CrossNews.am-ի միջոցով ես գտա Աստծուն. Նամակ ընթերցողից

CrossNews.am-ի միջոցով ես գտա Աստծուն. Նամակ ընթերցողիցՕրեր առաջ CrossNews.am կայքի մի հրապարակմամբ հորդորեցինք ընթերցողներին ուղարկել մեզ վկայություններ, որ կատարվել են 2016 թ-ի ընթացքում: Ստացված վկայություններից մեկն անմիջականորեն վերաբերում էր կայքին.

«Ես քսաներկու տարեկան եմ ու թեև ամբողջ կյանքում ապրել եմ՝ հավատալով Աստծուն, բայց միայն երեք ամիս առաջ ճանաչեցի Նրան:

Ես ապրում էի երիտասարդներին շատ բնորոշ անգիտակից կյանքով, ունեի բազմաթիվ թուլություններ, կախվածություններ և շատ հաճախ էի ընկնում դեպրեսիայի մեջ: Ինձ համարում էի կործանված մարդ ու հանդգնում էի մեղադրել Աստծուն ինձնից երես թեքելու համար: Եվ նման մի իրավիճակում էլ Հայրը լուսավորեց ինձ, իմ միտքը և հոգին:

Շատ պատահաբար համացանցում նկատեցի ձեր կայքը և թերահավատորեն սկսեցի ուսումնասիրել: Հարցերիս պատասխանները մեկը մյուսի հետևից սկսեցին բացվել ինձ համար: Ես սկսեցի կարդալ Աստվածաշունչ, սկսեցի աղոթել անկեղծ ու մեծ հավատքով: Աստված իմ միջից հանեց իմ թուլությունները՝ ծխելը, ալկոհոլը, պոռնոգրաֆիան և այլն:

Հիմա ես այլ մարդ եմ, նոր մարդ ու թեև կատարյալ չեմ ու դեռ պայքարի մեջ եմ մեղքի հետ, բայց հիմա իմ կյանքում ունեմ Հիսուսին, ով  չի դադարում օգնել ու սիրել ինձ:  Հիմա ես գիտեմ, որ մենակ չեմ, իմ ամեն քայլում զգում եմ Աստծո ներկայությունը, նույնիսկ այն ժամանակ, երբ մեղք եմ գործում ու ինձ համարում անարժան անգամ աղոթելու, Հայրը իր զարմանահրաշ նշաններով ցույց է տալիս, որ պետք չէ հանձնվել, պետք չէ կոտրվել, այլ պետք է զինվել հավատքով ու շարունակել պայքարը մեր հոգու փրկության համար:

Վերջում ցանկանում եմ ևս մեկ անգամ մեծ շնորհակալություն հայտնել ձեզ, CrossNews.am, և ասել որ դուք եղաք այն միջոցը, որով Աստված ցույց տվեց ինձ իր ճանապարհը»:

Հ.Գ. Շնորհակալ ենք մեր ընթերցող Հարությունին անկեղծ վկայության և շնորհակալության համար: Մեր աղոթքն է, որ Աստված գործածի կայքը իր Խոսքի տարածման համար: