Սուրբ Հոգու ընկալման մի քանի դժվարությունների մասին. Սամվել Նավոյան

samvelՍուրբ Գրքում Աստծո Հոգու մասին տրված հայտնությունը նվազ հստակ է, քան Հոր և Որդու մասին եղածը (այն ծավալուն կերպով արծարծվում է միայն Հովհաննեսի Ավետարանի 14-16 գլուխներում):

Դժվարություն կա նաև Սուրբ Հոգու կերպավորման հարցում: Եթե Հայր Աստծո ընկալմանն օգնում է երկրավոր հոր կերպարը, իսկ Որդին հայտնվել է մարդկային կերպարանքով, ապա Հոգին դժվար է ընկալվում Իր անշոշափելիության պատճառով:

Ավետարաններում Սուրբ Հոգու սպասավորությունը ներկայացված է Որդուն բացահայտելու և փառավորելու համատեքստում (Հովհաննես 16.14): Սակայն ինչպես Որդու՝ երկրային կյանքի ընթացքում առ Հայրը եղած ենթակայությունը չի կարող ասել Նրա ցածր դիրքի մասին Սուրբ Երրորդության մեջ, այդպես էլ՝ Հոգու ներկա դերակատարությունը:

Համաձայն համակարգված աստվածաբանության՝ Հայր Աստված աշխատանք է կատարում արարչագործության և նախախնամության նպատակով, Որդին պատրաստում է ընկած մարդկության փրկագործությունը, իսկ Սուրբ Հոգին կենսագործում է այն: Այնպես որ, Սուրբ Հոգու միջոցով է հավատացյալը հաղորդակցության մեջ մտնում Աստվածության հետ: Նա մեր սրտերում է և գործում է մեր կյանքերում:

Եթե Հոր աշխատանքը հատուկ կերպով ընդգծվում է Հին Կտակարանի շրջանում, Որդունը՝ Ավետարաններում մինչև համբարձումը, ապա Սուրբ Հոգունը՝ Հոգեգալուստից սկսած տարածվում է մինչև Եկեղեցու պատմության հետագա շրջանները:

Ժամանակակից մշակույթը մեծ ուշադրություն է դարձնում հատկապես փորձառության վրա, իսկ Աստծո ներկայությունը և հոգևոր կյանքը իրական են դառնում հենց Սուրբ Հոգու միջոցով: