Եթե ձեր մեջ ծնվել է ցանկություն՝ դադարեցնել պայքարը և հանձնվել… Դեյվիդ Ուիլքերսոն

Մի մտածեք, թե միայն դուք եք վերապրում ինչ-որ տարօրինակ, անսովոր պայքար: Ընդհակառակը, ձեզ կարող են անկեղծորեն հասկանալ շատ շատերը:Եթե դուք գտնվում եք հոգեպես ճնշված վիճակում և մեծ ցավ եք ապրում ձեր հոգում, շտապում եմ ասել, որ ես ինքս եղել եմ նման վիճակում:

Եվ որպես օգնություն՝ կարող եմ պատմել ձեզ, թե ինչպես եմ ինքս անցել ու դուրս եկել այդ իրականում անելանելի թվացող խավարից:

Ահա թե ինչպես կարելի է հաղթանակ ունենալ նման հոգևոր ծանր պայքարներում:

  1. Մի մտածեք, թե միայն դուք եք վերապրում ինչ-որ տարօրինակ, անսովոր պայքար: Ընդհակառակը, ձեզ կարող են անկեղծորեն հասկանալ շատ շատերը: Հիշեք Հոբին, Երեմիային, Եղիային, Դավթին, Պողոսին, անգամ ինձ: Այն, ինչի միջով դուք այժմ անցնում եք, անցել են շատ հավատացյալներ դարերի ու ժամանակների ընթացքում:

«Սիրելիներ, օտար բան մի համարեք այն բորբոքված նեղությունը, որ ձեզ փորձելու համար լինում է, իբր թե մի օտար բան է պատահում ձեզ։ Այլ ուրախ եղեք, իբրև թե Քրիստոսի չարչարանքին մասնակից եղածներ, որ նրա փառքի հայտնության ժամանակումն էլ ցնծալով ուրախանաք» (Ա Պետրոս 4.12-13):

  1. Երբ ձեզ թվում է, թե նման տրտմության մեջ դուք անգամ մի ժամ էլ չեք կարող ապրել, երբ ամեն բան շուրջը այնքան անհուսալի վատ է ներկայանում, աղաղակեք Տիրոջը՝ որքան ուժ ունեք. «Տե՛ր, օգնիր ինձ»: Ուշադրության կենտրոնում ունեցեք սաղմոսագրի խոսքերը.

«Իրիկունն ու առավոտը և կեսօրին ողբում եմ և հառաչում. և նա կլսի իմ ձայնը: Նա խաղաղությունով կփրկի իմ անձը այն կռվիցը, որ ինձ դեմ է, որովհետև շատ են նրանք, որ ինձ հետ են։ Աստված կլսի և կնեղացնի նրանց, նա՝ որ վաղուց կա (Սելա), որովհետև նրանք չեն փոխվում և Աստվածանից չեն վախենում» (Սաղմոս 55.17-19):

«Տեր, իմ վեմ և իմ բերդ և իմ ազատիչ. իմ Աստված, իմ ամրություն, որին ես հուսացած եմ։ Ով իմ ասպար և իմ փրկության եղջյուր: Նա իմ բարձր աշտարակն է: Ես օրհնյալ Տիրոջը կանչեցի և իմ թշնամիներիցը կփրկվեմ։ Մահի լարերը շրջապատեցին ինձ, և կորստյան վտակները վախեցրին ինձ, գերեզմանի ցավերը պատեցին ինձ, մահի որոգայթները հասան ինձ վրա։ Ես իմ նեղությունումը կանչեցի դեպի Տերը և դեպի իմ Աստվածն աղաղակեցի. Նա լսեց իմ ձայնը իր տաճարիցը, և իմ աղաղակը նրա առաջը հասավ՝ նրա ականջներին» (Սաղմոս 18.2-6):

«Ով Տեր՝ իմ Աստված, ես դեպի քեզ աղաղակեցի, և դու բժշկեցիր ինձ։ Տեր, դու իմ անձը հանեցիր գերեզմանիցը, և ինձ կենդանի պահեցիր փոսի մեջ մտնողներիցը» (Սաղմոս 30.2-3):

«Որովհետև նա կփրկի խեղճին, որ աղաղակում է, և աղքատին՝ որ օգնական չունի» (Սաղմոս 72.12):

Հիշե՛ք, Հիսուսի ականջը չի ծանրացել՝ լսելու ձեր օգնության կանչը:

  1. Ընկղմվեք Աստծո Խոսքի մեջ, ամուր բռնվեք ձեզ պարգևած խոստմունքներից, վերցրեք դրանք ձեզ հետ ձեր աղոթքի ծածուկ սենյակը և ներկայացրեք դրանք Աստծուն: Ահա Աստվածաշնչի իմ ամենասիրելի խոստմունքներից երկուսը. ես սրանք բերում եմ Աստծո առջև ամեն անգամ, երբ աղաղակում եմ Նրան.

«Ո՞վ է ձեզանից այն մարդը, որ եթե նրանից իր որդին հաց ուզի, մի՞թե քար կտա նրան։ Եվ եթե ձուկ ուզի, մի՞թե օձ կտա նրան։ Արդ՝ եթե դուք չար լինելով՝ գիտեք բարի պարգևներ տալ ձեր որդկանցը, որքա՞ն ավելի ձեր Հայրը, որ երկնքումն է, բարիքներ կտա նրանց, որ խնդրում են իրենից» (Մաթևոս 7.9-11): Խնդրեք Տիրոջից բարիքներ: Նա սպասում է, որ տա ձեզ դրանք: Խնդրեք Նրանից ազատագրում, խնդրեք, որ հանի ձեր վրայից ամեն տեսակի խայտառակություն և ամոթ, ջնջի մեղքի բոլոր հետքերը: Նա ցանկանում է անել սրանք ձեզ համար:

«Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափովը, որ մեզանում ներգործում է. Նրան փառք լինի եկեղեցումը, որ Քրիստոս Հիսուսումն է, ամեն դարերում հավիտյանս հավիտենից։ Ամեն» (Եփեսացիս 3.20-21): Ամեն օր բերեք այս խոստմունքը Տիրոջ առաջ՝ ասելով. «Հա՛յր, Դու ասացիր, որ կանես ավելին իմ խնդրածից: Այսօր խնդրում եմ հենց այդպես պատասխանես իմ աղոթքին»: Աստծուն հաճելի է նման հավատքը:

  1. Վստահեք Սուրբ Հոգուն, Ով ապրում է ձեր մեջ: Հայրը ուղարկել է Սուրբ Հոգուն, որպեսզի Նա հաստատվի ձեր սրտում և բնակվի այնտեղ: Ձեզ մնում է միայն գիտակցել, որ ձեր ներսում ապրում է Սուրբ Հոգին: Ձեզ պետք է հավատալ, որ երբ դուք աղաչանքով աղաղակում եք, ձեր մեջ բնակվող Սուրբ Հոգին կպատասխանի ձեզ: Այլևս անհրաժեշտություն չկա, որ Աստված ձեզ համար հրեշտակ ուղարկի ու նրա միջոցով խոսի ձեզ հետ: Նա արդեն դրել է ձեր մեջ թանկարժեք շփման միջոցը՝ Սուրբ Հոգուն:

Ահա, թե ինչումն է պարզ ու հեշտ գաղտնիքը. երբ ձեր կյանքում գալիս է շփոթմունքի ու տառապանքի, դատարկության ու տրտմության ժամանակը, հանձնեք այդ ամենը Սուրբ Հոգուն: Ասացեք Նրան. «Սո՛ւրբ Հոգի, Դու գիտես ճանապարհը, որով կհանես ինձ այս ծանր իրավիճակից: Ինքս այդ ճանապարհը չգիտեմ: Դա իմ ուժերից վեր է: Ես հանում եմ իմ վրայից ամենը և զիջում եմ տեղը Քեզ: Իմ կյանքի ղեկը հանձնում եմ Քեզ:

Ես գիտեմ, որ ինձ վրա հասած տրտմությունը ինչ-որ անսովոր մի բան չէ մյուս հավատացյալների շրջանում: Եվ ես կկանչեմ Տիրոջը օգնության համար: Ես կխնդրեմ կատարում Նրա մեծագույն ու թանկարժեք խոստմունքների: Ես կհավատամ, որ Դու կհասցնես իմ գործը մինչև վերջ: Սո՛ւրբ Հոգի, Դու գիտես Աստծո բոլոր ծրագրերն ու նպատակները՝ կապված իմ կյանքի հետ»: