Ի՞նչ նվիրել Հիսուսին Սուրբ Ծնունդին

Ի՞նչ նվիրել Հիսուսին Սուրբ ԾնունդինՄարդիկ իրար նվերներ են նվիրում Սուրբ Ծնունդին՝ մոռանալով այս տոնի իրական Հերոսի մասին: Իսկ ծնվել է Քրիստոսը, ոչ թե մենք:

Որտեղի՞ց է գալիս Սուրբ Ծնունդին իրար նվերներ տալու ավանդույթը, հատկապես երեխաներին: Այդ ավանդույթը Աստվածաշնչից է:

Ավետարաններում կարդում ենք, որ երբ Հիսուսը ծնվեց, մոգերը նվերներ բերեցին Նրա համար.

«Եվ երբ որ նրանք տեսան այն աստղը, մեծ ուրախությունով ուրախացան շատ։ Եվ երբ որ տունը մտան, գտան երեխային իր մայր Մարիամի հետ և ընկնելով երկրպագեցին նրան, և իրենց գանձերը բացին՝ ընծա տվին նրան՝ ոսկի և կնդրուկ և զմուռս» (Մաթևոս 2.10-11):

Ըստ արևելյան ավանդության՝ ոչ ոք չէր կարող մոտենալ արքային առանց նվերի: Այդպիսով, նվերները, որոնք ստացավ մանուկ Հիսուսը, ոչ թե Իր ծնունդի հետ կապ ունեին, այլ Նրան արքա ճանաչելու փաստի:

Նվերի նպատակը մարդուն հաճեցնելն է, նրան ուրախացնելը և նրա հանդեպ հարգանքի ցուցաբերումը: Իսկ հիմա եկեք մտածենք, թե ի՞նչը կարող է ուրախություն բերել Աստծուն: Ի՞նչը կարող է դրսևորել Քրիստոսի հանդեպ մեր սերն ու հարգանքը:

Եթե մտածում եք, որ Հիսուսի ծնունդին արժե հոգևոր նվերներ նվիրել, ապա դուք սխալվում եք: Դա հասկանալու համար եկեք նայենք Մաթևոս 25-րդ գլուխը:

«Եվ ամեն ազգերը կժողովվեն նրա առաջը, և նա նրանց կբաժանի իրարից, ինչպես հովիվը բաժանում է ոչխարներն այծերիցը. և ոչխարներն իր աջ կողմին կկանգնեցնի, իսկ այծերը՝ ձախ կողմին: Այն ժամանակ թագավորը կասի իր աջ կողմիններին. եկեք, ով իմ Հոր օրհնածները, ժառանգեցեք աշխարհքի սկզբից ձեզ համար պատրաստված թագավորությունը։ Որովհետև սովեցի, և դուք տվիք ինձ ուտել, ծարավեցի, և խմեցրիք ինձ, օտար էի, և ինձ ձեզ մոտ առաք, մերկ էի, և հագցրիք ինձ, հիվանդ էի, և ինձ այցելեցիք, բանտի մեջ էի, և ինձ մոտ եկաք։ Այն ժամանակ արդարները կպատասխանեն նրան և կասեն. Տե՛ր, ե՞րբ տեսանք քեզ սոված և կերակրեցինք, կամ ծարավ՝ և խմեցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ օտար՝ և մեզ մոտ առանք, կամ՝ մերկ՝ և հագցրինք։ Ե՞րբ տեսանք քեզ հիվանդ, կամ բանտի մեջ, և եկանք քեզ մոտ։ Թագավորն էլ կպատասխանի և կասի նրանց. ճշմարիտ ասում եմ ձեզ, որովհետև այս իմ փոքր եղբայրներից մեկին արիք՝ ինձ արիք»:

Աղքատներին ու տնանկներին օգնելով՝ դուք կատարում եք Հիսուսի հանձնարարությունը: Հիսուսի համար չկա ավելի մեծ ուրախություն, քան տեսնելը, որ Իր երեխաները լսում են Իր խոսքերը և հավատում Իր անվանը:

Եկեք այս Սուրբ Ծնունդին լցվենք Քրիստոսի սիրով և իրար ծառայենք՝ ոչ թե իրարից պահանջելով, այլ տալով: Հիսուսը սիրում էր տալ: Եկեք հետևենք Նրա թողած օրինակին և տոնենք Նրա հայտնությունը, որ մեզ բոլորիս տվեց նոր կյանք և հույս:

Ըստ bible-facts.ru-ի