Մայր Թերեզայի ստեղծած մահամերձների խնամքի տունը

Մայր Թերեզայի ստեղծած մահամերձների խնամքի տունը1952 թ-ին Մայր Թերեզան բացեց առաջին տունը մահամերձների համար: Հետագայում նման շինությունները կոչվեցին պանդխտանոցներ:

Դրա ստեղծման պատմությունն այսպիսին է. Մայր Թերեզան փողոցում տեսնում է մի մահամերձ կնոջ, ով այնքան տկար էր, որ առնետները սկսել էին նրան կրծոտել: Կնոջ մարմինն ամբողջությամբ պատված էր վերքերով և չիբաններով:

Ցնցված լինելով այդ զազրելի տեսարանից, միանձնուհին մահամերձին հասցնում է մոտակա հիվանդանոցը: Սակայն այնտեղ հրաժարվում են ընդունել այդ խեղճին, քանի որ նա ոչ փող ուներ, ոչ էլ բժշկական ապահովագրություն: Մայր Թերեզան համառորեն շարունակում է պնդել: Նա ասում է, որ ոչ մի տեղ չի գնա, մինչև հաստատ չիմանա, որ տուժածին օգնություն կցուցաբերվի: Եվ նա հասնում է իր ուզածին. մահամերձին ընդունում են հիվանդանոց:

Մայր Թերեզան անկեղծորեն ուրախանում է իր փոքրիկ հաղթանակով, բայց մի քանի րոպե անց նրա սիրտը կրկին կծկվում է ցավից. տուն գնալու ճանապարհին նա ականատես է լինում մի քանի ծանր տեսարանի՝ մարդիկ մահանում էին հենց փողոցներում: Անցորդներին դա բացարձակապես չէր անհանգստացնում: Կալկաթայի բնակիչները սովորել էին այդ պատկերներին:

Մայր Թերեզայի ստեղծած մահամերձների խնամքի տունըԱյդ օրը Մայր Թերեզան հասկանում է, որ մի հատուկ շինություն է հարկավոր, որտեղ կխնամեն այդ մահամերձներին: Նա տարածք տրամադրելու խնդրանքով դիմում է քաղաքային իշխանություններին և ի պատասխան՝ ստանում մի հին ու խարխլված շինություն: Սակայն դա չի խանգարում նրան հնարավորինս կարգի բերել այդ շինությունը և 24 ժամվա ընթացքում հիվանդներին և տկարներին տեղափոխել այդտեղ:

Այդ ժամանակ Կալկաթայի բնակիչներն ասում էին, որ Մայր Թերեզան մահը վերածեց կյանքի, իսկ կործանումը՝ սիրո: Սակայն նման տրամադրվածության ոչ բոլորն էին հակված:

Կալիգատի 400 քահանաներն իրենց դժգոհությունն են արտահայտում, որ ըստ իրենց, Մայր Թերեզան փորձում է տեղի բնակչությանը դավանափոխ անել և նրանց պարանոցին փաթաթել քրիստոնեությունը:

Հնդկաստանի հայտնի քաղաքական գործիչներից մեկը նրանց խոստանում է, որ ամեն բան կանի այդ կենտրոնը փակելու համար: Նա այցելում է մահամերձների տուն, որպեսզի անձամբ ստուգի, թե ինչպես են քույրերը խնամում հիվանդներին և մահամերձներին, ինչպես են լվանում և մշակում նրանց վերքերը, ինչպես են կերակրում նրանց, ովքեր այլևս ի վիճակի չեն ինքնուրույն սնվելու:

Եվ երբ ցնցված քաղաքագետը դուրս է գալիս այդ շենքից, համընդհանուր ժողովրդի ու լրագրողների ներկայությամբ հայտարարում է. «Ես խոստացել եմ փակել այս կենտրոնը և կանեմ դա… բայց միայն այն բանից հետո, երբ ձեր մայրերը, կանայք և քույրերը գան այստեղ և անեն այն, ինչ անում են այս քույրերը»:

Որոշ ժամանակ անց կենտրոնի հանդեպ դժգոհություն արտահայտած քահանաներից մեկը ծանր հիվանդանում է վարակիչ հիվանդությամբ՝ թոքախտով, որը հինդուսների մեջ սարսափ է տարածում, և Մայր Թերեզայից ու նրա օգնականներից բացի ուրիշ ոչ ոք չի համաձայնում բուժել նրան: Երբ վերջինս բժշկվում է, հենց այդ օրվանից սկսում է ակտիվ կերպով աջակցել Մայր Թերեզային և նրա բարի գործերին:

Մահացողների համար առաջին տունը կոչվեց «Նիրմալ Խրիդայ», որը հնդկերենից թարգմանաբար նշանակում է «մաքուր սիրտ»: Իսկ Մայր Թերեզան մահամերձների համար տունը կոչում էր «իմ սրբարան»: