Քո ամեն մի արցունքը կարող է աղոթք լինել. Դեյվիդ Ուիլքերսոն

Քո ամեն մի արցունքը կարող է աղոթք լինել. Դեյվիդ ՈւիլքերսոնԼինում են ժամանակներ, երբ պետք է աղոթել բարձր՝ լացել ու աղաղակել, ուժգին երգել, ձայն բարձրացնել և չհանգստանալ, մինչև Աստված կպատասխանի: Վերջիվերջո, Ինքը՝ Հիսուսը, Գեթսեմանում աղոթք բարձրացրեց մեծ աղաղակով:

Սակայն այդ ամենը մենք կարող ենք անել՝ մի փոքր ձայն անգամ չհանելով: Մեր աղոթքները կարող են լինել նույն կերպ ջերմ, ուժեղ և գործող, անգամ երբ մենք չենք բարձրացնում մեր ձայնը: Այսպես եղավ Աննայի հետ, ով աղոթում էր Տիրոջը որդի ունենալու համար:

«Եվ նա աղոթք արեց տրտմալից հոգով դեպի Տերը և շատ լաց եղավ» (Ա Թագավորաց 1.10):

Թափելով իր սրտի ցավը Աստծո առջև՝ Աննան բարձրաձայն չարտաբերեց անգամ մեկ բառ, բայց նրա խորը աղաչանքը և սրտի մաքրությունն ու անկեղծությունը հուզեցին Երկինքը: Տերը օրհնեց այդ աղաչող կնոջը՝ նվիրելով նրան որդի՝ Սամուել մարգարեին, ով դարձավ Աստծո ձայնը Իսրայելում:

Աննայի նման մենք էլ ժամանակ առ ժամանակ կարող ենք լինել շատ թույլ, տրտում կամ ամաչկոտ, որպեսզի բարձրացնենք մեր ձայնը Աստծուն: Երբեմն այն ամենը, որ մենք կարող ենք անել, դա Նրա առջև լաց լինելն է:

Ես գիտեմ դա ինչ բան է: Հաճախ ես գնում եմ իմ ծածուկ սենյակը այնքա՜ն հոգնած ու տանջված, անտրամադիր ու տրորված՝ չիմանալով ինչ անել, և ոչինչ չեմ ունենում Տիրոջ առջև բերելու: Ամենը, ինչ ես կարողանում եմ, դա Նրա ներկայության մեջ նստելն ու կրկնելն է. «Աստվա՜ծ իմ, եղի՛ր ողորմած, օգնի՜ր ինձ: Ես Քո կարիքն ունեմ»:

Դավիթն այս իրավիճակը նկարագրում է սաղմոսում. «Ով Տեր, մի հանդիմանիր ինձ քո բարկությունովը և մի խրատիր ինձ քո սրտմտությունովը» (Սաղմոս 6.1):

Վշտերը, որ պատել էին Դավթին, այնքան ծանր էին, որ նա համոզված էր, թե Աստված բարկանում է իր վրա և անգթորեն պատժում է իրեն ինչ-որ ծածուկ մեղքի համար:

«Ողորմիր ինձ, Տեր, որովհետև տկար եմ ես, բժշկիր ինձ, Տեր, որովհետև իմ ոսկորները սարսափում են» (Սաղմոս 6.2):

Դավթի վիճակն այնքան ծանր ու անհույս էր, որ այն թուլացրել էր նրան ֆիզիկապես և խառնաշփոթ բերել անձի մեջ.

«Եվ իմ անձը շատ սարսափած է, և դու, ով Տեր, մինչև ե՞րբ» (Սաղմոս 6.3):

Դավիթը չէր կարողանում հասկանալ, թե ինչու Աստված այդքան երկար ժամանակ չէր ազատում իրեն: Նա աղաղակում էր. «Տե՛ր, ե՞րբ դու կհանես ինձ այս վշտերից»:

«Ես վաստակած եմ իմ հառաչանքներովը. բոլոր գիշերը լվանում եմ իմ անկողինը և արտասուքներովս թրջում եմ իմ մահիճը։ Տրտմությունից մաշվեցավ իմ աչքը, հնացավ իմ նեղացնողների պատճառովը» (Սաղմոս 6.6-7):

Նա լաց էր լինում ողջ գիշեր, ի վիճակի չէր հանգստանալու և քնելու:

Եվ վերջապես Աստված տալիս է Դավթին հայտնություն, որն այնպես է ոգեշնչում նրան, որ նա կանգնում ու հրամայում է իր դիվային թշնամիներին.

«Հեռացեք ինձանից, ով բոլոր անօրենություն գործողներ, որովհետև Տերն իմ լացի ձայնը լսել է» (Սաղմոս 6.8):

Ինչպե՞ս Դավիթը կարողացավ ստանալ այս հայտնությունը. հայտնությունը եկավ, քանի որ Աստված լսեց նրա լացը.

«Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը» (Սաղմոս 6.9):

Դավթի ամեն մի արցունքը աղոթք էր: Նրա յուրաքանչյուր հոգոցը լսվել էր Երկնքում:

Մեր Տերը հավատարիմ է, որպեսզի լսի ողբը նրանց, ովքեր կանչում են Իրեն: