Միքայել Չամչյան. պատմիչ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ

Միքայել Չամչյան. պատմիչ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ1738 թ-ի դեկտեմբերի 4-ին Ստամբուլում ծնվել է հայ ժողովրդի ականավոր պատմիչ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ Միքայել Չամչյանը:

Նրա «Պատմություն Հայոց…» աշխատությունը Հայաստանի քննական պատմություն ստեղծելու առաջին փորձն է հայ պատմագրության մեջ՝ Մովսես Խորենացու «Հայոց պատմությունից» հետո:

Չամչյանը սովորել է Սբ Ղազար կղզու Մխիթարյան վարժարանում: Տիրապետել է հունարենին, լատիներենին, իտալերենին, ֆրանսերենին, գերմաներենին, եբրայերենին, ասորերենին, սանսկրիտին, պարսկերենին, թուրքերենին: 1762 թ-ից Չամչյանը Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ էր:

1769 թ-ին օծվել է վարդապետ, նշանակվել Բասրայի և Բաղդադի հայ կաթոլիկ համայնքի հոգևոր առաջնորդ: 1776–89 թթ-ին վարել է Սբ Ղազարի, 1789–91 թթ-ին՝ Տրանսիլվանիայի Եղիսաբեթուպոլիս քաղաքի հայկական վարժարանների վերատեսչի, 1795–1823 թթ-ին՝ Կոստանդնուպոլսի Մխիթարյան միաբանության մեծավորի (ավագ պաշտոնյա) պաշտոնները, եղել միաբանության վարչական մարմնի խորհրդական:

Չամչյանը 1779 թ-ին հրատարակել է «Քերականություն Հայկազյան լեզվի» աշխատությունը, որը 1801–59 թթ-ին վերահրատարակվել է 15 անգամ և շուրջ 100 տարի օգտագործվել՝ որպես գրաբարի քերականության լավագույն դասագիրք:

Չամչյանի հայագիտական գործունեության մեջ առանձնանում է «Պատմություն Հայոց ի սկզբանե աշխարհի մինչև ցամ Տյառն 1784» (3 հատոր, 1784–86 թթ) աշխատությունը: Այն պատմամշակութային նշանակալի երևույթ է, հայ նոր պատմագիտության հիմնակետերից:

Ի տարբերություն հայ ավանդական պատմագրության՝ Չամչյանը մշակել է ժամանակագրություն, փորձել է պարբերացնել հայոց պատմությունը, առաջադրել է պատմության ըմբռնման նոր սկզբունքներ: Առանձին հայ մատենագիրների անտիպ ձեռագիր աշխատություններ Չամչյանը համեմատել է, սրբագրել բնագրային աղճատումները, ապա համադրելով օտար աղբյուրների հետ՝ ստուգել նկարագրված դեպքերի ճշմարտացիությունը: Նյութը շարադրելիս գրքի լուսանցքում նշել է աղբյուրը:

Ունենալով կրոնական պատմահայեցողություն՝ պատմական իրադարձությունները գնահատել է որպես «գերաշխարհիկ» կամքի արտահայտություն, պայմանավորել նախախնամությամբ, նույնացրել ժողովրդի և եկեղեցու պատմությունը:

Միքայել Չամչյան. պատմիչ, լեզվաբան, աստվածաբան և մանկավարժ
Միքայել Չամչյանի «Պատմութիւն Հայոց» գրքերը

Չամչյանի «Մեկնություն սաղմոսաց» (10 հատոր, 1815–23 թթ.) երկասիրությունը հայ մեկնողական գրականության գլուխգործոց է: Սաղմոսների հայերեն թարգմանությունները համեմատելով ասորերեն, հունարեն, լատիներեն, եթովպերեն, արաբերեն թարգմանությունների և եբրայերեն բնագրի հետ՝ Չամչյանը ճշգրտել է դրանք, վերացրել թարգմանական աղավաղումները, մեկնաբանել սաղմոսների գեղագիտական, իմաստասիրական, գեղարվեստական արժեքները:

Կոստանդնուպոլսի լուսավորչական և կաթոլիկ համայնքների միջև սուր պայքարը հարթելու նպատակով գրել է «Վահան հավատո…» ծավալուն (շուրջ 1000 էջ) դավանաբանական երկը, որը Հռոմի հավատաքննության գերագույն ատյանի որոշմամբ ճանաչվել է հերետիկոսական և ոչնչացվել (համառոտ տարբերակը հրատարակվել է 1873 թ-ին, Կալկաթայում):

Չամչյանը մշակել է հայկական դպրոցների ուսումնական և բարոյակրթական կանոններ և ծրագրեր: Դասավանդվող առարկաների ծրագրում գերապատվությունը տվել է հայագիտությանը:

Կոստանդնուպոլսի հայ համայնքները միաբանելու նպատակով Չամչյանը բանակցություններ է վարել, հրավիրվել են խորհրդակցություններ, պատրաստվել է «Հրավեր սիրո» հատուկ շրջաբերականը:

Միքայել Չամչյանը մահացել է 1823 թ-ի նոյեմբերի 30-ին:

Պատրաստեց Գոհար Ավագյանը