3 բան, որ ամեն քրիստոնյա պետք է ցանկանա գալիք տարում

christm

2016 թվականը մոտենում է իր ավարտին և 2017-ն արդեն մտնում է իր իրավունքների մեջ:

Նոր տարվա հետ գալիս են նոր հնարավորություններ, և իհարկե, նոր որոշումներ, որոնք մարդիկ կամ պահում են, կամ ոչ: Կա՞ մի բան, որին դու ուզում ես հասնել մյուս տարի:

Ցանկությունների աստվածաշնչյան ցուցակ.

Որպես քրիստոնյաներ՝ մեր անձնական ցանկություններից զատ, մենք պետք է ունենանք նաև մեր կոչմանը ու կանչվածությանը համապատասխան ցանկություններ գալիք տարվա համար: Վատ չէ ցանկանալ նոր գույք կամ նոր տուն ձեռք բերել եկող տարի, կամ առաջընթաց ունենալ աշխատավայրում, բայց մենք պատվեր ունենք «վերինները մտածելու, որտեղ Քրիստոսն է նստում Աստծո աջ կողմը» (Կողոսացիս 3.1-2): Մենք պատվեր ունենք՝ ցանկանալու լավագույն հոգևոր պարգևները Աստծուց: Մենք պետք է ձգտենք սրբությանը, առանց որի ոչ ոք Աստծուն չի տեսնի:

Կա երեք բան, որ մենք՝ որպես քրիստոնյաներ, պետք է խնդրենք ու սպասենք դրանց կատարմանը եկող տարում.

  1. Որ Աստծո կամքը կատարվի.

Աստծո կամքը միշտ բարի է, հաճելի ու կատարյալ, բայց մենք ինքներս չենք կարող ճանաչել այն. այդ պատճառով կարիք ունենք մեր միտքը նորոգելու՝ որպեսզի ճանաչենք այն: Եվ երբ հասկանանք Աստծո կամքը, կարող ենք ապրել այդ կամքին համապատասխան (Հռոմեացիս 12.2):

Ցավոք սրտի, այսօր կան շատ քրիստոնյաներ, ովքեր չգիտեն Աստծո կամքը, որովհետև նրանք դեռևս հին մտածելակերպով են ապրում: Այս աշխարհը երբեք չի կարող մեզ Աստծուն մոտեցնել, ոչ էլ Աստծո կամքը սովորեցնել, որովհետև աշխարհը Նրան չի ճանաչում:

Այդ դեպքում՝ մենք պետք է որոշում կայացնենք հետևելու Աստծուն և թույլ տալու, որ Նրա կամքը կատարվի մեր կյանքում: Աստծո կամքն է մեզ համար, որ մենք ավելի ու ավելի մոտենանք Քրիստոսին և կերպարանակից լինենք Նրան, որ կանգնենք արդարության, սրբության և ճշմարտության մեջ, որպեսզի ներկայացնենք Նրան այս երկրի վրա:

  1. Որ Աստված փառավորվի մեր կյանքերում.

«Եվ ամենի համար մեռավ, որ կենդանի լինողները այլևս ոչ թե իրենց անձերի համար կենդանի լինեն, այլ նրա համար՝ որ իրենց համար մեռավ և հարություն առավ» (Բ Կորնթացիս 5.15):

Այլ կերպ ասած՝ այն օրից, երբ Քրիստոսը մահացավ, որ մենք ապրենք, մենք պետք է ապրենք Նրա համար: Մեր փափագը Նրան մեր կյանքում առաջին տեղում դնելն է և Նրա փառքը որոնելը:

«Կգոհանամ քեզանից, Տեր՝ իմ Աստված, բոլոր սրտով և հավիտյան կփառավորեմ քո անունը: Որովհետև քո ողորմությունը մեծ է ինձ վրա, և դու փրկեցիր իմ անձը ներքևի դժոխքիցը» (Սաղմոս 86.12-13):

  1. Որ ամեն մարդ փրկվի և գա ճշմարտության գիտությանը.

Եթե մեր շուրջը կան անհավատ մարդիկ, ուրեմն մեր վրա կա պատասխանատվություն՝ նրանց ճշմարտության գիտությանը բերելու: Աստված ցանկանում է, որ դա կատարվի, և Նա կտա մեզ իմաստություն՝ անելու դա:

Որպես Աստծո մարդիկ՝ ովքեր ստացել են ողորմություն և շնորհ, մենք պետք է կամենանք, որ այդ ողորմությունն ու շնորհը հասանելի լինի նաև նրանց, ովքեր դեռ այն չեն ստացել: Եկեք փափագենք, որ մարդիկ մեր շուրջը ճանաչեն Տիրոջը՝ սկսած մեր ընտանիքներից և ընկերներից, և գործենք գալիք տարում Ավետարանի տարածման համար:

Ջ. Բ. Կաչիլա