Նայելով այս մարզուհուն՝ դժվար թե նկատենք, թե ինչով է նա տարբերվում մյուսներից

Նայելով այս մարզուհուն՝ դժվար թե նկատենք, թե ինչով է նա տարբերվում մյուսներիցՉելսի Վերները՝ 24-ամյա աղջիկը՝ դաուն համախտանիշով, ում ծնողները տարել էին մարմնամարզության պարզապես նրա մարմնի կոորդինացիան որոշակիորեն շտկելու նպատակով, ի հեճուկս բոլոր կանխատեսումների, դարձել է մարմնամարզության չեմպիոն:

Ամեն բան սկսվեց, երբ Չելսին 4 տարեկան էր: Ծնողները հույս ունեին, որ մարմնամարզության գնալով դուստրը կսովորի գոնե փոքր-ինչ ղեկավարել իր մարմինը: Եվ սկզբում թվում էր, թե այդ սպորտում նա ոչ մի ապագա չունի:

Նա չէր կարողանում անցնել քայլելու համար նախատեսված ձողի վրայով՝ անգամ մի քանի քայլ անելիս առնվազն երկու անգամ ընկնում էր: Սակայն կարճ ժամանակ անց մարզիչը ապշած է մնում իր նոր մարզուհու նպատակասլացությամբ: Չորս տարի անց՝ 8 տարեկանում, Չելսին մասնակցում է իր կյանքի առաջին մրցաշարին:

Մարզչի խոսքերով՝ սկզբում աղջիկը անգամ չէր էլ հասկանում, թե ինչով են տարբերվում առաջին տեղն ու վերջին տեղը, և թե ինչու է անհրաժեշտ այդքան շատ միավորներ հավաքել: Սկզբունքորեն նման հատուկ օլիմպիական խաղերի ժամանակ նպատակը բոլորովին այլ է, ոչ թե առանձնացնել լավագույնին, այլ օգնել, որ հատուկ կարիքներով երեխաները ինտեգրվեն հասարակությանը:

Բայց երբ Չելսիի համար բացվում է «մրցույթ» բառի նշանակությունը, նա սարսափելի տխրում է, որ մինչև հիմա չի հայտնվել պատվո հարթակի բարձունքին:

Այդ ժամանակ մարզիչը փակում է իր աչքերը աղջկա առանձնահատկությունների վրա և ասում նրան. «Եթե ցանկանում ես հաջողության հասնել, ուրեմն պետք է աշխատես այնպես, ինչպես աշխարհում առաջատար մարզիկները»:

Այդ օրվանից Չելսին սկսում է ժամերով պարապել, դժվար էր նրան մարզասրահից տուն տանելը:

Թվում էր, թե այլևս ոչինչ չի կարող հետ կանգնեցնել Չելսիին հաջողության ճանապարհից: Սակայն 2006 թվականին Հյուսիսային Կալիֆոռնիայի Հատուկ օլիմպիական կոմիտեն որոշում է կայացնում, որի համաձայն՝ Չելսիի ծնողները պետք է ինքնուրույն վճարեին իրենց դստեր շրջագայությունների ու կրթության համար: Իսկ նրանց ընտանեկան բյուջեն չէր բավականացնում այդ ամենի համար:

Այդ ժամանակ մարզուհու համաքաղաքացիները ստեղծում են հատուկ ֆոնդ, որպեսզի հավաքեն գումար՝ օգնելու տաղանդավոր աղջկան: Եվ շնորհիվ հազարավոր մարդկանց միասնական աջակցության՝ Չելսին կարողանում է դառնալ իր նահանգի հատուկ օլիմպիական թիմի անդամ:

Ոչ մի դժվարություն չէր կարող ստիպել նրան հետ կանգնել իր երազանքից: Նման նպատակասլացությունն ու աշխատասիրությունը տվեցին իրենց պտուղները: Նա դարձավ ԱՄՆ-ի սպորտային գիմնաստիկայի քառակի չեմպիոն մտավոր թերզարգացած մարդկանց շրջանում և աշխարհի երկակի չեմպիոն:

Այժմ Չելսին զբաղվում է ոչ միայն սպորտով, նա նաև համագործակցում է պրոֆեսիոնալ լուսանկարիչների հետ և չի դադարում փայլել իր ոչ ստանդարտ գեղեցկությամբ: Նա անգամ հասցրել է նկարահանվել գովազդային հոլովակում:

Այժմ արդեն ոչ բոլորը կարող են նրան նայելով միանգամից գլխի ընկնել, որ ինչ-որ բան այն չէ այս ժպտադեմ ու սիրունիկ աղջկա հետ: Եվ մի՞թե կարելի է բազում առողջ մարդկանցից առավել կենսախինդ ու բարությամբ լի այս աղջկա մասին ասել, թե նրա հետ ինչ-որ բան այն չէ:

Նա մասնակցում է բարեգործական միջոցառումների, բարություն, սեր ու հույս տարածում ամենուր, որտեղ հայտնվում է:

«Նա արքայադուստր է, նա օժտված է աննկարագրելի անհատականությամբ, նա մեր ուրախությունն է,- արցունքոտ աչքերով ասում են ծնողները,- նա սիրում է գիմնաստիկան, սիրում է շփումը տարբեր մարդկանց հետ և շատ-շատ է սիրում կյանքը»:

Ըստ adme.ru-ի