Բարի գործերն են իմաստավորում մեր օրը. պատմություն

Բարի գործերն են իմաստավորում մեր օրը. պատմությունՄի անգամ, երբ ես պատանի էի, հայրիկիս հետ հերթ էինք կանգնել՝ կրկեսի տոմս գնելու: Վերջապես մեր առջև մնաց միայն մեկ ընտանիք, որն էլ գրավեց իմ ուշադրությունը` հայրը, մայրը և նրանց 8 երեխաները: 12 տարեկանից ոչ մեծ այդ երեխաները այնքան զուսպ ու խելոք էին իրենց պահում:

Նրանց հագին նոր ու ժամանակակից զգեստներ չէին, բայց մաքուր էին ու կոկիկ: Հայրն ու մայրը միմյանց էին նայում սիրով ու ջերմությամբ լցված:

Իսկ փոքրիկները միմյանց հետ կիսվում էին սպասելիքներով, թե շուտով ինչ պիտի տեսնեն կրկեսում: Երևում էր, որ նրանք առաջին անգամ էին կրկես դիտելու:

Երբ դրամարկղի աշխատակցուհին հարցրեց, թե քանի տոմս է անհրաժեշտ, հայրը ուրախ ձայնով ասաց. «Ութ փոքրերի և երկու մեծերի տոմս՝ իմ ընտանիքի համար»:

Սակայն երբ աշխատակցուհին ասաց տոմսերի ընդհանուր գումարի չափը, ժպիտն ու ուրախությունը միանգամից սառեցին ընտանիքի հոր դեմքին: Կինը գլուխը կախեց: Ինչպե՞ս նրանք շրջվեին դեպի իրենց այնքան սպասող ու հիացական աչուկներով բալիկներին և ասեին, թե չեն կարող կրկես մտնել:

Մենք այդ ժամանակ նույնպես ֆինանսապես լավ վիճակում չէինք, բայց հայրս այդ պահին հանեց իր գրպանից գումար ու ցած գցեց: Ապա վերցնելով այդ գումարը գետնից՝ ասաց այդ ընտանիքի հորը. «Ներեցե՛ք, սա կարծես ձեր գրպանից ընկավ»:

Այդ տղամարդը, իհարկե, հասկացավ, թե ինչ էր կատարվել: Նա վերցրեց գումարը, և այն ձեռքում պահելով՝ ամուր սեղմեց հորս ձեռքն ու ասաց. «Շնորհակալությո՛ւն, շնորհակալություն պարոն, ձեր արարքն իսկապես շատ մեծ արժեք ունի իմ և իմ ընտանիքի համար»:

Մենք հայրիկիս հետ շրջվեցինք ու տուն վերադարձանք: Այդ երեկո մենք կրկես չդիտեցինք, բայց մեր օրը իզուր չանցավ…

Դեն Կլարկ