Հիսուսն է Սուրբ Ծնունդի իմաստը

cxyzd0rwqaamcek«Քրիստոս» բառը դեռևս շարունակում է մնալ «Christmas» (անգլ. Սուրբ Ծնունդ) բառի մի մասը, եթե դպրոցներում ընդհանրապես թույլ են տալիս կիրառել այդ բառը: Բայց դժվար է հասկանալ այս տոնի նշանակությունը, եթե նայենք մեր մշակույթին:

Սուրբ Ծնունդը վերանայվել է, աշխարհիկացվել այնքան անգամ, որ այլմոլորակայինը, ով ընկներ այս երկրի վրա մեր օրերում, բոլորովին չէր հասկանա, թե ինչ է նշանակում այս տոնը: Սա ձմեռային եղանակի տո՞ն է: Գնումների՞ տոն, թե՞ բևեռային սպիտակ արջերի, որ Կոկա-Կոլա են խմում:

Ես դեմ չեմ գնումներին ու նվերների փաթեթավորմանը, տանը տոնածառ դնելուն, հյուրերի հետ երեկույթներին: Բայց մենք կորցնում ենք մեր մեծագույն օրհնությունը, եթե մի կողմ չենք թողնում այդ աղմկոտ ու փայլուն շեղող բաները և չենք կենտրոնանում Նրա վրա, Ով ծնվել է մսուրի մեջ Բեթղեհեմում:

Տոների ընթացքում ես միշտ ջանում եմ կարդալ Ավետարաններում Քրիստոսի ծնունդը պատմող գլուխները: Նաև նորովի ուսումնասիրում եմ այդ պատմություններում Քրիստոսին տրվող անունները:

  1. Նա՝ Դավթի Որդին է (Մաթևոս 1.1):

Մաթևոսի Ավետարանը, որ գրվել է նախևառաջ հրեաների համար, ընդգծում է, որ Հիսուսը Իսրայելի արքաների տոհմից է: Մաթևոսում ներկայացված նրա ծննդաբանության մեջ ներկա է նաև Հովսեփը` Մարիամի ամուսինը: Եվ չնայած Հիսուսը Հովսեփի կենսաբանական որդին չէր, կարող էր օրենքով հավակնել ընտանեկան ազգանունը կրելուն: Նա Հուդայի թագավորն էր՝ ուղիղ իմաստով, այնուամենայնիվ, ի տարբերություն Իսրայելի մեղսավոր արքաների, Հիսուսը կատարյալ ղեկավար է, և Նրա թագավորությունը հավիտյան է լինելու:

  1. Հիսուսը՝ Ադամի Որդին է (Ղուկաս 3.38):

Ղուկասի Ավետարանը, որ գրվել է հրեա լսարանի համար, կենտրոնանում է Հիսուսի մարդկային բնության վրա: Իսկ ծննդաբանությունը, որ ներկայացվում է Ղուկասի 3.23-38-ում, վկայում է ոչ թե արքայական ծագման մասին, այլ ընդգծում այն փաստը, որ Հիսուսը առաջին մարդու հետնորդն է: Սուրբ Հոգու գերբնական աշխատանքի շնորհիվ Մարիամը Աստծո խոսքից հղիանում է, ինչը իր երեխային դարձնում է միաժամանակ և՛ մարդ, և՛ Աստված: Այնուամենայնիվ, Հիսուսը, ի տարբերություն Ադամի, երբեք անհնազանդություն չի դրսևորում Աստծո հանդեպ: Նա մնում է առանց մեղքի և կարողանում է իր կյանքը զոհել մեզ համար:

  1. Նա՝ Էմմանուէլն է (Մաթևոս 1.23):

Էմմանուէլ՝ նշանակում է «Աստված մեզ հետ է»: Այդ անվան մեջ է մարմնացման գաղտնիքը: Հիսուսը խոսքն էր, որ «մարմին դարձավ» (Հովհաննես 1.14): Նա Աստծո հետ էր աշխարհի ստեղծումից սկսած՝ ինչպես միածին Որդի, բայց Նա թողեց երկնքի փառքը, որ բնակվի երկրի վրա մեղավորների հետ:

  1. Նա՝ Հիսուս Փրկիչն է (Մաթևոս 1.21):

Հրեշտակը Մարիամին պատվիրում է, որ նա կծնի «սուրբ երեխայի» և կկոչի նրան Հիսուս, ինչը Եշուա անվան հունարեն տարբերակն է: Հիսուս՝ նշանակում է «Աստված փրկում է»: Նույն կերպ, ինչպես Նավեան Հեսուն Հին Կտակարանում, ով հետևում էր Մովսեսին, Աստծո ժողովուրդը անցկացրեց Հորդանանի միջով և տարավ Խոստացված երկիր, Հիսուսն էլ մեզ դուրս բերեց մեղքի անապատից և տարավ «շնորհի» ու «հավատքի» միջով (Եփեսացիս 2.8) փրկության խոստմունքի մեջ:

  1. Նա՝ խաղաղության Իշխանն է (Եսայիա 9.6):

Սա մեզ վերադարձնում է Եսայիա հնագույն մարգարեությանը, որ Մեսիան խաղաղություն կհաստատի երկրի վրա: Փաստորեն, Քրիստոսի պարգևը երբևէ կնքված խաղաղության մեծագույն համաձայնագիրն է: Որտեղ Քրիստոսի Ավետարանը քարոզվում և ընդունվում է, ատելությունը արմատախիլ է արվում մարդկանց սրտերից, և պատերազմներն ու բռնությունները ավարտվում են:

  1. Նա լույս է՝ հեթանոսներին լուսավորելու (Ղուկաս 2.32):

Հիսուսի առաքելությունը համաշխարհային է: Դրա հաստատություններից մեկը մոգերի այցելությունն ու երկրպագությունն էր, ովքեր եկել էին հեթանոս երկրից և ծնկել մանուկ Քրիստոսի առջև՝ պատվելով Նրան որպես արքայի:

  1. Նա Մեսիան է, Քրիստոս Տերը (Ղուկաս 2.11):

Այսպես է Քրիստոսին նկարագրում հրեշտակը, երբ հովիվներին Բեթղեհեմում հայտնում է Քրիստոսի ծնունդի մասին: Քրիստոս՝ նշանակում է «Օծյալ», եբրայերեն՝ Մեսիա: Այն խոսում է փրկչի մասին, ում Աստված խոստացել էր երկիր ուղարկել: Աբրահամը հեռվից էր տեսել Նրան:

Դավիթ արքան գովաբանում էր Նրան ու մարգարեանում Նրա գալստյան մասին: Եսայիան, Երեմիան, Եզեկիելը, Դանիելը, Միքիան, Մաղաքիան և շատ ուրիշ մարգարեներ խոսում էին նրա գալստի մասին: Նա օծված էր՝ մահանալու խաչի վրա մեր մեղքերի համար, և հարություն առնելու մեռելներից, որպեսզի մենք Նրա հետ հավիտյան ապրենք:

Սուրբ Ծննդյան հրաշքը միշտ եղել է և լինելու է Հիսուսի մեջ: Գտեք ժամանակ, որպեսզի չկորցնեք Սուրբ Ծնունդի իմաստը այն ամենի մեջ, ինչ ստեղծել է այսօր մեր մշակույթը, և վերականգնեք Ձեզ համար Նրա ծնունդի հրաշքը:

Ջեյ Լի Գրեյդի