Երբ հայտնվել էի բանտում

Երբ հայտնվել էի բանտումԱշխատանքային գաղութում առաջին օրերին ինձ արգելված էր խոսել որևէ մեկի հետ, և ոչ ոքի չէր թույլատրվում ինձ հետ խոսել: Բանտարկյալներին թվում էր, թե ես չարագործ էի, մարդասպան կամ բռնաբարող: Ինձ ուժեղ ծեծում էին:

Այդ վայրում մարդիկ ավելի շատ կարիք ունեին ավետարանչության: Գաղութում շատ կային հիվանդներ ու սովածներ: Մի քանիսն այնքան թույլ էին, որ ամբողջ օրը պարզապես պառկած սպասում էին իրենց մահվանը:

Սկզբնական մի քանի ամիսն իմ հետևից ուժեղ վերահսկողություն էր սահմանված, բայց ես քաղաքական թեմաներով ոչ ոքի հետ ոչ մի տեսակի խոսակցություն չէի վարում: Տերն ինձ օգնում էր այդ մարդկանց նայել Իր կարեկցանքի տեսանկյունից: Ես աղոթում էի հիվանդների համար ու ավետարանում էի իմ բանտախցի բանտարկյալներին ամեն անգամ, երբ հարմար առիթ էր լինում:

Հսկիչներին թվաց, թե ես որակավորված մերսող եմ, քանի որ հիվանդ բանտարկյալների հետ խոսելիս ես նրանց մերսում էի անում: Այդ ընթացքում ես կամացուկ ավետարանում էի նրանց ու աղոթում նրանց համար: Այդ մեթոդի շնորհիվ շատերը, արցունքներն աչքերին, ամբողջ սրտով ընդունեցին Տեր Հիսուսին ու բժշկվեցին իրենց հիվանդություններից: Շուտով բոլոր բանտարկյալներն ու հսկիչներն իմացան, որ ես Հիսուսի հավատացյալն եմ, և որ Հիսուսն ի զորու է փրկել ու բժշկել յուրաքանչյուրին:

Մի անգամ ես ավետարանում էի մի խումբ բանտարկյալների: Սիրտս լցված էր Տիրոջ ուրախությամբ: Մի քանի հսկիչներ իրար հետ խոսակցում էին. «Ապա մի նրան նայիր: Նա ավելի ուրախ է, քան մենք, թեև մենք ազատության մեջ ենք, իսկ նա գաղութում: Արի խնդրենք՝ թող երգի»: Ես երգեցի իմ սիրելի երգը. «Թող աշխարհն իմանա, որ ես փրկված եմ Հիսուսով»:

Բանտարկյալները վերադառնում էին իրենց բանտախցերն ու սովորեցնում մյուս բանտարկյալներին երգել այն երգերը, որ նրանք ինձանից էին սովորել, ինչպես նաև փոխանցում էին այն խոսքերը, որ ես էի նրանց ասել: Այդ մարդիկ, որոնք կյանքի դժվարություններից ու անելանելիությունից հասել էին հուսահատության, ագահաբար ձգտում էին հոգևոր լույսին: Նրանք հասկանում էին, որ իրենց համար այլ ուրախություն ու հույս չկա, և ձգտում էին Աստծո Խոսքին այնպես, ինչպես մի թանկարժեք մարգարտի:

Մի անգամ փամփուշտը ծակել-անցել էր ուղղիչ-աշխատանքային գաղութի պետի վիզը, և նա ինձ խնդրեց իրեն մերսում անել: Ես խոսեցի նրա հետ, և նա շուտով հասկացավ, որ ես այն չեմ, ինչ իմ մասին ասում էին դատական գործի նյութերը: Նա ինձ ասաց. «Դու այնպես չես վարվում, ինչպես մեզ զգուշացրել են: Մենք արդեն մի քանի ամիս է շատ ուշադիր հետևում ենք քեզ: Բոլոր հսկիչների ու բանտարկյալների մոտ քո մասին լավ կարծիք է ձևավորվել, այնպես որ, մենք որոշել ենք քեզ բանտախցի ավագ նշանակել: Հիմա դու պատասխանատու ես լինելու դատապարտյալների բարոյահոգեբանական դաստիարակության համար»:

Բանտի ղեկավարության վերաբերմունքն իմ հանդեպ դրական իմաստով փոխվեց: Ինձ տեղափոխեցին ուղղիչ-աշխատանքային գաղութի ադմինիստրացիա: Իմ պարտականությունների մեջ էր մտնում բանտարկյալների ուսումնական նախապատրաստումը, երաժշտական ծրագրերի ընտրությունն ու գաղութի ռադիոյով դրանց հեռարձակումը: Ես դարձա բանտի գրադարանավարն ու անգամ օգնում էի խմբագրել այն տեղեկությունները, որոնք գաղութից ուղարկվում էին գավառի կառավարությանը, որտեղ զեկուցվում էր բանտարկյալների կյանքերի՝ դեպի լավը փոխվելու մասին:

Ասեմ, որ ես միջնակարգ դպրոցն անգամ չեմ ավարտել: Հորս հիվանդության պատճառով դպրոցական տարիներին ես մնացել էի տանը և աշխատում էի, իսկ հիմա Տերն ինձ առաջ քաշեց: Գաղութում ես աշխատում էի ադմինիստրացիայի ղեկավարման բաժնում, ուսումնական բաժնում ու սանիտարական պրոֆիլակտիկայի բաժնում: Թեև բանտարկյալների մեջ բարձրագույն կրթություն ունեցողներ էլ էին գտնվում, սակայն Տերը, որպես Իր օրհնության նշան, այդ գործին կամեցել էր նշանակել հատկապես ինձ:

Առաջին չորս տարիները, որոնք ես անցկացրեցի բանտում, ինձ հիշեցնում էին Հովսեփի պատմությունը, որին զրպարտել, հալածել ու բանտն էին գցել, բայց Աստված բարձրացրեց նրան, ու նա թագավորության մեջ փարավոնից հետո երկրորդ մարդը դարձավ: Ես հասկացա հետևյալ համարների իրական իմաստը. «Որովհետև բարձրանալը ո՛չ արևելքիցն է, և ո՛չ արևմուտքիցը, և ո՛չ անապատիցը։ Բայց Աստված է դատավոր. սրան խոնարհեցնում է և նրան բարձրացնում» (Սաղմոս 75.6-7):

Հատված չինացի քրիստոնյա Յուն եղբոր ինքնակենսագրական «Երկնային մարդը» գրքից