Աստծո հայրության զորությունը. վկայություն Սեմի Թիփիթի կյանքից

Աստծո հայրության զորությունը. վկայություն Սեմի Թիփիթի կյանքիցԱստծո բարությունը չի բացառում նեղություններն ու կյանքի դժվարությունները, այլ մեզ խաղաղություն ու հաղթություն է տալիս նեղությունների ժամանակ:

Մի առիթով, երբ ընտանիքիս հետ ճանապարհորդում էի Ռումինիայում, կինս՝ Թեքսը, և աղջիկս՝ Ռենին, պետք է որոշակի տեղում դիմավորեին ինձ ու որդուս՝ Դեյվին: Երբ երկուսով տեղ հասանք, մեզանից մոտ հարյուր մետր այն կողմ՝ փողոցի մեջտեղում, շուրջ երկու հարյուր մարդ էր խմբված: Եկեղեցու երիտասարդ անդամներից մեկը վազելով մոտեցավ մեզ ու բացականչեց. «Սեմի, Սեմի, Ռենիին մեքենա է հարվածել»:

Վազեցինք դեպի ամբոխը: Թեքսը կռացել էր տասնամյա աղջկաս վրա ու փորձում էր հանգստացնել նրան: Ես օգնեցի, որ աղջկաս պատգարակի վրա դնենք և շտապ օգնության մեքենա տեղափոխենք: Մեքենայում Ռենին լացելով ասում էր. «Հայրի՜կ, ես մեռնել չեմ ուզում: Ես ապրել եմ ուզում, որ այստեղ՝ Ռումինիայում, Հիսուսի համար երգեմ»:

Արցունքներս զսպելով՝ փորձում էի Ռենիին համոզել, որ ամեն բան լավ կլինի: Հիվանդանոցում բժիշկները պարզում էին վնասվածքների չափը: Սկզբնական ախտորոշումը լավ արդյունք չխոստացավ: Բացի դրանից, ոստիկաններն էլ իրենց հերթին պահել էին կնոջս, վերցրել նրա անձնագիրը և բռնագրավել մեր ավտոմեքենան, թեև այն ոչ մի առնչություն չուներ դժբախտ պատահարի հետ: Միայն երկու ժամ անց կինս կարողացավ գալ հիվանդանոց:

Թեքսն ու ես գնացինք դժբախտ պատահարի վայրը, իսկ մեր խմբի անդամներից մեկը մնաց Ռենիի մոտ: Կարծում էի՝ ոստիկանը կհասկանա ինձ, երբ խոսեմ: Բայց նա հրաժարվեց Թեքսի անձնագիրը վերադարձնելուց՝ սպառնալով վեց ամսվա ազատազրկմամբ, որովհետև Ռենին մենակ էր փողոցն անցել:

Հյուրանոց վերադառնալով՝ փոխեցի հագուստս, Թեքսին հիվանդանոց տարա և եկեղեցի գնացի, որտեղ քարոզելու էի:

Մտազբաղ էի: Եկել էի կոմունիստական երկիր՝ Ավետարանը քարոզելով Աստծուն ծառայելու, բայց ինձ համար թանկ գնահատվող ամեն բան ասես փշրվել էր: Մտքերի գիրկն ընկած նստել էի հովվի սենյակում, երբ ռումինացի երկու ընկեր մոտեցան ինձ ու ասացին. «Սեմի, քարոզելու ժամանակն է»: Ժողովուրդը սպասում էր ինձ:

Արցունքն աչքերիս նայեցի նրանց՝ ասելով. «Չեմ կարող քարոզել: Ներեցեք, բայց չեմ կարող»: Նրանք դուրս եկան սենյակից, մի հանգիստ տեղ գտան ու սկսեցին աղոթել ինձ համար: Այդ դատարկ սենյակում ես ինձ ջախջախված էի զգում: Կարծես՝ չէի ուզում աղոթել: Եվ հանկարծ Հիսուսի խոսքերը հիշեցի. «Հայր մեր»:

Սկսեցի խորհրդածել Աստծո հայրության մասին, հիշել Նրա կատարած բոլոր բարի գործերը: Երբ կենտրոնացա Հոր բարության վրա, մարդկային հասկացողությունից վեր մի խաղաղություն պարուրեց ինձ:

Ի վիճակի եղա քարոզելու, և շատերն ապաշխարեցին: Հրավերի վերջին աղոթքն անելուց հետո ամբիոնի վրա մի երկտող նկատեցի: Կարդացի. «Ռենին լավ է, նրան արդեն դուրս գրեցին հիվանդանոցից: Այժմ մենք հիվանդանոցի մոտ ենք: Սիրում եմ քեզ: Թեքս»:

Փառք Հորը, որ սիրտս փոխել էր: Երբ հիվանդանոց վերադարձա, իմացա, որ Թեքսի անձնագիրը նույնպես արդեն վերադարձրել էին, իսկ մեքենան կանգնած էր ներքևում:

Աստված խիստ բարի է: Հայրը զբաղվում է մեր կյանքի դժվար իրավիճակներով՝ դրանցից գերբնական ձևով բարին բխեցնելով, քանի որ Հայրը բարի է:

Թշնամին այս հարցով կարող է մեղադրել Աստծուն: Նա գալիս է և մեզ աշխարհի չարիքը մատնացույց անում: Շատ հստակ նկարագրում է ողջ պատմության դաժանությունները և ասում, որ Աստված է չարիքի աղբյուրն ու պատճառը: Այն ժամին, երբ սկսում ենք տեղի տալ այդ մտքին, կորցնում ենք աղոթքի զորությունը: Հայրը փափագում է Իր բարությունն արտահայտել Իր զավակների հանդեպ: Եթե ուզում ենք զորավոր լինել աղոթքի մեջ, պետք է հստակ պատկերացում ունենանք Նրա բարության մասին:

Հիսուսն Իր աշակերտներին սովորեցնում էր այսպես աղոթել. «Հայր մեր»: Աստծո հայրությունն արտահայտում է Նրա մոտիկությունն ու գթությունը: Հիշի՛ր՝ Աստված գիտի մեր կյանքի մանրամասները և մտահոգված է դրանցով: