Երկնային լույսը լուսավորեց իմ խավար խուցը

gty_prisonԵս 19 տարեկան էի, երբ ինձ մեղադրեցին գողության մեջ: Ես չէի մասնակցել կատարված հանցագործությանը, բայց իմ անմեղությունն էլ չկարողացա ապացուցել: Դատարանում ինձ դատապարտեցին 15 տարվա ազատազրկման: Այսպես սկսվեց իմ կյանքի ամենատխուր շրջանը: Բայց անգամ այն ժամանակ, երբ ամեն բան իմ դեմ էր, իմ կողքին Նա էր, Ում ողորմությունը շրջապատում էր ինձ: Աստված, Ում դեմ ես մեղք էի գործել, սիրով և կարեկցանքով Իր գթառատ ձեռքը մեկնել էր, որպեսզի փրկեր ինձ: Հիմա ես հասկանում եմ, որ դա Նրա հրաշագործ ճանապարհն էր, որն ինձ ուղղորդեց բանտային այդ կապանքների խավարով:

Ես արդեն հինգ տարի էր` բանտում էի, երբ իմ կյանքում մի անսպասելի իրադարձություն կատարվեց: Բանտում ծառայող քահանայի կողքին կանգնած էր մի մարդ, ում ես լավ էի ճանաչում, և ով իմ հիշողություններում տպավորվել էր որպես բավականին բացասական մեկը: Բայց որքա՜ն էր նա փոխվել: Նա իր խոսքով մեզ դիմեց, և նրա արտաբերած ամեն մի բառը խորը ներթափանցեց մեր սրտերի մեջ: Այդ ի՞նչ զորություն էր, որ փոխել էր այդ մեղսագործին՝ այլ մարդ դարձնելով նրան:

Նա արցունքներն աչքերին պատմում էր մեզ, թե ինչպես աստվածային շնորհն օգնել էր իրեն տեսնել, թե որքան կործանված մարդ է ինքը, իսկ հետո նաև գտնել Հիսուսին: Նա այնքան երջանիկ էր, որ իր խոսքերի ճշմարտությունն ու անեղծությունը կարդացվում էր իր երեսին: Իսկ ես ինձ զգում էի լքված ու միայնակ:

Աղոթքի ժամանակ բանտարկյալները լացում էին:

Իմ խցիկ վերադառնալով՝ ես երկար ժամանակ խորհում էի լսածիս մասին՝ հայացքս հառած պատի դատարկությանը: Անսպասելիորեն պատի մեջ հանկարծ անցք նկատեցի և երբ նայեցի այդ անցքի մեջ, որը բավական խորն էր, այնտեղ գտա մի բան, որ նախկինում չէի նկատել: Դա Աստվածաշունչ էր: Գիրքը բավականին կեղտոտ էր և փոշոտ, բայց գրեթե չօգտագործված, այնպես որ կարդալ հնարավոր էր: Դա ասես աստվածային միջնորդություն լիներ: Եթե այդ գիրքը մեկ օր առաջ գտնեի, հավանաբար կտոր-կտոր կանեի ինձ հանդիպած անարդարության պատճառով: Բայց հիմա որքա՜ն շնորհակալ էի Աստծուն Իր նվերի համար: Բացեցի և սկսեցի կարդալ այն առաջին էջից, և գնալով հետաքրքրությունս ավելի ու ավելի էր մեծանում:

Կարդացի այնքան, մինչև հասա Հիսուս Քրիստոսի խաչելությանն ու տառապանքներին: Այդ ամենը այնքան խորը հուզեց իմ հոգին, որ այդ երեկո, հիշելով այն դրական փոփոխությունները, որ կատարվել էր իմ նախկին ծանոթի մեջ, ես սկսեցի անհանգիստ այս ու այն կողմ քայլել իմ խցիկում: Բռնկվել էի նոր կյանքի փափագով՝ այն կյանքի, որ առաջարկում էր Հիսուս Քրիստոսը: Մի՞թե ինձ հետ էլ կարող են կատարվել այդպիսի արմատական փոփոխություններ, ինչպիսիք տեսա իմ ծանոթի մեջ: Եվ այդ պահին ներսումս ասես լսեցի. «Աղոթի՛ր մաքսավորի աղոթքով. «Տե՛ր, ողորմած եղիր իմ՝ մեղավորիս հանդեպ»»: Ես փորձում էի այդպես աղոթել, բայց չէր ստացվում: Չափից դուրս սպառնացող էին իմ առջև իմ մեղքերը:

Եվ այդժամ հիշեցի այս խոսքերը. «… որ ամեն նրան հավատացողը չկորչի…»: Հիշում եմ, որ այդ պահին սրտիս խորապես դիպչեց «ամեն» բառը, և կրկին լսեցի նույն մեղմ ձայնը. «Դա քո մասին է»: «Բայց չէ՞ որ ես այնքան մեղավոր եմ, որ ինձ չի կարելի ներել իմ մեղքերը»՝ մտածում էի ես:

Իմ ներսում թեժ պայքար էր ընթանում, և ամեն նոր օրվա հետ այն ավելի ու ավելի էր ուժգնանում: Այն տևեց շաբաթներ շարունակ: Լինում էին օրեր, երբ ծանր կասկածներից հետո ես ընկնում էի հուսահատության մեջ: Ինչպե՞ս ինձ՝ խեղճ մեղավորիս, ամեն բան նորից սկսել, եթե իմ ու Աստծո միջև անդունդի պես ընկած էր իմ վատ կյանքը: Չնայած այժմ ես շատ էի աղոթում, և Աստծուն գտնելու իմ ցանկությունը լուրջ էր:

Մի երեկո որոշում կայացրի, որ չեմ դադարի աղոթել, մինչև Հիսուսին չգտնեմ, անգամ եթե ստիպված լինեմ ողջ գիշեր ծնկներիս վրա անցկացնել: Այդ գիշեր ես ծնկի եկա և չբարձրացա մինչև կատարվեց մի բացառիկ բան: Պայքարս տևեց մինչ այն պահը, երբ ուսիս վրա ասես մեկի ձեռքը զգացի, և Նա ասաց ինձ. «Որդի՛ս, մեղքերդ ներված են»:

Ես չեմ կարող հասկանալ՝ լսեցի՞ արդյոք այդ խոսքերն իմ ականջներով, բայց այն, որ դրանք ասվեցին իմ սրտին, ճշմարիտ էր: Հիմա ես համոզված էի, որ Հիսուսը մահացել է իմ մեղքերի համար ևս: Այդ գիտակցությունն այնքան ուժգին էր, որ վեր թռչեցի ու սկսեցի խելագարի պես խցիկով մեկ վազել՝ Աստծուն փառք տալով: Ասես երկնային լույսը լուսավորեր այդ խավար խուցը:

Պահապանը իմ ուրախ աղաղակները լսելով՝ մոտեցավ ու հարցրեց, թե ինչ է պատահել. «Ես գտել եմ Քրիստոսին,- բացականչեցի ես:- Իմ մեղքերը ներված են: Փառք ու պատիվ Աստծուն»:

Նա, իհարկե, չհասկացավ իմ ուրախության պատճառը և սպառնաց ինձ, որ առավոտյան ղեկավարությանը կտեղեկացնի իմ անհանգստության մասին: Բայց ինձ համար միևնույնն էր, քանզի իմ ուրախությունը մեծ էր: Ես երբեք չեմ մոռանա այդ գիշերը…

Երկու տարի անց այս մարդը ազատվում է բանտից և իր ողջ հետագա կյանքը նվիրում Աստծուն: Նա տեսնում է, որ իր կոչումն այն բանի մեջ է, որ մեղքերի մեջ կործանվող մարդկանց պատմի Հիսուս Քրիստոսի սիրո և զոհաբերող մահվան մասին: