Մայր Թերեզայի ստեղծած խաղաղության քաղաքը

Մայր Թերեզայի ստեղծած խաղաղության քաղաքըԸստ ավանդության՝ Հնդկաստանում բորոտությունը համարվում էր Աստծուց ուղարկված պատիժ, և, հետևաբար, հիվանդը պետք է համբերատարությամբ տաներ տառապանքն ու հաշտվեր այդ հիվանդության հետ: Բորոտ մարդկանց, հատկապես Հնդկաստանում, դժվար թե որևէ մեկը երանի տար: Հասարակությունը շրջվում էր նրանցից, նույնիսկ եթե նրանք կրթված և հարուստ մարդիկ էին: Մեկ ակնթարթում նրանք կորցնում էին ամեն բան՝ և ընտանիք, և աշխատանք: Այդպիսի մարդիկ ստիպված էին լինում դռնեդուռ ընկնել կերակուր հայթայթելու համար: Նրանք ապրում և մահանում էին կենդանիների պես:

Աշխարհում մոտավորապես 4 միլիոն բորոտ կա, որոնցից 3 միլիոնն ապրում են Հնդկաստանում: Միայն Կալկաթայում բորոտությունից մահացել է 500 հազար մարդ: Այդ հիվանդությունից հետզհետե վարակվում են մատները, ձեռքերը, ոտքերը, դեմքը և, մինչև իսկ, անճանաչելիության աստիճանի այլանդակվում է մարդկային կերպարանքը:

Երբ Մայր Թերեզան փորձում էր մարդկանց բացատրել, որ բորոտությունը Տիրոջ անեծքը չէ, այլ մի սովորական հիվանդություն, որը հիմնականում հնարավոր է բուժել, նա հանդիպում էր տարակուսանքի և անտարբերության սառը պատի: Այդ ժամանակ նա ինքը սկսեց բորոտների համար պատրաստել փոքրիկ բնակավայրեր երկաթգծի ճանապարհից հեռու, որտեղ նրանք հնդկեղեգից խրճիթներ էին կառուցում, ձեռքերի համար վիրակապեր, հագուստներ և դեղորայքի պայուսակներ էին պատրաստում:

Մայր Թերեզան փորձում էր բորոտներին լիակատար կյանքի և աշխատանքի հնարավորություն տալ: Քույրերը բորոտներին սովորեցնում էին կոկոսի կեղևից հուշանվերներ պատրաստել: Իսկ կեղևները փողոցներից հավաքում էին անտուն երեխաները:

Մայր Թերեզան հիմնադրեց մի կազմակերպություն «Քո բարությամբ դիպչիր բորոտներին» անվանումով: Այն մեծ հաջողության հասավ բազմամիլիոնանոց Կալկաթայում: Հնդկաստանի կառավարությունը գթության քույրերի միաբանությանը հատկացրեց 34 ակր մակերեսով տարածք, Կալկաթայից 200 կմ հեռավորությամբ գտնվող Ասանսոլ քաղաքի մոտակայքում: Մայր Թերեզայի ղեկավարության ներքո հավաքված զոհաբերություններով այդտեղ բորոտների համար մի քաղաք կառուցվեց, որն անվանվեց «Շանտի նագար», ինչն էլ թարգմանաբար նշանակում է Խաղաղության քաղաք:

Մայր Թերեզայի ստեղծած խաղաղության քաղաքըԱյն միանգամայն մեծ ինքնապահովող բնակչություն ունի, որտեղ բորոտներն ապրում և աշխատում են խանութներում ու դաշտերում, ինչպես սովորական քաղաքացիները: Բորոտների ընտանիքներում ծնված երեխաները հաճախում են դպրոց և ստանում բուժօգնություն, եթե վարակի սպառնալիք է առաջանում:

Բորոտների հետ ձեռք ձեռքի աշխատում են նաև առողջ կամավորականները: Վերջիններից մեկն ասել է. «Բորոտները կարող են սարսափելի և այլանդակ թվալ, բայց նրանք նույն մարդկային ողջամիտ արարածներն են, որոնք պատրաստ են մեծ սեր ցուցաբերել»:

Երբ Կալկաթայի կառավարությունը հրամանագիր արձակեց՝ բորոտներին ստիպողաբար վերացնելու վերաբերյալ, Մայր Թերեզան ելույթ ունեցավ իր որոշիչ բողոքով: «Ես նրանց կսովորեցնեմ կարգավորել որդեծնությունը բնական մեթոդներով: Ես կվերցնեմ և կդաստիարակեմ ամեն մի երեխայի, որը լույս աշխարհ կգա բորոտների ընտանիքներում: Չի կարելի ոչնչացնել այն ամենը, որն Աստված այդքան հիասքանչ կերպով ստեղծում է մարդու մեջ»,- հայտարարում է Մայր Թերեզան և վարվում ճիշտ այնպես, ինչպես որ ասել էր:

Արդյունքում՝ կառավարության հրամանագիրը չեղյալ համարվեց: Գթության քույրերի միաբանության գրասենյակ եկավ բորոտությամբ հիվանդների մի ամբողջ պատվիրակություն՝ Մայր Թերեզային և մյուս քույրերին շնորհակալություն հայտնելու նրանց ցուցաբերած օգնության և աջակցման համար:

Երբ Մայր Թերեզան մեկնում էր հեռու ճանապարհորդության, նա իր հետ վերցնում էր ձեռագործ մի կոպիտ զամբյուղ, որտեղ դնում էր անհրաժեշտ իրերը: Նա երբեք չէր բաժանվում այդ զամբյուղից, կարծես դա լիներ աշխարհի ամենաթանկ իրը: Այդ զամբյուղը նրան էին նվիրել իր «սիրելի երեխաները»՝ հնդիկ բորոտները: Նա պահպանում էր այդ նվերը՝ հասկանալով, թե որքան դժվար է եղել այն պատրաստելը բորոտի խեղված և տկար ձեռքերով: