Մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով. հովիվ Արթուր Սիմոնյան

հովիվ Արթուր Սիմոնյան«Եվ մի՛ կերպարանվեք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվե՛ք ձեր մտքի նորոգությամբ, որ դուք քննեք, թե ինչ է Աստծո կամքը` բարին, հաճելին և կատարյալը» (Հռոմեացիներին 12.2):

Աստծո Խոսքը մեզ կոչ է անում, որ չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով: Աշխարհն ունի իր կերպարանքը, որ օրեցօր ավելի գայթակղիչ է դառնում, և շատ քրիստոնյաներ, հատկապես՝ երիտասարդները, ձգտում են նմանվել աշխարհի կերպարանքին:

Վերջերս հրավիրված էի մի միջոցառման և նկատեցի, որ մարդիկ ավելի շատ ձգտում են դեպի աշխարհիկ հաճույքները, քան հոգևորը: Կարծում եմ՝ պատճառն այն է, որ չեն առնչվում հոգևոր արժեքների հետ. չեն աղոթում, Աստվածաշունչ չեն կարդում, չեն ծառայում:

Նրանց սիրտը ծարավ է ոչ թե Աստծուն, այլ այն ամենին, ինչ այս աշխարհում է: Եթե հարցնես, թե ով է Ամբակումը, շատ քրիստոնյաներ չեն էլ իմանա, որ նա Հին ուխտի մարգարեներից է, իսկ Ավատարի մասին գրեթե բոլորը գիտեն: Վատ չէ, որ գիտեն Ավատարի մասին, վատն այն է, որ չգիտեն, թե ով է Ամբակումը:

Սիրելինե՛ր, մենք պետք է քրիստոնյա լինենք ոչ միայն անունով, այլև հոգով և մտքով, այսինքն` պետք է Քրիստոսի նման մտածենք, ապրենք և գործենք: Միգուցե միանգամից չստացվի, բայց շատ կարևոր է, որ ձգտենք դրան: Այս աշխարհի մտածելակերպը թույլ չի տա, որ մենք հոգևորապես հասունանանք, իսկ հոգևոր մանուկները չեն կարող ճիշտ քայլեր անել և երջանիկ լինել կյանքում:

Այդ պատճառով Աստծո Խոսքը պատվիրում է, որ չկերպարանվենք այս աշխարհի կերպարանքով, այլ նորոգվենք մտքով: Նորոգվել մտքով՝ նշանակում է Քրիստոսի նման մտածել, այսինքն՝ կյանքի յուրաքանչյուր իրավիճակում քննել և իմանալ, թե ինչ է Աստծո կամքը՝ բարին, հաճելին և կատարյալը:

Եկեք հանենք մեր վրայից այս աշխարհի կերպարանքը և նմանվենք Քրիստոսին: Ցանկացած քայլ անելուց առաջ մի պահ մտածենք, թե որքանով է դա բարի, հաճելի և կատարյալ: Եթե որոշում կայացնենք և հետևենք Աստծո կամքին, իսկապես երջանիկ կլինենք, որովհետև երջանկությունն Աստծո մեջ է: Աստված օրհնի ձեզ: Ամե՛ն: