Հանդիպում CrossNews.am-ի խմբագրությունում

Հանդիպում CrossNews.am-ի խմբագրությունումՕրերս CrossNews.am-ի խմբագրությունը հյուրընկալել էր հարազատ մարդկանց, ովքեր շարունակաբար օգնել ու իրենց նպաստն են բերել կայքի գործունեությանը:

Անկեղծ, ջերմ շփումը, գործնական քննարկումներն ու առաջարկությունները տոնական սեղանի շուրջ պարգևեցին ներկաներին դրական էմոցիաներ ու լցրեցին ապագայի նորանոր ծրագրերով:

Ամենահուզիչ ու տպավորիչ պահը շնորհակալագրերի հանձնումն էր, որ խմբագրությունը պատրաստել էր հրավիրվածներից յուրաքանչյուրի համար՝ ի նշան երախտագիտության կայքի հետ մշտապես սերտ համագործակցելու:

«Սա մի փոքր ուշադրություն է ընդամենը, դուք բոլորդ էլ շատ ավելիին եք արժանի: Բայց այս փոքրիկ շնորհակալագրերով մեր անկեղծ սերն ու գնահատանքն ենք ձեզ հայտնում: Այս խմբագրության դռները միշտ բաց են: Կարող եք ցանկացած ժամանակ գալ ու պատվել մեզ ձեր ներկայությամբ»,- նշեց կայքի գլխավոր խմբագիր Արմեն Նիազյանը:

Անի Էլոյան, Էսթեր Զաքարյան, Քրիստինե Աթոյան, Ռուբեն Կարոյան. նրանք բոլորն էլ ստացան իրենց շնորհակալագրերը և, իհարկե, իրենց սրտի խոսքը փոխանցեցին մեզ:

«Շատ ժամանակ չենք արտահայտվում, բայց ձեր աշխատանքն ու նվիրվածությունը իսկապես խոնարհումի է արժանի»,- ասաց Ռուբեն Կարոյանը խմբագրության ներկայիս աշխատակիցներին: Ի դեպ՝ նա մեզ հետ համագործակցում է՝ հեղինակային նյութեր և բանաստեղծություններ ուղարկելով, որոնք կարող եք գտնել մեր կայքում:

Էսթեր Զաքարյանն ու Քրիստինե Աթոյանը մեզ աջակցում են թարգմանական հարցերում: Նրանք իրենց ոգևորությունը և պատրաստակամությունը հայտնեցին՝ ավելի հաճախ համագործակցելու մեզ հետ:

Իսկ Անի Էլոյանը  CrossNews.am-ի ստեղծման վկան է, նա կայքի աշխատանքներին մասնակցել ու հավատարմորեն աջակցել է հենց ստեղծման օրից սկսած ու մինչ այժմ էլ պարբերաբար իր սիրո դրսևորումներով շարունակում է ջերմացնել մեր սրտերը:

Իհարկե, մեզ օգնող ու աջակցող մարդիկ այսքանը չեն միայն, թերևս հրավիրվածներից առանձնացնենք նաև Լենա Սեդրակյանին, ով տարիներ շարունակ հավատարմորեն մեր կողքին է, սակայն հանդիպմանը ներկա գտնվել չկարողացավ:

CrossNews.am քրիստոնեական լրատվական կայքի խմբագրությունը ևս մեկ անգամ շնորհակալություն է հայտնում բոլոր համախոհներին ու համագործակիցներին և հույս հայտնում, որ հաջորդ տարի այս բարի գործի համար մեր միաբան աշխատանքը շատ ավելի բուռն ու արգասաբեր կլինի: