«Ի՞նչ լույս՝ նման գնահատականներով…». դպրոցական հուշեր

«Ի՞նչ լույս՝ նման գնահատականներով…». դպրոցական հուշերԵս աշխատում եմ չհիշել իմ 9-րդ դասարանի քննությունները, քանի որ ամաչում եմ… Ամեն անգամ, երբ նստում էի, ստիպում էի, տրամադրում էի ինձ որևէ դաս սովորել, իմ գլխում ասես դատարկություն լիներ, ոչինչ չէր ստացվում: Եվ մի կերպ հասնելով 10-րդ դասարան, այնպես ստացվեց, որ հենց այդ տարի ես գնացի եկեղեցի, հանդիպեցի Հիսուսին և այդ պահից սկսած այլևս երբեք Նրանից չեմ հեռացել:

Մի անգամ, երբ Աստվածաշունչ էի կարդում, հանկարծ ուշադրությունս գրավեց հետևյալ արտահայտությունը. «Դուք եք աշխարհի լույսը»: Այս խոսքերը ներխուժեցին իմ ուղեղի մեջ, և ես զարմացած հարց էի տալիս Աստծուն. «Ե՞ս, ե՞ս եմ լույսը, չէ՞որ ես հազիվ եմ դասարանից դասարան տեղափոխվում, ոչ մի գիտելիք չի տեղավորվում իմ ուղեղում: Եվ ներկա պահին ես խավար եմ, ոչ թե լույս… ի՞նչ լույս՝ նման գնահատականներով»: Բայց Աստված ասաց. «Դու լույս ես»: Դա ինձ ոգևորեց, և ես հասկացա, որ այժմ ոչ միայն ուզում եմ սովորել, ավելին՝ այժմ ամենակարող Աստված իմ կողմից է:

Այդ օրվանից իմ ամբողջ կյանքը փոխվեց: Ես աղոթում էի, որ Աստված հպվի իմ հիշողությանը, որ ինձ դուր գա սովորելը: Եվ Նա լսեց ինձ: Ես գնում էի դպրոց՝ ինչպես տոնակատարության: Սկսեցի դասերի ժամանակ դաս պատասխանել: Գնահատականներս սկսեցին բարձրանալ: Ես երջանիկ էի: Փոխվեցին ոչ միայն գնահատականներս, այլև ուսուցիչների վերաբերմունքը:

Մի անգամ իմ պատմության ուսուցչուհին ինձ ասել էր, թե երբեք 3 գնահատականից բարձր այդ առարկայից ես չեմ ստանա, որովհետև դրանից ավելի գիտելիք երբեք չեմ ունենա: Եվ չգիտեմ ինչու, հատկապես պատմությունից ինձ մոտ այժմ ամենալավ արդյունքներն էին գրանցվում:

Ամեն անգամ դասը հրաշալի պատմելուց և դրանով ուսուցչուհուն ապշեցնելուց հետո ես նստում էի իմ նստարանին ու կամաց ասում. «Շնորհակալություն, Տե՛ր, ես գիտեմ, որ սա Դու ես»: Դե իսկ ֆիզիկան, որի վրա ես նախկինում այնքան ջանք էի թափում, որ գոնե մեկ դաս հասկանայի ու սովորեի, այժմ դարձել էր իմ սիրելի առարկան: Աստված ամեն բան փոխել էր:

Ամեն օր դպրոց գնալու ճանապարհին ես ասում էի. «Հիսո՛ւս, արի միասին գնանք, արի միասին նստենք իմ նստարանին, և Դու սովորեցրու ինձ»: Իմ անհանգիստ բնավորությունը փոխվել էր, այժմ դրսում զբոսնելու փոխարեն ինձ դուր էր գալիս ժամերով հանգիստ նստել տանը և դաս սովորել: Ինձ հետաքրքիր էին դարձել գիտելիքները:

Երբ ավարտական քննություններից հետո մայրս գնաց դպրոց՝ վերցնելու ատեստատս, այդ ժամանակ դպրոցում արդեն բոլորը գիտեին, որ ես հավատացյալ եմ, և իմ դասղեկը մայրիկիս ասել էր. «Գիտեք, ես նայում եմ ձեր աղջկան ու տեսնում եմ, որ ձեր եկեղեցին. այն ոչ միայն կրոն է, այլ կենդանի Աստված»:

Իմ ատեստատի մեջ միայն հինգ առարկայից էր 4 գնահատական նշանակված, մյուս բոլոր առարկաներն ինձ մոտ գերազանց էին փակված: Եվ սա այն դեպքում, երբ 9-րդ դասարանը ես ավարտել էի միայն 3-ներով:

Այսօր ես արդեն գերազանց ավարտել եմ երկու ԲՈՒՀ, աշխատում եմ որպես գլխավոր հաշվապահ շինարարական առաջադեմ մի ընկերությունում: Եվ չեմ դադարում ողջ փառքն ու գոհությունը տալ իմ Տեր ու Փրկիչ, իմ կյանքի լավագույն Ընկեր Հիսուս Քրիստոսին:

Լյուսիկո Ադամիա