Տեսնել թշնամուն պարտված. Դեյվիդ Յոնգի Չո

Յոնգի Չո«Այսուհետև, եղբայրներս, զորացեք Տերով և նրա զորության կարողությունովը։ Եվ Աստծո սպառազինությունը հագեք, որ կարող լինեք սատանայի հնարքներին հակառակ կենալ։ Որովհետև մեր պատերազմը արյունի և մարմնի հետ չէ, այլ իշխանությունների և պետությունների հետ, այս աշխարհի խավարի աշխարհակալների հետ, այն չար հոգիների հետ, որ երկնավորների մեջ են» (Եփեսացիս 6.10-12):

Բավական է փորձել մեր ներդրումն ունենալ Աստծո գործերի մեջ, երբ նորից խավարի իշխանը իր զինյալներով փակում է մեր ճանապարհը:

Դեյվիդ Յոնգի Չոն իր գրքերից մեկում կիսվում է մի զարմանահրաշ պատմությամբ:

Դեպքն այս կատարվել է դեռևս 1958թ-ին, երբ դոկտոր Չոն հիմնում էր եկեղեցին Սեուլի արվարձաններից մեկում: Տեղացի հեթանոս քրմերին դա այնքան էլ դուր չէր գալիս, և նրանք սպառնալիքներով նրա դեմ պայման են դնում. կամ ինքը պետք է մեկ ամսում լիովին ոտքի կանգնեցնի մի տեղացի կաթվածահար կնոջն իր դստեր հետ միասին, կամ լքի այդ վայրը: Չոն ստիպված էր համաձայնել:

Նա այդ կնոջը ամեն օր քարոզում էր Հիսուսի մասին: Նրա այցելությունից հետո այդ կնոջ մոտ էր գալիս քուրմը և «հակաքարոզ» իրականացնում: Վերջիվերջո, այդ դեպքն ավարտվում է այն բանով, որ այդ կինը իր դստեր հետ միասին Աստծո գերբնական միջամտության շնորհիվ բժշկվում է, տեղացի բնակիչները՝ ապաշխարում, իսկ քրմերը լքում են այդ տեղանքը:

Չոն հաղթում է, իսկ թշնամին լիովին պարտված էր:

Գուցե ձեր կյանքում հոգևոր պատերազմը արտաքինից նույն կերպ չկատարվի: Այնուամենայնիվ, փորձություններում հաղթանակի համար առաջին հերթին պետք է գիտակցել, որ մենք ինքնուրույն ի զորու չենք հակառակվելու չարին. այն միանգամից մեզ կուլ կտա: Մեզ պարզապես անհրաժեշտ է Աստծո առաջնորդությունը:

Ինչպես գրում է դոկտոր Չոն. «Խավարի իշխանի դեմ պայքարելիս՝ մենք գիտենք, որ մեր հետևում կանգնած է մեր Արքա Հիսուսը, Սուրբ Հոգին զորացնում է, և Աստծո Արքայության հրեշտակները աջակցում են մեզ:

Չարի հետ պայքարում մենք պետք է դիմացկունություն ցուցաբերենք, շատ ժամանակ հատկացնենք աղոթքին և ծոմին: Ամեն օր գրեթե 24 ժամ ես աղոթքի մեջ էի, անգամ տուն չէի գնում, գիշերում էի եկեղեցում: Ես չէի հաղթի իմ պայքարում, եթե այդ մեկ ամսվա ընթացքում չունենայի աղոթքի կյանք:

Սատանան պարտված թշնամի է, բայց դուրս կհանենք նրան մեր երկրից, քաղաքից կամ աշխատավայրից, թե՝ ոչ, մեր ընտրությունն է:

Աստված մեզ զորություն է տվել դուրս քշելու թշնամուն՝ դևերին, ոգիներին և ընկած հրեշտակներին: Մենք պետք է աղոթքով դուրս վռնդենք դրանց և մեր իրավիճակը բերենք Աստծո Արքայության լույսի մեջ»: