Մի քրիստոնյա մոր կյանքի պատմությունը. Ուեսլիների մայրը

Մի քրիստոնյա մոր կյանքի պատմությունը. Ուեսլիների մայրըՍուսաննա Ուեսլին (1669-1742) միշտ կմնա հիշողություններում՝ որպես Ջոն և Չարլզ Ուեսլի եղբայրների մայրը: Նրանց միջոցով եկած հոգևոր արթնությունը ցնցեց ողջ Անգլիան և իր հետևից բերեց արմատական փոփոխություններ հասարակության մեջ:

Ոչ միայն բարձրացավ բարոյական, սոցիալական, տնտեսական կյանքի մակարդակը այդ երկրում, այլև դրանց դրական արդյունքը հասավ աշխարհի այլ ժողովուրդներին: Քրիստոնեական շատ հարանվանություններ Ջոն Ուեսլիին ընդունում են՝ որպես հոգևոր հայր, իսկ նրա եղբոր Չարլզ Ուեսլիի հոգևոր հիմները երգում են մինչ այժմ:

Սուսաննան շատ բան է վերապրել իր կյանքում: Նրա ունեցած 19 երեխաներից տասը դեռ մանուկ հասակում մահացել են: Նրա ամուսինը մշտապես պարտքերի ու խնդիրների մեջ էր: Նրանք ապրում էին հասարակ վայրերում, ծանր պայմաններում:

Սուսաննան սիրում էր Աստծուն և գրքեր: Ուներ լավ պատրաստվածություն և կրթություն, և այդ ամենը նա ներդրեց իր երեխաների կրթական, ֆիզիկական և հոգևոր դաստիարակության մեջ:

- Սամուե՜լ, Սամուե՜լ, որտե՞ղ ես,- կանչում էր մտահոգ Սուսաննան, մինչ փնտրում էր նրան տան բոլոր անկյուններում: Նա շատ էր մտածում իր ավագ որդու՝ Սամուելի մասին, քանզի նա գրեթե 5 տարեկան էր, բայց դեռ չէր կարողանում անգամ մեկ բառ արտաբերել:

Երեխան խելացի տեսք ուներ: Սուսաննան հույս ուներ, որ երբ նա քույրիկներ ու եղբայրներ ունենա, վերջիններս կօգնեն ավագ եղբորը խոսելու հարցում: Բայց այդպես չեղավ:

- Որտե՞ղ ես, Սամուե՛լ,- մի հերթական անգամ էլի լսվում էր Սուսաննայի մտահոգ ձայնը, ով որոնում էր որդուն: Եվ հանկարծ խոհանոցի սեղանի տակից նա լսում է անծանոթ երեխայի ձայն.

- Ես այստեղ եմ, մայրի՛կ:

Սուսաննան նայում է սեղանի տակ ու տեսնում ժպտերես Սամուելին՝ մուրաբայով պատված դեմքով, ձեռքին էլ՝ կատու: Այսպես նրանց առաջնեկը արտաբերեց իր կյանքի առաջին բառերը:

Այդ պահից սկսած նա այլևս չէր փակում իր բերանը, շատ հարցեր ուներ, շատ ասելիք: Հաջորդ շաբաթ մայրն արդեն նրան սովորեցնում է «Հայր մեր» աղոթքը: Իսկ ծննդյան 5-ամյակի օրը նա որդուն ասում է, որ հաջորդ օրվանից պետք է սովորի կարդալ: Առավոտյան կանչում է նրան իր մոտ, ու այդպես ամեն առավոտ նրանք սովորում են ու սովորում:

Երբ երեխան արդեն կարողանում էր կարդալ, մայրը նրան սովորեցնում էր հաշվել, գրել և այլն: Այդպես նա տնային պայմաններում սովորեցնում էր իր երեխաներին գրագիտության:

Աշխարհին է հայտնի Սուսաննայի մեծ ազդեցությունը իր զավակների վրա, որոնք հետագայում դարձան Աստծո հզոր ծառայողներ, արթնության հայրեր: Բրիտանական հանրագիտարանում կարդում ենք. «Սուսաննայի երեխաներին դաստիարակելու ձևը, նրա գեղեցկությունն ու արդյունավետությունը մեծագույն ազդեցություն են ունեցել իր զավակների հետագա կարիերայի վրա»:

Մի քրիստոնյա մոր կյանքի պատմությունը. Ուեսլիների մայրըՍուսաննան ծնվել է Լոնդոնում, 1669 թ-ին: Նա ամենափոքրն էր 25 երեխաներից: Նրա հայրը հայտնի հովիվ էր բողոքական եկեղեցում: Դրանք ծանր քաղաքական և կրոնական պայքարի ժամանակներ էին: Նա մանկուց լուռ լսում էր, թե ինչ են ասում մեծերը, սովորում էր, մտածում և անում իր եզրակացությունները: Քնքուշ էր և հարգալից:

Եվ ամեն օր աղոթում էր միևնույն աղոթքը. «Թանկագի՛ն Տեր, առաջնորդիր ինձ և արա այնպես, որ իմ կյանքն ունենա կարևորություն և արժեք»: Հետագայում, լինելով արդեն երիտասարդ աղջնակ, նա ասում է. «Հուսով եմ՝ փոքրիկ խարույկը, որ ես կվառեմ, կբռնկի ոչ միայն Լոնդոնը, այլև ողջ ազգը, ողջ աշխարհը»:

Մենք տեսնում ենք, որ այդպես էլ լինում է: Նա իր փոքրիկ խարույկով բոցավառում է իր որդիների սրտերը, և նրանց միջոցով արդեն արթնության մեծ խարույկն է տարածվում աշխարհով մեկ: Աստված պատասխանում նրա մանկության ու պատանեկության անկեղծ աղոթքներին…