Նայիր քեզ Նրա աչքերով

Տես քեզ Նրա աչքերովԿողոսացիս 3.2 – «Վերինները մտածեցեք, ոչ թե երկրի վրայինները»:

«Աստված քեզ ստեղծելիս սխալ չի գործել: Դու կարիք ունես քեզ տեսնելու այնպես. ինչպես Աստված է քեզ տեսնում»։ Ջոել Օսթին

Կարծում եմ` շատերն են հարցնում իրենք իրենց` «Տեսնես ինչո՞ւ է Աստված ինձ այսպես ստեղծել, ինչո՞ւ է ինձ հենց այսպիսի արտաքինով ստեղծել, ինչո՞ւ է տվել այսպիսի բնություն, ինչո՞ւ հենց այս երկրում, ինչո՞ւ այսպիսի կարգավիճակում» և այլն։

Աստված մարդուն կատարյալ ստեղծեց. դա էր Աստծո ծրագիրը մարդու համար։ Այսօր էլ Աստված մարդուն տալիս է այդ հնարավորությունը՝ ընտրել կատարելության ճանապարհը և այդ ճանապարհով գնալ դեպ Իրեն։

Ուզում եմ հայտնել քեզ, որ դու կատարյալ ես ստեղծված, մի՛ թերագնահատիր Աստծո ստեղծագործությունը։ Մարդը Աստծո հետ ամեն բան է, իսկ առանց Աստծո՝ պարզապես ոչինչ, ապրիր Աստծո հետ և դու կունենաս այն, ինչի պակասը զգում ես քո կյանքում։

Քաջալերում եմ, որ քեզ նայես Աստծո աչքերով, այլ ոչ թե քո հասկացողությամբ և այս աշխարհի հայացքով, որովհետև մենք սամանափակ ենք տեսնում իսկ Աստծո համար սահմաններ գոյություն չունեն։ Երբ մենք փնտրում ենք «վերին բաները», ապա առաջին և ամենակարևոր բանը, որ գտնում ենք մեզ համար, հենց ինքը Աստված է։ Երբ գտնենք Նրան, մենք այլևս չենք կարող իրավիճակներին և մեզ նայել մեր մարմնավոր տեսողությամբ։

Երբ Նա Իսրայել ազգին ասաց գնացեք և գրավեք Քանանի երկիրը, նրանք գնացին և տեսան, թե որքան լավ երկիր է այն, բայց միևնույն ժմանակ տեսան այդ երկրի զորությունը և վախեցան նրանց հետ պատերազմելուց։ Եվ այդպիսով. նրանք վախ տարածեցին իրենց տեսածի հիման վրա, բայց եթե իրավիճակին նայեին Աստծո աչքերով, ստիպված չէին լինի 40 տարի դեգերել անապատում, որովհետև, ի վերջո, շատ տարիներ անց, միևնույն է, նրանք պատերազմեցին և հաղթեցին այդ բոլոր ուժեղ թվացող ազգերին և թագավորներին, որովհետև այդ ժամանակ կային մարդիկ, ովքեր նայեցին իրավիճակին Աստծո աչքերով։

Քո հաջողությունը, երջանկությունը և հաղթությունը մի՛ կապիր քո իմացության և գեղեցկության հետ, մի՛ կապիր քո դիրքի և կարողության հետ, որովհետև այդ ամենը ժամանակավոր և անցողիկ են: Չունենալով կամ կորցնելով վերոնշյալը՝ դու կարձանագրես պարտություն և անհաջողություն։

Բ Կորնթացիս 4.18 – «Որ այս երեւող բաներին չենք մտիկ անում, այլ աներեւոյթներին. որովհետեւ երեւողները ժամանակաւոր են, իսկ չերեւողները յաւիտենական»։

Եթե քո հաջողությունն ու երջանկությունը տեսնես Աստծո մեջ, ապա ամեն իրավիճակի կնայես Նրա տեսանկյունից և այդ ժամանակ միշտ կարձանագրես հաղթություն քո կյանքում, որովհետև Աստված երբեք չի սխալվում և երբեք չի պարտվում։

Լավ է իրավիճակին նայել Աստծո աչքերով, որովհետև Աստված սահմանից այն կողմն էլ է տեսնում։

Արտավազդ Թադևոսյան