Սուրբ Ծնունդ, ոչ թե կարմիր աքաղաղ

Սուրբ Ծնունդ, ոչ թե կարմիր աքաղաղՀայաստանը տոնում է Նոր Տարին և Սուրբ Ծնունդը… տարօրինակ ձևով: Կրպակներում, խանութներում, համարյա թե ամենուր վաճառվում են կարմիր աքաղաղի պատկերով օրացույցներ, նմանատիպ հուշանվերներ, խաղալիքներ և այլն:

Համատարած կարմիր աքաղաղի թեմայով նկարների և ապրանքների կհանդիպեք, իսկ համացանցում, շատ ամսագրերում ու թերթերում գրված են տարբեր գուշակություններ այն մասին, թե ինչ է սպասվում հորոսկոպի նշաններին կարմիր աքաղաղի տարում, և այլն, և այլն… Փաստորեն հայերիս մեջ դրա մեծ պահանջարկ կա:

«Ի՞նչն է այստեղ տարօրինակ»,- գուցե հարցնեք դուք, և ես չեմ զարմանա, եթե շատերն այդ հարցը տան, քանի որ առաջինը քրիստոնեությունը պետական կրոն ընդունած ու դրանով հպարտացող ազգի մեջ հասարակ երևույթ է դարձել Քրիստոսի ծննդյան տոների մոտենալու և նոր տարվա նախաշեմին իղձերի իրականացումը ակնկալել ոչ թե Արարչից, Ում նմանությամբ ու պատկերով ստեղծված է ակնկալողը, այլ արևելյան հակաքրիստոնեական կրոնների գազանանոցի տարբեր ներկայացուցիչներից:

Եվ հայ քրիստոնյան, հավատալով, որ ինքը ծնվել է այս կամ այն գազանի տարում, կամա, թե ակամա իրեն պատկերացնում է դրա նմանությամբ ու պատկերով, ու 2016 թվականի կապիկից հիասթափված՝ հույս փայփայում, որ այս տարվա աքաղաղը իրեն կօգնի:

Գիտեք, ըստ Աստվածաշնչի, եթե մարդը հույս է կապում ոչ թե Արարչի, այլ որևէ արարածի հետ, նա ինքն է իրեն զրկում Աստծո պաշտպանությունից ու օրհնությունից:

Հիշեցնեմ, որ այնտեղ գրված բոլոր խոսքերը, ի տարբերություն հորոսկոպի կանխատեսումների, բացարձակ ճշմարտություն են և ազդում են մեր իրականության վրա Նյուտոնի օրենքներից էլ անխափան՝ անկախ այն հանգամանքից՝ հավատո՞ւմ ենք, թե՞ ոչ:

«Որովհետև Աստծուն ճանաչելով՝ նրան Աստծո պես չփառավորեցին՝ կամ շնորհակալ չեղան, այլ իրենց մտածմունքներումն ունայնացան, և նրանց անմիտ սրտերը խավարվեցան։ Ասելով՝ թե իմաստուն են՝ հիմարացան: Եվ անեղծ Աստծո փառքը փոխեցին եղծանելի մարդու և թռչունների և չորքոտանիների և սողունների պատկերի նմանության հետ» (Հռոմեացիս 1.21-23):

Ես էլ էի նախկինում հորոսկոպախտով տառապում, մինչև որ մի գեղեցիկ օր կարդացի Ավետարանը, և բացի ինձ առաջին քրիստոնյա երկրի քաղաքացի համարելուց, որոշեցի ընդունել նաև Քրիստոսին՝ որպես իմ անձնական Տեր ու Փրկիչ, թույլ տվեցի, որ Նա ծնվի իմ ապականված սրտի մեջ և մաքրի այն… Դրանից հետո իրոք հասկացա, թե ինչ է Սուրբ Ծնունդը և նոր, իրական կյանքը:

Եղե՜ք օրհնված Քրիստոսով, թույլ տվեք, որ Նա պարգևի ձեզ իրական Սուրբ Ծնունդ:

Լևոն Մարգարյան