Արկադի Փելեշյանը ներողություն է խնդրում

Արկադի Փելեշյանը ներողություն է խնդրումԻնչպես    նախապես տեղեկացրել ենք, հոկտեմբերի 4-ին «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը ծեծի էր ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին:

Միջադեպը դատապարտել էին հայաստանյան և արտերկրի հովիվներ, քաղաքական գործիչներ, միջազգային տարբեր կառույցներ: CrossNews.am-ի հետ զրույցում հովիվ Ռաֆայել Գրիգորյանը ևս խստորեն դատապարտել էր կատարվածը՝ նշելով, որ իր համար անհասկանալի են պատճառները:

Henaran.am-ը զրուցել է Արկադի Փելեշյանի հետ՝ փորձելով հասկանալ՝ արդյո՞ք վերջինս զղջում է իր արարքի համար:

«Ես՝ որպես քրիստոնյա, ցանկանում եմ պաշտոնապես ներողություն խնդրել իմ քրիստոնյա եղբորից՝  Վանաձորում Հայ Ավետարանական եկեղեցու հոգևոր հովիվ  Ռաֆիկ Գրիգորյանից՝ հոկտեմբերի 4-ի միջադեպի կապակցությամբ, իմ արարքների համար՝ հայցելով նրա ներողամտությունը», – ասաց Արկադի Փելեշյանը:

Ներողության ու դեպքերի զարգացման հետագա ընթացքի հետ կապված՝ այսօր՝ հոկտեմբերի 24-ին, CrossNews.am-ը զրուցեց հովիվ Ռաֆայել Գրիգորյանի հետ.

«Բողոքը ետ վերցնելու հետ կապված՝ առայժմ ոչինչ չեմ կարող ասել. դա պետք է քննարկեմ փաստաբանի հետ, բայց քանի որ պաշտոնապես ներողություն է եղել, ես՝ որպես քրիստոնյա, որպես Հիսուս Քրիստոսի հետևորդ, պարտավոր եմ ներել: Մեր Տեր Հիսուսին խաչեցին, ու Նա խաչի վրա խնդրում էր հորը՝ ներել իրենց խաչողներին: Նույն կերպ նաև ես կվարվեմ՝ ներելով պարոն Փելեշյանին»: