Պարո՛ն, դուք Աստվա՞ծ եք

Պարո՛ն, դուք Աստվա՞ծ եքԵրկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո Եվրոպան սկսում է քիչ-քիչ վերականգնվել: Հին Աշխարհի մեծ մասը սնանկացած և քանդված էր պատերազմից:

Սարսափելի էր պատկերը, երբ փոքր որբ երեխաները սովամահ էին լինում պատերազմից քանդված քաղաքների փողոցներում:

Լոնդոնյան մի ցուրտ առավոտ, երբ ամերիկացի մի զինվոր տուն էր վերադառնում զորանոցից, վերջինս փողոցներից մեկով անցնելիս նկատում է մի փոքրիկ տղայի, ով գլուխը հենել էր հրուշակեղենի խանութի ցուցափեղկին: Ներսում հրուշակագործը խմորն էր հունցում փքաբլիթ թխելու համար:

Քաղցած տղան, քիթը հպած պատուհանին, լուռ հետևում էր հրուշակագործի ամեն շարժումին: Զինվորը շրջվում է, կանգնեցնում իր մեքենան և դուրս գալիս:

– Տղա՛ս, ցանկանո՞ւմ ես քեզ համար մի քանի փքաբլիթ բերեմ:

Տղան ապշած էր:

– Հա… կուզենայի…,- պատասխանում է նա:

Ամերիկացին մտնում է խանութ և գնում լիքը տոպրակ փքաբլիթ և վերադառնում այն վայրը, որտեղ այդ լոնդոնյան ցուրտ ու մառախլապատ առավոտ կանգնած էր երեխան: Նա ժպտում է և նրան մեկնում տոպրակը:

Իսկ երբ շրջվում է՝ հեռանալու, փոքրիկը քաշում է նրա վերարկուից ու կամաց հարցնում.  «Պարո՛ն… Դուք Աստվա՞ծ եք»:

Երբ սիրում ենք մարդկանց առանց որևէ նախապայմանների, մենք իրապես աստվածային մի բան ենք անում: Մենք անկհայտորեն ցույց ենք տալիս, թե ինչպիսին է Աստված: Աստված սիրում է մեզ անպայմանական ագապե սիրով, որը գթառատ է և հազվագյուտ:

Բազում մարդիկ համարում են, որ դժվար է հավատալ Աստծուն, Ում մենք տեսնել չենք կարող: Նրանք ցանկանում են «շոշափելի» Աստծուն: Ահա թե ինչու Աստված ուղարկեց Իր Որդուն՝ Հիսուսին, և ահա թե ինչու նաև Նա հիմնեց Իր Եկեղեցին:

Մենք Աստծո ներկայացուցիչներն ենք այս երկրի վրա և երբ իրար ծառայում ենք ու սիրում Աստծո սիրով, մարդկանց ցույց ենք տալիս, թե ինչպիսին է Աստված: Մենք օգնում ենք նրանց հասկանալ, որ Աստված սիրում է նրանց այնպես, ինչպես մենք, և ավելի ու ավելի շատ:

Մի մարդ ասել է. «Դու կարող ես լինել միակ Հիսուսը, ում մարդը կտեսնի իր ողջ կյանքի ընթացքում»: Սա ճշմարտություն է: Որպես քրիստոնյաների՝ մեզ մեծագույն պատիվ է ընձեռված՝ ներկայացնել Քրիստոսին այս աշխարհին: Եկեք համոզված լինենք, որ մենք հստակ կերպով Նրան ենք ներկայացնում:

Բրենտ Սիմփսոն