«Մարդ պետք է մի քիչ Ավո լինի». Այսօր հերոսի ծննդյան օրն է

20 տարի առաջ` այս օրը զոհվեց Ազգային Հերոս Մոնթե ՄելքոնյանըՀայ ազգի հերոս Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թ-ի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում: Մեծազնիվ հայորդու կերպարը հավերժ կմնա հայ ժողովրդի հիշողության մեջ որպես լուսավոր պատկեր:

Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում,եղեռնի ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:

Իր ողջ գիտակից կյանքում նա պայքարեց հայերի իրավունքների, հայոց ցեղասպանության ճանաչման և մեր հայրենիքի վերատիրման համար, թեև հնագիտության պրոֆեսոր էր և տիրապետւմ եր 8 լեզուների: 1980 թվականից անդամագրվելով Հայաստանի Ազատագրության Հայ Գաղտնի Բանակին՝ կարճ ժամանակում դարձավ նրա ղեկավարներից մեկը:

1991 թվականի սեպտեմբերին մեկնեց Արցախ: 1992 թվականին Վազգեն Սարգսյանի առաջարկով ստանձնեց Մարտունու շրջան շտաբի պետի պարտականությունը: Այստեղ կարճ ժամանակում նա շահեց բնակչության սերն ու հարգանքն իր անկեղծությամբ ու մաքրությամբ: Նրա ղեկավարությամբ Մարտունին դարձավ ամենապաշտպանված ու ամենամարտունակ շրջանը: 1993-ի մարտ-ապրիլ ամիսներին նրա ղեկավարությամբ ազատագրվեց նաև Քարվաճառը:

1993-ի  հունիսի 12-ին Մոնթեն և իր ընկերները Մարզիլի գյուղի մոտ հանդիպում են ադրբեջանական զրահամեքենայի: Սկսվում է փոխհրաձգություն, որի արդյունքում սպանվում են Մոնթեն և նրա զինակից ընկերը՝ Սարիբեկը:

Մոնթեն երբեք չէր ծխում, երբեք ոգելից խմիչք չէր օգտագործում: Երբ մասնակցում էր ավանդական կենացներին, կարող էր բարձրացնել մեկ բաժակ մածուն:

Նա իր ամսական աշխատավարձը տալիս էր խոհարարներին, միշտ մերժում էր մենաշնորհները` գերադասելով ապրել նույն պայմաններում, ինչ իր հրամանատարության տակ գտնվող զինվորները:

Մի օր էլ, երբ նրան առաջարկեցին զինվորական տաք բաճկոն (իր հագինը չափից ավելի մաշված էր), Մոնթեն հրաժարվեց այն վերցնել` ասելով. «Չե՞ս ամչնար, տա՛ր դիրքեր` տղաներին»:

Այդօրինակ վերաբերմունքը շրջապատի հանդեպ, բնականաբար, իր դրական ազդեցությունն էր թողնում Ավոյի հեղինակության վրա: Եվ պատահական չէ, որ մարտունեցիները, մինչ օրս, երբ ուզում են ասել` «Մարդ պետք է մի քիչ ազնիվ լինի», փոխարնեն ասում են. «Մարդ պետք է մի քիչ Ավո լինի»:

Զինակից Հրայր Կարապետյանի հուշերից. «Շատ գրավիչ ծիծաղ ուներ: Ես շատ տպավորված եմ նրա ազնվությամբ: Վերին աստիճանի բարեկիրթ էր, պարզ ու ճշմարիտ: Անչափ մեծ է նրա ներդրումը շրջանի և ընդհանրապես Արցախի վիճակի բարձրացման գործում, բայց, ցավոք, չտեսավ վերջնական հաղթանակը:

Ինձ բախտավոր եմ համարում, որ այդ տեսակ մարդկանց հետ պատիվ եմ ունեցել շփվելու:  Զարմանում ես մարդկային կամքի, ոգու և ֆիզիկական հնարավորությունների վրա:

Գիտակցելով, որ իր մեծ նպատակների իրականացման համար ժամանակը քիչ է, և հասկանալով հանդերձ, որ այդ ճանապարհի ամեն քայլափոխ լի է մահացու վտանգներով՝ նա արեց ամեն ինչ այդ ճանապարհով ավելի առաջանալու:

Մոնթեն իր ամբողջ կյանքն ապրել է ազնիվ, պարկեշտ և շիտակ, ինչպես որ զուլալ և պարկեշտ էին նրա մտքերն ու գաղափարները: Նա հայրենասեր էր իր ամբողջ էությամբ, այն աստիճանի, որ գիտակցորեն իր հոգևոր բոլոր կարողությունները մարմնավոր կյանքի հետ անմնացորդ դրեց Հայրենիքի ազատագրության զոհասեղանին:

Նա ապրեց վսեմ և աստվածահաճո կյանքով: Նա իր ամբողջ կյանքը նվիրաբերեց արդարության վերականգնման գաղափարին»: