Սուրբ Ծնունդ. ընտանեկան մթնոլորտ, որի մեջ թագավորում է Քրիստոսը. հարցազրույց Արմեն Լուսյանի հետ

Սուրբ Ծնունդ. ընտանեկան մթնոլորտ, որի մեջ թագավորում է Քրիստոսը. հարցազրույց Արմեն Լուսյանի հետ«Միտքս բերելով այն անկեղծ հավատքը, որ քեզանում է. որ առաջ քո Լոիդա տատումը և քո Եվնիկե մորումը բնակվեցավ, համոզված եմ, որ քեզանում էլ» (Բ Տիմոթեոս 1.5):

Պողոս առաքյալի այս խոսքերը՝ ուղղված Տիմոթեոսին, միանգամից ջերմացրեցին սիրտս, երբ սկսեցի զրույցը հավատքի մեջ զորավոր ու անկեղծ, հավատարիմ եղբոր հետ, ում շատերն են ճանաչում՝ որպես Խոսքի գիտակ, ավետարանական քրիստոնեության դիրքորոշումները տարբեր առիթներով սահուն, հստակ ու խելացի կերպով ներկայացնող մի երիտասարդի: Սակայն այն, ինչ հուզեց ինձ խելքից ու գիտությունից առավել, այն անկեղծությունն ու բարությունն էր, որ հիրավի փոխանցվել էր բարեպաշտ տատիկից ու մայրիկից:

«Կյանքի Խոսք» ավետարանական եկեղեցու մամլո խոսնակ Արմեն Լուսյանն է այսօրվա մեր զրուցակիցը:

- Հարգելի՛ Արմեն, հիշո՞ւմ եք ձեր գիտակցական կյանքի առաջին Սուրբ Ծնունդը: Իհարկե, ապրելով հավատացյալ ընտանիքում, պետք է որ յորաքանչյուր Սուրբ Ծնունդ էլ առանձնահատուկ եղած լինի Ձեզ համար, բայց ո՞րն էր այն Սուրբ Ծնունդը, երբ Դուք իսկապես թե՛ գիտակցաբար, թե՛ սրտով հասկացաք Քրիստոսի արած գործը և Նրա դերը Ձեր կյանքում: Այդ օրվա վերապրումներով կիսվեք մեզ հետ:

- Այնպես չէ, որ ես հավատացյալ ընտանիքում եմ մեծացել, բայց ունեցել եմ բարեպաշտ տատիկ, ու տատիկիս ազդեցությունը, հոգևոր առումով, մեծ է եղել թե՛ իմ, թե՛ քրոջս վրա: Նա է մեզ սովորեցրել «Հայր մեր» աղոթքը: Ու չապրելով հավատացյալների ընտանիքում՝ այդպիսի օր չէր լինում, որ ես և քույրս այդ աղոթքը չասեինք ու նոր միայն քնեինք: Տատիկս շատ աղոթող կին էր՝ զավակների համար, թոռների համար:

Եվ ամեն անգամ նրա հետ հանդիպելիս՝ մենք ձգտում էինք, որ նա մեզ համար աղոթեր, որովհետև այդ հավատքի հոգին մենք նրա վրա տեսնում էինք: Չեմ կարող ասել, թե նա Սուրբ Գիրքը լավ գիտեր, թե կրթված էր՝ քրիստոնեական առումով, բայց դե ժամանակներն էին այդպիսին: Մի բան գիտեմ, որ նա շատ աղոթող կին էր, ու հավատքի հոգի կար նրա վրա, և ինչ-որ բաներ նա փոխանցել է մեզ: Նրա ցանած հոգևոր սերմերն են, որ հետո պտուղ են տվել իմ մեջ:

Իհարկե, հետագայում նաև մայրս Քրիստոսին նվիրեց իր կյանքը ու նույնպես սկսեց աղոթքներով կանգնել իր զավակների համար, և այն տատիկիս ցանած հոգևոր սերմերը իսկապես սկսեցին աճել ու պտուղ տալ: Ինքս 18 տարեկանում՝ ուսանողական տարիներին եմ Հիսուսին ընդունել որպես Տեր: Որպես համալսարանական երիտասարդ՝ այդ ժամանակ լցված էի տարբեր գաղափարներով, փիլիսոփայական մտքերով, աշխարհի մասին իմ պատկերացումներն ունեի, որոնք այնքան էլ չէին համապատասխանում Սուբ Գրքին, բայց իբրև այդպիսին երբեք աթեիստ չեմ եղել. կարծում եմ՝ դա տատիկիս ազդեցությունից էր:

Եվ տասնութ տարեկանում, երբ հանդիպեցի հոգևոր և իմաստուն մի տարեց կնոջ, իմ կյանքում շատ բան փոխվեց: Հիշում եմ, որ հենց այդ երեկո կարդացի Հովհաննեսի Ավետարանը: Իհարկե, նա ինձ խորհուրդ չէր տվել ամբողջը միանգամից կարդալ, բայց ծարավս այնքան մեծ էր, որ ամբողջը մի շնչով կարդացի: Դա իմ առաջին երես առ երես հանդիպումն էր Աստծո Խոսքի հետ, որը իմ կյանքը, իմ մտածելակերպը հենց այդ օրը փոխեց: Իհարկե, աստվածճանաչողությունը, հոգևոր հասունությունը միանգամից չեն գալիս, դա ընթացք է, որ պիտի անցնես, բայց կան Աստծո հետ հանդիպումներ, որ մեկ օրվա մեջ մարդու կյանքում շատ բան են փոխում: Եվ այդպիսի մի օր էր ինձ համար հենց իմ ապաշխարության օրը:

Երբ կարդում էի Հովհաննեսի Ավետարանը, գիտե՞ք՝ ինչ հայտնություն ստացա. հասկացա, որ սա ճշմարիտ կերակուր է՝ մեղրի պես, և ամեն մարդ պետք է ուղղակի իր բերանը բացի և թույլ տա, որ այն լցվի իր ներսը: Դա դեռ Աստծուն չճանաչելով՝ իմ հայտնությունն է եղել: Եվ ես հասկանում եմ, որ միսն ու արյունը դա չհայտնեցին ինձ, այլ Աստված ինձ բացեց, և ես այդ ժամանակ Աստծո Խոսքը հենց այդպես մեղրի նման էլ ուտում էի:

Ապաշխարելուցս հետո հենց հաջորդ Սուրբ Ծնունդն ինձ համար եղել է առաջին գիտակցված, վերապրումներով լցված Սուրբ Ծնունդը: Հասկացել եմ, թե ինչ արեց Աստված մեզ համար Քրիստոսի ծնունդով: Եվ այսօր, երբ նայում եմ իմ կյանքին ու մտածում, թե ինչպիսին կարող էր այն լինել առանց Քրիստոսի, հասկանում եմ, որ անգամ բաղդատելու բաներ չեն դրանք՝ այդ երկու կյանքերը: Քրիստոսով լցված կյանքն իրական վայելք է՝ չնայած դժվարություններին ու խնդիրներին, որ բոլոր մարդիկ էլ անցնում են այս աշխարհում, բայց նա, ով Քրիստոսի հետ է անցնում այդ ճանապարհը, բոլորովին ուրիշ կյանք և ուրիշ արժեքներ ունի:

Սուրբ Ծնունդ. ընտանեկան մթնոլորտ, որի մեջ թագավորում է Քրիստոսը. հարցազրույց Արմեն Լուսյանի հետ- Եղե՞լ է, որ Սուրբ Ծնունդի օրը կանգնես ու հարցնես. «Հիսո՛ւս, ի՞նչ ես կամենում, որ նվիրեմ Քեզ», և հետո հասկանալով դա՝ կատարել ես:

