ խոսքին: