Երանելի է տալը, քան առնելը

Երանելի է տալը, քան առնելըԻմ ընկեր Փոլն իր եղբորից որպես սուրբծննդյան նվեր ավտոմեքենա էր ստացել: Եվ Սուրբ Ծննդյան նախօրեին, երբ Փոլը դուրս է գալիս իր գրասենյակից, տեսնում է, որ իր մեքենայի շուրջը փոքրիկ մի տղա է պտտվում ու հիանում:

- Սա ձեր մեքենա՞ն է, պարոն,- հարցնում է նա:

Իսկ Փոլը համաձայնության նշան է տալիս:

- Իմ եղբայրն է ինձ նվիրել այն Սուրբ Ծնունդին:

Տղան զարմացած էր:

- Դուք, այսինքն՝ նկատի ունեք, որ մեքենան ստացել եք ձեր եղբորից և ոչինչ չե՞ք վճարել դրա դիմաց: Ա՜խ, պարո՛ն, որքան ես կցանկանայի…

Դե՛, Փոլն ինքն էլ շատ լավ հասկանում էր, թե տղան ինչ կցանկանար. որ ինքն էլ նման հարուստ եղբայր ունենար:

Բայց այն, ինչ տղան ասաց, լիովին անսպասելի էր Փոլի համար:

- Ա՜խ, որքա՜ն ես կցանկանայի,- շարունակեց տղան,- ձեր եղբոր նման լինել:

Փոլը զարմացած նայում է իր զրուցակցին, որից հետո ներքին մղման ազդեցությամբ հարցնում է.

- Ուզո՞ւմ ես նստել:

- Այո՛, մեծ հաճույքով:

Կարճ պտույտից հետո տղան շրջվում է դեպի Փոլը ու փայլող աչքերով ասում.

- Պարո՛ն, չե՞ք կանգնի մեր տան դիմաց:

Փոլը մեղմ ժպտում է: Նրան կրկին թվում է, թե ինքը գիտի՝ ինչի մասին է մտածում իր զրուցակիցը:

Հավանաբար, նա ուզում է, որ բոլոր հարևանները տեսնեն, թե ինչպես է ինքը տուն վերադառնում շքեղ մեքենայով:

Այնուամենայնիվ, Փոլը սխալվում է:

- Կանգնե՛ք, խնդրում եմ, այստեղ՝ այս երկու աստիճանների մոտ,- խնդրում է տղան:

Նա բարձրանում է աստիճաններով: Մի քանի րոպե անց Փոլը կրկին լսում է նրա ոտնաձայները, սակայն այս անգամ նա շատ զգույշ էր իջնում, քանի որ ուսերին պահած իջեցնում էր իր հաշմանդամ կրտսեր եղբորը: Նա նստեցնում է նրան աստիճաններին, սեղմում կրծքին և ցույց տալիս ավտոմեքենան:

-Տեսնո՞ւմ ես, Բա՛դդի: Ամեն բան այնպես է, ինչպես ասում էի քեզ այնտեղ` վերևում: Նրա եղբայրը մեքենա է նվիրել նրան Սուրբ Ծնունդին, և նա մի ցենտ անգամ չի վճարել մեքենայի դիմաց: Մեկ օր ես անպայման քեզ նույնը կնվիրեմ… որպեսզի դու ինքդ կարողանաս ընտրել քեզ համար այն գեղեցիկ նվերներից, որոնք ես տեսել եմ ցուցադրված տոնական ցուցափեղկերին:

Փոլը դուրս է գալիս մեքենայից և հաշմանդամ տղային նստեցնում դիմացի նստարանին: Երջանկությունից փայլող ավագ եղբայրը զբաղցնում է հետևի նստարանը, և նրանք երեքով գնում են անմոռանալի սուրբծննդյան զբոսանքի՝ քաղաքով մեկ:

Այն նախատոնական երեկոյին Փոլը հասկացավ, թե ինչ նկատի ուներ Հիսուսը, երբ ասում էր. «Երանելի է տալը, քան առնելը…»:

Դեն Կլարկ