Պահիր թարմության շունչը

Պահիր թարմության շունչըԱմանորյա տոներն ու արձակուրդները մնացին hետևում: Նորից սկսեցինք մտնել մեր առօրյա ընթացքի, գործի, զբաղվածության մեջ: Բայց կա մի բան, որ կուզենայի պահեինք…

Ամանորը բոլորս ենք դիմավորում մաքրությամբ ու թարմությամբ: Տները կոկիկ հարդարված, հնարավորինս լավ մաքրած, մարդիկ՝ գեղեցիկ հարդարված, բոլորի շուրթերին՝ շնորհավորանքներ, բարեմաղթանքներ, սիրալիր ու ջերմ խոսքեր:

Կարծում եմ՝ դեկտեմբերի 31-ից հունվարի գոնե 6-ը ամենաջերմ, ամենաբարի ու ամենադրական ժամանակաշրջանն է, երբ մարդկանց մեծամասնությանն ինչ-որ հեքիաթային բարություն է պարուրում:

Ու այսօր, երբ այդ օրերն արդեն անցյալում են, ուզում եմ՝ պահենք այն լավն ու դրականը, ինչ կար այդ օրերում, ուզում եմ՝ շարունակենք միմյանց ուրախացնել մեր ջերմությամբ ու սիրով, շարունակենք պահել ուրախությունը, շարունակենք ճիշտ որոշումներ կայացնել և հետևողական լինենք այդ որոշումների իրականացմանը, շարունակենք միմյանց ժպտալ ու նվերներ տալ, և որ ամենակարևորն է, շարունակենք ամեն օր տոնել Քրիստոսի Սուրբ Ծնունդը:

Թարմությունն այսօր առավել քան զգալի է, սակայն կա վտանգ, որ ինչ-որ բաներ կսկսեն հնանալ, գուցե տան ինչ-որ ծածուկ անկյուններում, որ բոլորի աչքից հեռու է, հայտնվեն սարդոստայններ, կա վտանգ, որ առօրյա հոգսն ու ֆինանսական խնդիրները կսկսեն քիչ-քիչ հեռացնել քո դեմքից ժպիտն ու ուրախությունը՝ քեզ գլորելով հոգսաշատ կյանքի հեղեղատը:

Պահի՛ր թարմության շունչը, թարմություն՝ քո հոգևոր կյանքում, քո աղոթքների մեջ, Աստծո հետ քո ուխտերի մեջ, մարդկանց հետ քո փոխհարաբերություններում….

Ինչ որոշումներ որ ունես, ինչ երազանքներ ու նպատակներ որ ունես 2017 թ-ի համար, ամուր բռնիր դրանք ու հետևողական եղիր, սկսիր կառուցել, արարել, ջերմացնել ու ժպիտներով լցնել քո միջավայրը ու երբեք թույլ մի՛ տուր, որ նախանձի, չկամության, բամբասանքի ու տխրության սարդերը սկսեն սարդոստայններ գործել ու դրանցով պատել սիրտդ:

Պահի՛ր Ամանորի ու Սուրբ Ծննդյան թարմության, սիրո ու ջերմության շունչը այսօր, վաղը ու ամբողջ տարին:

Արմեն Նիազյան