Նրա խոստումները սպասում են ձեզ. Ջոն և Լիզա Բիվեր

Ջոն և Լիզա Բիվեր«Եվ աթոռի վրա նստողն ասաց. ահա ամեն բան նոր եմ անում» (Հայտնություն 21.5):

Աստված պարզապես չի նորացնում անցյալը: Նա ամեն ինչ նոր է դարձնում: Նա վերցրեց Եդեմի ծառերը, որոնք հիշեցնում էին մեր անկման մասին, և վերաիմաստավորեց դրանք:

Նա գամեց Իր Որդուն մահվան ծառին, որպեսզի կարողանար ընդունել մեզ Իր հավիտենական քաղաքում, քանի որ այդտեղ է կյանքի ծառը, որի տերևները ազգերի բժշկության համար են:

Չկա այնպիսի կորսված բան, ինչը Նա անկարող է փրկել: Սա նաև վերաբերում է մեր ամուսնություններին: Նա նորոգում է ամեն ինչ, որպեսզի նոր սկիզբ տա մեզ:

Ձեր անցյալն այլևս գոյություն չունի: Այն ամփոփված է ժամանակվա մատյանների մեջ և անհասանելի է մարդկային ջանքերի համար: Այնուամենայնիվ, կա Մեկը, Ով ապրում է ժամանակից դուրս, և Նա ենթակա չէ դրա սահմանափակումներին:

Նա «Բարձրը և Բարձրյալն է» և «հավիտենության մեջ Բնակվողը» (Եսայի 57.15): Աստված կազատի ձեզ անցյալի ձախողումներից՝ գրելով ձեր ապագայի պատմությունը: Աստծո Թագավորության մեջ երեկվա ցավը չի խոչընդոտում վաղվա ներուժին: Ամեն օր Նրա ողորմությունները նորոգվում են, և Նրա խոստումները սպասում են ձեզ: Նա ցանկանում ու փափագում է անհնարինը հնարավոր դարձնել ձեզ համար:

«Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, քան որ խնդրում ենք և իմանում, այն զորության չափովը, որ մեզանում ներգործում է» (Եփեսացիս 3.20):

Այն պտղաբերությունը, արդյունավետությունը և բավականությունը, որոնք Աստված կարող է բերել ձեր կյանքում և ձեր ամուսնության մեջ, ավելին են, քան դուք կարող եք պատկերացնել: Հիշեք այն երազանքները, նպատակներն ու ցանկությունները ձեր ամուսնության մասին, որոնք դուք գրի եք առել անցած օրերի կամ ամիսների ընթացքում: Աստված չի ցանկանում պարզապես տալ ձեզ այդ տեսիլքը:

Նա ցանկանում է առատորեն գերազանցել այն: Նա ցանկանում է ավելի խորը մտերմություն պարգևել ձեզ և լայնացնել ձեր ազդեցության սահմանները, որպեսզի ձեր միությունը հաստատի Նրա երկնային Թագավորությունն այս երկրի վրա: Նա ցանկանում է արմատապես և աննախադեպ գործել ձեզանում և ձեր միջոցով: Միգուցե դուք չէիք համարձակվում երազել մինչև հիմա: Համարձակվեք հիմա: