Ինչպե՞ս հավատալ Աստվածաշնչին, երբ այն լի է հակասություններով

«Ինչպե՞ս հավատալ Աստվածաշնչին, երբ այն լի է հակասություններով»Իսկապես զարմանալի է, թե որքան հաճախ են այս հարցը տալիս:

Բանն այն է, որ ոմանց կարծիքով Աստվածաշունչը լի է բազմաթիվ  ակներև հակասություններով. «Եթե իրոք այդպես է, ապա չի կարելի հավատալ, որ այն ունի աստվածային նախասկիզբ»: Այս մարդիկ ընդհանրապես պնդում են, որ Աստվածաշունչը հակասում է հենց ինքն իրեն, ինչը կասկածանք է հարուցում Գրքի արժանահավատության հանդեպ:

Եթե իրոք Աստվածաշունչը պարունակում է ակներև սխալներ, ապա կարելի է ասել, որ այդ էջերը, համենայն դեպս, չեն կարող բխել կատարյալ, ամենագետ Աստծուց: Մենք չենք վիճաբանում այս եզրահանգման դեմ, սակայն համաձայն չենք այս սկզբնական նախադրյալին, թե իբր Կտակարանները լեցուն են սխալներով: Իհարկե, շատ հեշտ է մեղադրել Աստվածաշնչի անճշտությունների համար, սակայն միանգամայն այլ խնդիր է դա ապացուցելը:

Առաջին հայացքից որոշ դրվագներ թվում են հակասական, սակայն մանրակրկիտ հետազոտություններից պարզվում է, որ դա այդպես չէ:

Ամենակարևորը, որ մենք հայցում ենք, անկողմնակալ կարծիքն է ենթադրյալ հակասությունների վերաբերյալ: Մենք չպետք է նվազեցնենք կամ չափազանցնենք խնդրի բարդությունը և պետք է այդ կարծիքի հեղինակին տանք կասկածողի առավելությունը: Առհասարակ սա է կանոնը գրականության մեջ, և պահանջում ենք, որ այդ կանոնը լինի նաև այստեղ: Մենք շատ հաճախ ենք հանդիպում այնպիսի մարդկանց, ովքեր ուզում են այլ հայեցակարգ կիրառել, երբ հարցը վերաբերում է Աստվածաշնչի մեկնությանը: Այս մոտեցումը մենք կտրականապես մերժում ենք:

Իսկ ո՞րն է այդ հակասությունը: Ըստ հակասության օրենքի, որը հիմքն է ամբողջ տրամաբանական դատողության, որևէ բան չի կարող միաժամանակ լինել և չլինել: Այլ խոսքերով՝ հնարավոր չէ, որ միաժամանակ անձրև գա և չգա:

Եթե որևէ մեկը կարողանա այս սկզբունքից շեղվող փաստեր ցույց տալ Աստվածաշնչում, այդ դեպքում միայն կարող է ապացուցել հակասության առկայությունը նրանում: Օրինակ, եթե Աստվածաշնչում ասվեր (իհարկե, այդպիսի բան չկա),  թե Հիսուս խաչելությամբ մահացել է և՛ Երուսաղեմում, և՛ Նազարեթում, սա ակնհայտ սխալ կլիներ:

Երբ հանդիպում ենք ենթադրյալ հակասությունների, չափազանց կարևոր է հիշել, որ երկու պնդումներ կարող են տարբերվել միմյանցից՝ առանց հակասական լինելու: Մինչդեռ  ոմանք միմյանցից չեն զանազանում հակասությունը և տարբերությունը:

Օրինակ, կույր մարդկանց պատմությունը. Մաթևոսը վկայում է, թե Հիսուսին երկու կույր մարդ է հանդիպել, մինչդեռ Մարկոսն ու Ղուկասը միայն մեկ կույրի են հիշատակում: Ադյուհանդերձ այս վկայություններն իրար չեն ժխտում, ընդհակառակը՝ լրացնում են միմյանց:

Ենթադրենք, որ դուք քաղաքապետարանում խոսել եք ձեր քաղաքագլխի և ոստիկանապետի հետ: Այնուհետև հանդիպում եք ձեր ընկեր Ջիմին և նրան պատմում եք, որ այսօր խոսել եք քաղաքագլխի հետ: Մեկ ժամ ամց հանդիպում եք ձեր ընկեր Ջոնին և նրան պատմում, որ զրուցել եք թե՛ քաղաքագլխի, թե՛ ոստիկանապետի հետ: Եթե ձեր ընկերները համեմատելու լինեն այդ լուրերը, կթվա, թե հակասություն կա, սակայն ոչ մի հակասություն էլ չկա: Եթե դուք ասած լինեիք Ջիմին, թե միայն քաղաքագլխի հետ եք խոսել, կհակասեիք ձեր իսկ այն վկայությանը, որ տվել էիք Ջոնին:

Այն տեղեկությունները, որոնք դուք իրականում տվել էիք Ջոնին և Ջիմին, տարբեր են, սակայն ոչ հակասական: Նմանապես, աստվածաշնչյան շատ վկայություններ այս դասին են հանգում: Շատերը կարծում են, թե իրենք սխալ են գտել այն դրվագներում, որոնք փաստորեն չեն կարողացել ճիշտ ընթերցել:

Դատավորաց գրքից օրինակ կարող ենք բերել Սիսարայի մահը: Դատավորաց 5.25-27 խոսքերից ենթադրվում է, որ Հայելը սպանում է Սիսարային դարբնի մուրճով և վրանի ցցով՝ Սիսարայի՝ կաթ խմելու պահին: Մինչդեռ նույն գրքի 4.21-ում ասվում է, թե Հայելն այդ սպանությունը կատարում է Սիսարայի քնած ժամանակ: Այնուամենայնիվ, Դատավորաց գրքի 5.25-27-ը ուշադիր կարդալիս պարզ է դառնում, որ Սիսարան սպանվելու պահին կաթ չէր խմում: Այսպիսով թվացյալ հակասությունն ի չիք է դառնում:

Երբեմն էլ թվում է, թե երկու դրվագ հակասում են իրար սոսկ այն պատճառով, որ թարգմանությունը ճշգրիտ չէ: Աստվածաշնչի բնագիր լեզուների իմացության շնորհիվ կարելի է անմիջապես լուծել այդ տարակարծությունները, քանի որ հունարենն ու եբրայերենը ունեն իրենց առանձնահատկությունները, որոնք դժվարացնում են այդ լեզուներից կատարվող թարգմանությունն անգլերենի կամ այլ լեզվի:

Դասական օրինակ կարող են ծառայել Պողոսի դարձի պատճառները, ինչպես որ նկարագրված են Գործք Առաքելոցում: Գործք 9.7-ը վկայում է. «Նրա հետ գնացող մարդիկ անշշունջ կանգնած էին. միայն ձայնն էին լսում, բայց ոչ մեկին չէին տեսնում»: Մինչդեռ Գործք 22.9-ում  կարդում ենք. «Ինձ հետ եղողները լույս տեսան և վախով լցվեցին, սակայն ինձ հետ խոսողի ձայնը չլսեցին»:

Այս պնդումները, կարծես, հակասական են, քանզի մեկում ասվում է, որ Պողոսի ուղեկիցները լսում էին ձայնը, մինչդեռ մյուսում թե՝ չէին լսում: Սակայն հունարենի իմացությունը հարթում է այս տառադարձությունը: Ահա թե դա ինչպես է բացատրում հույն մատենագետ Ու. Ֆ. Այրընդը. «լսել» բայի կազմությունը նույնը չէ երկու դեպքերում: Գործք 9.7-ում այն կիրառվում է սեռական, իսկ 22.9-ում՝ հայցական հոլովներով: Սեռական հոլովի կազմությունն ուղղակի արտահայտում է, թե ինչ-որ բան է լսվում կամ որոշակի բաներ էին հասնում նրանց ականջին, պարզ չէ՝ լսողները հասկանո՞ւմ էին իրենց լսածը, թե՝ ոչ: Իսկ հայցականի կազմության դեպքում բնութգրվում է լսածը. չի ժխտվում, որ Պողոսի  ուղեկիցները որոշ ձայներ են լսել. այն ուղղակի ծանուցում է, որ նրանք ինչպես հարկն է չէին լսել, որպեսզի հասկանային ասվածը: Այդպիսով պարզվում է, որ այդ դրվագները չեն հակասում միմյանց: Անգլերենի արտահայտման միջոցը տվյալ դեպքում այնպես արտահայտիչ չէ, ինչպես հունարենինը:

Պետք է նշել, որ Աստվածաշնչի որոշ «սխալներ» ծագում են այս կամ այն դեպքի ու դեմքի վերաբերյալ մեր թերի գիտելիքների պատճառով. հետևաբար դրանք չի կարելի սխալ համարել: Սրանք ուղղակի ապացուցում են, որ մենք անտեղյակ ենք «նախադրյալին»:

Պատմագիտական և հնագիտական հայտնագործությունները նոր լույս են սփռում Աստվածաշնչի դժվարըմբռնելի դրվագների վրա, և շատ «սխալներ» իսկույն անհետանում են նոր ձեռք բերված գիտելիքների շնորհիվ: Որոշ խնդիրների հարցում էլ ստիպված պետք է «սպասել-տեսնելու» դիրք գրավել:

Քանի որ Աստվածաշնչի բոլոր բարդություններն ու հակասությունները դեռևս մինչև վերջ չեն պարզվել, մեր հաստատուն համոզմունքն այն է, որ ինչքան շատ գիտելիքներ ձեռք բերվեն վաղագույն Աստվածաշնչի վերաբերյալ, այնքան այս խնդիրները կպակասեն: Աստվածաշնչյան  դրույթներն Աստծուն բնորոշում են՝ որպես Ամենագետի, Ամենազորի, Ով Ինքն Իրեն չի հակասում: Ուստի՝ եթե Նրա Խոսքը պատշաճորեն ընկալվի, ոչ մի հակասություն էլ չի ծագի:

Դոն Ստյուարտ