- Քանի որ Սուրբ Ծնունդը համընկնում է տարեսկզբի հետ, ամեն անգամ ներքուստ ամփոփում ես անցած տարին ու նայում ես հաջորդ տարվան, որ քո առջև դրված է: Եվ ապաշխարությունից հետո, որպես քրիստոնյա, ես միշտ մտածում եմ, թե եկող տարի ի՞նչ կարող եմ անել Տիրոջ համար:

Ու ասում եմ. «Այո՛, Տե՛ր, այսօր Սուրբ Ծնունդ է, մենք տոնում ենք Քո ծնունդը, ուրախանում ենք նրանով, ինչ Դու ես արել մեզ համար, իսկ հիմա իմ առջև մի նոր տարի է կանգնած, ես ի՞նչ կարող եմ նախորդ տարվա համեմատ է՛լ ավելին անել Քեզ համար, Քո եկեղեցու համար, ի՞նչ նոր գործեր պետք է անել ու անել ավելի նորացված ձևով, ավելի նվիրված ու որակյալ ձևով: Ես ոչ թե հենց այդ օրվա, այլ ամբողջ տարվա կտրվածքով եմ հարցնում Տիրոջը:

- Արմեն, այժմ դու արդեն քո ընտանիքն ունես, քո երեխաները: Հաճա՞խ է լինում, որ գրկես նրանց ու պատմես Հիսուսի մասին, թե՞ նրանք պարզապես ձեր օրինակով են կրթվում ու որպես օրինաչափություն են ընդունում, ասենք, Սուրբ Ծնունդը տոնելը:

- Դե, փոքր աղջիկս` Աննան, դեռ շատ փոքրիկ է, թեև սիրում է, երբ իր համար աղոթում և օրհնում եմ: Մեծս՝ Ինեսան, յոթ տարեկան է արդեն, նա ունի իր մանկական Աստվածաշունչը: Եվ կար մի շրջան, երբ ամեն երեկո՝ քնելուց առաջ, ես կամ կինս նրա հետ միասին ժամանակ էինք անցկացնում իր Աստվածաշունչն ուսումնասիրելով. ամեն անգամ որևէ պատմություն էինք կարդում, միասին վերլուծում, թե՛ մենք, թե՛ ինքը կիսվում էինք այդ պատմություններից ստացած հայտնություններով: Կարելի է ասել՝ մի տարվա մեջ մի ամբողջ աստվածաշնչյան կուրս էինք անցնում իրար հետ: Եվ նա Աստծո Խոսքով քնում էր:

Այսպիսով՝ ոչ միայն Հիսուսի ծնունդի, այլև Հիսուսի մասին, Նրա հարության, արած գործերի և այլ բազում հոգևոր պատմություններ ենք մենք իրար պատմել ու քննարկել: Իսկ հիմա ավելի շատ կիսվում ենք, թե ինչպես Հիսուսը կվարվեր իր փոխարեն, ինչպես Հիսուսը կցանկանար, որ նա վարվեր կոնկրետ այս կամ այն իրավիճակում:

- Ունե՞ք ընտանեկան որևէ ավանդույթ՝ Սուրբ Ծնունդը կոնկրետ ձևով տոնելու:

-Մեր սուրբծննդյան ավանդույթը կայանում է նրանում, որ անպայման պետք է այն տոնենք եկեղեցում, որից հետո այդ տոնական մթնոլորտը շարունակվում է տանը՝ ընտանեկան պայմաններում: Մենք ընդհանրապես սիրում ենք ընտանիքով հավաքվել ու իրար հետ ժամանակ անցկացնել, առավել ևս՝ Սուրբ Ծննդյան օրը, քանզի այն ընտանեկան տոն է, այն պետք է ամբողջ ընտանիքով վերապրել՝ և՛ եկեղեցում՝ որպես Աստծո ընտանիք, և՛ անձնական ընտանիքով, որովհետև այդ օրը ևս մեկ առիթ է, որպեսզի Աստծո մարդն ասի՝ «Ես և իմ տունը ծառայում ենք Տիրոջը, ես ու իմ տունը Տիրոջն ենք պատկանում: Մենք ընտանիքով գիտակցում ենք այն, ինչ արել է մեզ համար մեր Փրկիչը, և Աստծո մեջ մեր ընտանիքի համար կա հույս, կա ապագա»:

Իհարկե, շատ լավ է, որ սեղան կա պատրաստված, բայց ամենակարևորն այն ընտանեկան մթնոլորտն է, որի մեջ թագավորում է Քրիստոսը: Ես չեմ սիրում, երբ Սուրբ Ծնունդն անցկացնում են այնպես, երբ ամեն ինչ կա, բացի Քրիստոսից: Դա մեր տարբերակը չէ: Մեր ընտանիքի համար դա յուրահատուկ տոն է, երբ կարող ենք, այո՛, նաև համեղ ճաշատեսակներ համտեսել, բայց ամենակարևորը՝ որ Քրիստոսը ներկա լինի այդ ամենի մեջ:

Ի վերջո՝ մենք Նրա ծնունդն ենք տոնում այդ ժամանակ: Մենք ամեն անգամ այդ օրը մեր շնորհակալությունն ու գոհությունն ենք հայտնում Տիրոջն այն ամեն բաների համար, որ Նա արել է մեզ համար և դեռ անելու է: Երբ դու հիշում ու գոհանում ես, թե Աստված ինչեր է արել քեզ համար ողջ տարվա ընթացքում, հասկանում ես, որ այն Աստված, Ով քեզ հանել է այս կամ այն իրավիճակից, Նրա ձեռքը չի կարճացել նոր հրաշքներ անելու քո կյանքում: Ու այդ ժամանակ փոխվում է մտածելակերպդ, թերահավատությունն իր տեղը զիջում է զորավոր հավատքի, հիասթափությունը՝ հույսի:

- Իհարկե, Սուրբ Ծնունդը ընտանեկան հրաշալի տոն է, բայց ես ուզում եմ մի հարց տալ քեզ՝ որպես նախկին զինծառայողի: Ամենաշատը ինչի՞ կարիքն ունի հայ զինվորը այս տոնական օրերին: Դու ինքդ Հայոց բանակում ծառայելու ընթացքում ինչի՞ էիր ամենաշատը սպասում:

- Զինվորի կյանքը սովորական կյանք չէ՝ լի է դժվարություններով ու պարտականություններով: Եվ երբեմն զինվորին այնքա՜ն քիչ բան է պետք լինում, որպեսզի նա իր առօրյայում իրեն ավելի լավ զգա, ավելի ոգևորված ու քաջալերված: Դա կարող է լինել մի նամակ, մի երկտող: Անգամ մի կարճ խոսքը՝ փոխանցված իրեն, կարող է նրա ամբողջ տրամադրությունն ու հոգեվիճակը փոխել:

Իմ ծառայության ընթացքում այդպիսի պահ եղել է: Մի անգամ մայրս շատ արագ-արագ թղթի մի կտորի վրա Աստծո Խոսքից մի համար էր գրի առել և ուղարկել ինձ՝ առանց իմանալու, թե ինչի եմ ես սպասում, և դա ինձ համար այնքա՜ն մեծ նվեր էր: Իրականում այդ մի Խոսքն ասես պատասխան լիներ Տիրոջից՝ լիովին փոխելու իմ իրավիճակը և իմ ներսը: Ես կարծում եմ, որ մանավանդ հավատացյալ զինծառայողի համար լավագույն նվերը կարող է լինել սրտանց աղոթքը և ուղարկված հավատքի մեկ խոսքը, որը կարող է այնպիսի՜ ներքին ուրախություն պարգևել:

Իսկ ուրիշ ի՞նչը կարող է ավելի մեծ նվեր լինել, քան ներքին ուրախությունն ու խաղաղությունը: Ցանկացած ֆիզիկական նվեր մի օր մաշվելու է, եթե լավ ուտելիք է, ապա երկրորդ օրը էլ չի լինելու, բայց Աստծուց եկող այդ ներքին ուրախությունն ու խաղաղությունը ամեն բան կարող են փոխել:

Զրուցեց Գոհար Ավագյանը