Ոչինչ կարող չէ բաժանել քեզ Նրա սիրուց. Չարլզ Սպերջեն

spurgeonԴու, որ հավատում ես Աստծուն, հետ նայիր անցյալ քո կյանքին և հիշիր ճանապարհները, որոնցով Աստված տանում էր քեզ անապատում. ինչպես էր օր օրի հետևից Նա կերակրում քեզ և հագցնում, ինչպես էր համբերատար տանում քո մեղսավոր պահելաձևն ու քո տրտունջները և եգիպտական կաթսաների մսի քո կարոտը, ինչպես էր Նա ճեղքում ժայռը՝ քեզ խմեցնելու համար, և կերակրում քեզ երկնային մանանայով: Հիշի՛ր, ինչպես քո բոլոր վշտերում քեզ բավական էր Նրա շնորհը, ինչպես էր Նրա արյունը ներում քեզ քո բոլոր մեղքերը, ինչպես էր Նրա գավազանն ու ցուպը մխիթարում քեզ:

Հիմա, երբ տեսար Աստծո սերը անցյալում, թող հավատքդ տեսնի Նրա սերը ապագայում ևս, քանզի Քրիստոսի ուխտն ու արյունը իրենց մեջ ավելին են կրում, քան անցյալը:

Նա, Ով մեկ անգամ սիրել ու ներել է քեզ, երբեք այլևս չի դադարի սիրել և ներել: Նա Ալֆան է և Նա էլ նախասահմանված է Օմեգան լինելու, Նա Առաջինն է և Նա էլ Վերջինը կլինի:

Ուստի հիշի՛ր, երբ գնաս մահվան շուքի ձորով, կարիք չունես չարից վախենալու, քանզի Նա քեզ հետ է:

Հորդանանի պաղ ջրերում կանգնելով՝ մի՛ վախեցիր, որովհետև մահը կարող չէ բաժանել քեզ Նրա սիրուց, և մտնելով հավիտենականության առեղծվածների մեջ՝ մի՛ դողա, «քանզի ես համոզված եմ, որ ոչ մահը, ոչ կյանքը, ոչ հրեշտակները, ոչ իշխանություններ, ոչ զորություններ, ոչ ներկա բաներ, ոչ գալու բաներ, և ոչ բարձրություն, ոչ խորություն, և ոչ մեկ ուրիշ ստեղծված բան կարող է մեզ բաժանել Աստծո սիրուց՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսում»:

Օ՜, հոգի՛ս, մի՞թե սերը չի նորոգում ուժերը քո: Մի՞թե դա չի դրդում քեզ սիրելու Հիսուսին: Մի՞թե սիրո եթերի անսահման տիրություններով թռչելիս քո սիրտը չի բոցավառվում և չի ստիպում քեզ ավելի ուրախանալ քո Աստծո մեջ:

Իրապե՛ս, երբ խորհում ենք այն մասին, թե ինչպես է Աստված սիրում, մեր սրտերը բոցավառվում են մեր մեջ, և մենք փափագում ենք ավելի ու ավելի սիրել Նրան: