Առաջին դարի եկեղեցու գաղտնի զենքը, որ դուռ բացեց մեծ արթնության համար

Առաջին դարի եկեղեցու գաղտնի զենքը, որ դուռ բացեց մեծ արթնության համարԳնալով ավելի մեծ թվով քրիստոնյաներ են գիտակցում, որ քրիստոնեական կյանքը «ավելին է», քան այն ամենը, ինչ իրենք վերապրում են: «Ավելին» գալիս է աղոթքի կարգապահության միջոցով: Երբ մենք սկսենք աղոթել ինչպես Հիսուսը և Նրա հետևորդները, ապա մենք կտեսնենք այն զորությունը, որ նրանք էին վերապրում այն ժամանակներում:

Երբ ես կարդում եմ Գործք Առաքելոցը, շփոթվում եմ: Ինչո՞ւ է քրիստոնեության պիտակն այսօր անհամեմատ փոխվել, այն չէ, ինչ առաջին դարում էր: Որտե՞ղ է այն զորությունը, որ կար մի ժամանակ: Արդյոք Աստվա՞ծ է փոխվել, թե՞ մենք:

Երբ կարդում ենք Գործք Առաքելոցը, մենք պետք է փափագենք վերապրելու քրիստոնեության այդ մեծ ալիքը, որը եղել է այն ժամանակ: Բայց փոխարենը նմանվելու նրանց, մենք ընդամենը բավարարվում ենք այս վիճակով և շատ ժամանակ զբաղված ենք պարզապես միմյանց հետ մրցելով:

Բայց ինչո՞ւ ընդօրինակել մեր օրերից, եթե կարող ենք ընդօրինակել բնօրինակից: Գործք Առաքելոցում Աստված ամեն օր էր փրկում: Համայնքները վերափոխվում էին: Մարդիկ՝ բժշկվում: Դևերը քշվում էին: Հրաշքներ կատարվում էին ամեն օր: Իսկ եկեղեցիները տարածվում էին Հռոմեական կայսրության ողջ տարածքով մեկ: Հալածանքները դիմագրավվում ու հաղթահարվում էին:

Ի՞նչն է մեզ պակասում այսօր արթնության այդ հոսքը վերապրելու համար: Քրիստոնեության մեջ հոգևոր զորության մեր պակասը այսօր կապ չունի այն քարոզների հետ, որ լսում ենք և այն երգերի, որ երգում ենք: Ավելի շուտ, դա աղոթքի պակասի արդյունք է: Մենք չենք աղոթում այնպես, ասես աղոթքը անփոխարինելի է մեզ համար: Հիսուսը և Իր հետևորդները աղոթում էին այնպես, ասես աղոթքը անփոխարինելի մի գործ էր իրենց համար: Աղոթքը  նրանց առաջնահերթությունն էր: Մենք աղոթում ենք այնպես, ասես հազիվհազ ժամանակ ենք գտնում դրա համար: Մենք ծրագրում ենք ավելի, քան աղոթում ենք: Առաջին դարի քրիստոնյաներն աղոթում էին ավելի, քան ծրագրում էին: Մենք հավաքվում ենք իրար ծառայելու: Նրանք հավաքվում էին Աստծուն աղոթքով ու ծոմով ծառայելու: Մեր կիզակետը երկրային է, հորիզոնական: Նրանց կիզակետը երկնային էր, ուղղահայաց:

Ամեն աղոթք, որ մենք աղոթում ենք, մեծ նշանակություն ունի: Մեր աղոթքների միջոցով Աստված փոխում է կյանքեր, երևույթներ, իրավիճակներ: Մի կյանք, որ աղոթքին է ընծայված, կարող է ավելի բարիք գործել, քան այն կյանքը, որ ընծայված է «ազնիվ», աշխարհային նպատակների:

Հիսուսի այն հետևորդը, ով ընծայված է աղոթքին, կյանքի աղբյուր է մահվան այս աշխարհում: Նույն կերպ էլ եկեղեցին, որը դառնում է աղոթքի տուն, կլինի հոգևոր զորության աղբյուր, որից հոսելու են Աստծո զորավոր հրաշքները:

Աղոթքն է այն, ինչ մերօրյա քրիստոնյաները հաճախ աչքաթող են անում:

Շատերս գիտենք՝ ինչպես ծառայել Աստծո համար, բայց որքանո՞վ մարդ գիտի՝ ինչպես ծառայել Աստծուն: Գործք Առաքելոց 13.2-ում գրված է. «Տիրոջը պաշտոն էին մատուցանում»: Ի՞նչ է սա նշանակում: Սա նշանակում է՝ ծառայել Նրան, սիրել Նրան և ունենալ կյանքի ուղղահայց առաջնահերթություն՝ Նրա հետ հարաբերություններում:

Կանգ առ և թույլ տուր Սուրբ Հոգուն քո մտքում և սրտում բերել Հիսուսի պատկերը:

Պատկերացրեք Հիսուսին, Ով նստած է իր ընկերների՝ Մարթայի և Մարիամի տանը: Նա պատմում է իր գործերի մասին: Նկատեք Մարիամին: Նա նստած է Հիսուսի ոտքերի մոտ՝ լսելով Նրան: Մարթան սիրում է Հիսուսին՝ ծառայելով Նրան: Եվ լսեք Հիսուսի խոսքերը. «Մարիամն ընտրել է բարի բաժինը»:

Հիմա պատկերացրեք, որ դուք ունեք նույն հնարավորությունը՝ Հիսուսին ծառայելու: Դուք ունեք նույն հնարավորությունը՝ սիրելու Նրան, ծառայելու Նրան աղոթքով. նստելու Նրա ոտքերի մոտ ու լսելու Նրան:

Նա սպասում է: Նա արդեն նստած է ձեր տանը: Մի՛ սկսիր ինքդ, նախևառաջ լսիր: Նա փափագում է կիսվել Իր սրտի մտորումներով քեզ հետ: Սպասիր Նրա առջև: Լսիր Նրա խոսքերը. «Դու ընտրել ես բարի բաժինը»:

Սթիվ Գեյնս