Մեր վշտերն ունեն Աստվածային նպատակ. Ռիկ Ջոյներ

Ռիկ Ջոյներ«Ես եմ Ալֆան և Օմեգան, սկիզբն ու վերջը»,- ասում է Տերը, «որ Է, որ Էր, և որ գալու է՝ Բարձրյալը» (Հայտնություն 1.4):

Ալֆան հունարեն այբուբենի առաջին տառն է, իսկ Օմեգան՝ վերջին տառը: Այբուբենը լեզվի հիմքն է, իսկ Հիսուսը՝ Աստվածային լեզվի հիմքը. Նա է Աստծո Խոսքը:

Նա է Աստծո ողջ Խոսքը, սկզբից մինչև վերջ: Հայտնության գիրքը մշտապես հիշեցնում է մեզ, որովհետև այն Հիսուսի մասին հայտնությունն է:

Երբ մենք շեղվում ենք Հայտնության գրքից և Աստվածային նպատակից, մենք շեղվում ենք ամեն ինչում Քրիստոսին կենտրոնում պահելուց:

«Ես՝ Հովհաննես ձեր եղբայր և հավասար ընկեր նեղության և արքայության և Հիսուս Քրիստոսի համբերության, Պատմոս ասված կղզումն էի Աստծո Խոսքի համար և Հիսուս Քրիստոսի վկայության համար»:

Հովհաննեսը սկսում է նրանից, որ ինքը մասնակից է և՛ նեղությանը, և՛ Հիսուս Քրիստոսի արքայությանն ու համբերությանը: Այս երեքը փոխկապակցված են: Երբ մենք մեզ նվիրում ենք Աստծուն հետևելուն, մենք պետք է սպասենք, որ կգան նաև վշտեր: Վշտերը գալիս են երկրի վրա ամեն մարդկային կյանքի մեջ, բայց Քրիստոսի մեջ մենք կարող ենք սպասել ավելին, քանի որ երկրի վրա ապրում ենք մի կյանք, որը հակառակ է այս դարաշրջանին և այս աշխարհի իշխանի կամքին:

Այնուամենայնիվ, որպես քրիստոնյաներ, մեր վշտերն ու տառապանքներն ունեն նպատակ: Աստված թույլ է տալիս ամեն բան մեր իսկ բարօրության համար, բացի այդ, մեզ տրվել է Սուրբ Հոգի: Մտածեք, որքան բարդ կլիներ այս կյանքը առանց Սուրբ Հոգու մեջ ունեցած մեր մխիթարության և հույսի, առանց ամեն վշտի իմաստի հասկացողության, որը Նա տալիս է մեզ:

Վարդապետությունն այն մասին, որ մեր կյանքը հեշտ է լինելու, հակասում է Սուրբ Գրքին: Այս կեղծ վարդապետությունը հիմք է դարձել այն բանի, որ շատերը հեռացել են Հիսուսից, երբ պարզվել է, որ դա սուտ է եղել:

Հենց որ մարդը Քրիստոսի մոտ է գալիս, պետք է իմանա, որ գուցե անհրաժեշտ լինի մինչև անգամ նա իր կյանքը տա, որպեսզի նույնանա Քրիստոսի հետ: Շատերը հենց դա էլ արել են դարեր շարունակ:

Հալածանքները զտման հիասքանչ օրինակ են, և, որպես կանոն, ցրում են նրանց, ում ձգտումները եսասիրական են, և ովքեր սպառնալիք են Մարմնի համար: Քրիստոսի հետ նույնացումը երբեք էլ հաջողության ճանապարհ չի եղել, բայց գրեթե միշտ եղել է հալածանքների ու հարձակումների ճանապարհ: Երբ մեր թվարկության չորրորդ դարում դա փոխվեց, և քրիստոնյա լինել նշանակում էր մուտք ունենալ քաղաքական, հասարակական և գործնական ոլորտ, այդ ժամանակ էլ կատարվեց հավատքի մեծագույն աղավաղումը:

Հալածանքները քրիստոնեության նորմալ վիճակն են և գրավում են միայն վեհ հոգիներին՝ նրանց, ովքեր սիրում են Աստծուն և Նրա ճշմարտությունը ավելի, քան սեփական կյանքը: Սովորական աշակերտությունը պահանջում է մեզնից, որ մենք ոչ միայն չսիրենք մեր կյանքերը մինչև ի մահ, այլև վերցնենք մեր խաչը և ամեն օր մեռնենք այս աշխարհի համար:

Իրական քրիստոնեությունը անձնուրաց կյանքն է, ոչ թե այս աշխարհի նպատակներին հասնելու սանդուղք: Այլ կերպ ասած՝ մեծագույն ձեռքբերում գալիք դարաշրջանի համար: Եթե ապրում ենք Աստծո համար, ոչ թե ինչ-որ եկամուտների համար, որոնք կարող ենք ստանալ, մենք կգտնենք իրական կյանք և արքայություն:

Վշտերը գալիս են այս երկրի վրա ապրող ամեն մարդու մոտ: Առանց Քրիստոսի այդ վշտերը կարող են վերածվել ամրության, դժբախտության զնդանի: Երբ սովորենք Արքայության մեջ ապրել, ինչպես Հովհաննեսը, ապա կկարողանանք ապրել անգամ զնդանի մեջ՝ վերապրելով անգնահատելի փառք և հրաշքներ:

Այնուամենայնիվ, Աստծո Արքայության մեջ մնալը, այսինքն՝ ներսում այն ունենալը (Աստծո Արքայությունը ուտելիք և խմելիք չէ, այլ արդարության, և խաղաղություն, և ուրախություն Սուրբ Հոգովը) պահանջում է հարատևություն, ինչպես գրում է Հովհաննեսը: Հարատևությունը մեկն է մեծագույն գանձերից, որին մենք կարող ենք տիրել, և այն մեզ կբերի ավելի մեծ հոգևոր հարստության, ինչպես այդ մասին վկայում է Սուրբ Գիրքը:

«Նրանց, որ բարի գործերի մեջ են հարատևում, և փառք, և պատիվ, և անապականություն են որոնում, հավիտենական կյանք» (Հռոմեացիս 2.7):

«Եվ ոչ միայն այսքան, այլ նեղությունների մէջ էլ պարծենում ենք՝ գիտենալով որ նեղությունը համբերություն է գործում, համբերությունը՝ փորձառություն, փորձառությունը՝ հույս. հույսն էլ չի ամաչեցնում, որովհետև Աստծո սերը փռված է մեր սրտերի մեջ Սուրբ Հոգու ձեռքով՝ որ տրվեցավ մեզ» (Հռոմեացիս 5.3-5):