Օգտագործիր առիթը՝ ասելու շնորհակալություն. այսօր գոհաբանության օրն է

Օգտագործիր առիթը՝ ասելու շնորհակալություն. այսօր գովաբանության օրն էՄենք սիրում ենք օտարամուծություններ և հաճախ հենց ինքներս մեզնից էլ լսում ենք, թե դա լավ բան չէ: Բայց ամեն ինչի մեջ, որպես կանոն, կան լավ և վատ կողմեր:

Եվ իմաստուն է այն ժողովուրդը, ով վերցնում է լավը՝ չանտեսելով այն, իսկ վատից պարզապես սովորում, թե ինչպիսին չպետք է լինել:

Այսօր ԱՄՆ-ում նշում են գոհաբանության օրը՝ հրաշալի օր, հրաշալի անվանումով:

Այս օրը նշվում է ամեն տարի՝ նոյեմբերի չորրորդ հինգշաբթին, երբ յուրաքանչյուր ոք իր սրտի գոհաբանությունն է բարձրացնում առ Աստված՝ շնորհակալություն հայտնելով բերքի և օրհնությունների համար:

Իհարկե, օրվա նշանակությանը զուգահեռ, կարելի է գործածել այն՝ շնորհակալություն հայտնելով նաև մարդկանց, չէ՞ որ այն մի առիթ է, երբ դիմացինին կարող ես քո մեկ խոսքով, գնահատանքի ու երախտիքի վերաբերմունքով ուրախացնել ու ժպիտ պարգևել:

Այս տոնը կարելի է նշել մեր հայրենիքում գոնե նրա համար, որ մեր տառապած ու դժգոհ դեմքերին մի փոքր գոհություն նշմարվի: Իսկ ով գիտի գոհանալ՝ հրաշալի առիթ կլինի ավելի ջերմ ու ազատորեն արտահայտելու սրտի գոհությունը:

Ինչո՞ւ չօգտագործել նման առիթը՝ շնորհակալություն ասելու մարդկանց: Եվ գիտե՞ք, թե ինչն է ամենահրաշալին, որ այն կստիպի մեզ մտածել, թե հատկապես ո՛ւմ շնորհակալություն հայտնել:

Եվ արդյունքում, մենք կսկսենք փորփրել, մտածել, մտաբերել, և, ի վերջո, նկատել ու գնահատել մարդկանց, ում գուցե երբեք չենք նկատել, ովքեր միշտ մեր կողքին են, անում են որոշ բաներ, և մեզ թվացել է, թե հենց այդպես էլ պետք է լինի:

Ինչո՞ւ չօգտագործենք այս հրաշալի առիթը և շնորհակալական անկեղծ խոսքեր ասենք նրանց: Իսկ ինչո՞ւ չօգտագործենք այս հրաշալի առիթը՝ շնորհակալություն հայտնելու Աստծո՛ւն այդ մարդկանց համար:

Այն օրը, երբ մեզանից յուրաքանչյուրն արարվեց, Աստված հոգ տարավ, որ մեր կողքին լինեն նրանք՝ այդ համ ու հոտով, օգնելու միշտ պատրաստ, առանց շնորհակալության ակնկալիքի և երբեմն, գուցե, աննկատ մարդիկ:

Այնպես որ, եթե ցանկանում ես ասել, թե քո կողքին չկան նման մարդիկ, ապա կանգ առ մի վայրկյան, մի՛ շտապիր, մտածիր ու տես… դու հաստատ կգտնես նրան՝ գոնե մեկին:

Եվ թող նա լինի այսօր երկրորդը, ում շնորհակալություն կասես, քանի որ, վստահ եմ, առաջինը Աստված է լինելու:

Իսկ ես շտապեմ չկորցնել ի՛մ հնարավորությունը. շնորհակալ եմ քե՛զ, իմ սիրելի, թանկ ու հավատարիմ ընթերցող:

Դու պատահական մարդ չես, ավելին՝ դու պատահական ընթերցող չես, դու Աստծուց կանչված մարդ ես և ջերմացնում ես մեր աշխատանքը քո ուշադիր, խորաթափանց ու նախանձախնդիր հայացքով:

Աստված օրհնի քեզ:

CrossNews.am