«Մենք տարբեր ենք, բայց բոլորիս կարիքը նույնն է». Երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը CrossNews.am-ում

«Մենք տարբեր ենք, բայց բոլորիս կարիքը նույնն է». Երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը CrossNews.am-ումԱռանց նկարներն ունենալու մտածել ցուցահանդեսի մասին, թվում է, թե անիրական, անհավանական մի բան է սա, կամ էլ՝ հպարտության ախտանիշ: Բայց արի ու տես, որ ոչ այս է, ոչ էլ այն:

Իրականությունն այն է, որ դա տեսիլք էր երկնքից, և արդյունքում՝ ընդամենը 7 ամիս անց, Երիտասարդական մետրոյի կայարանում ականատես եղանք մի աննախադեպ, հրաշք ցուցահանդեսի:

Հոկտեմբերի 2-8-ը մետրոյի կայարանում ներկայացված էին դիմանկարներ, որոնք իրենց խորությամբ ու վերնագրերով ստիպում էին յուրաքանչյուր այցելուի մի պահ կանգ առնել, նայել ու խորհել:

Մինչ այդ` այս ամենի «մեղավորը»՝  երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը, մեր հասարակությանը ներկայացել էր հայ մեծերի դիմանկարները քաղաքի տարբեր հատվածներում, տարբեր շենքերի ու պատերի վրա պատկերելով: «Ոմանք հավանում, գովում էին, ոմանք՝ բարկանում»,- ասում է նա, բայց ոչ ոք, համենայն դեպս, անտարբեր չէր անցնում այդ խոսուն պատկերների կողքով:

Ժամանակն անցնում էր, գործն արված էր, ասելիքը հասցված էր մարդկանց սրտերին, հիմա մի նոր սկիզբ էր անհրաժեշտ, ստեղծագործելու մի նոր եղանակ, ներկայանալու մի նոր ձև: «Ներսումս մեծ ցանկություն կար մեծ մասշտաբի կտավներ ստեղծելու: Քանի որ տանը համապատասխան պայմաններ՝ տեղ, նկարելուն նպաստող մթնոլորտ չկար, դրսում էի աշխատում և նկարում էի մեր ժամանակվա իրական հերոսներից մեկին՝ Մոնթեին:

Նրան շատ սիրում եմ, ուսումնասիրել եմ կյանքը ու մեծ ոգևորությամբ աշխատում էի այդ գործի վրա՝ չնայելով արվեստանոց չունենալու հանգամանքին, որակյալ ներկեր գնելու դժվարությանը: Եվ հենց այդ ժամանակ էր, որ ինձ համար բացվեց այդ տեսիլքը՝ ունենալ ցուցահանդես նման մեծ չափսերի նկարներով: Դրանք անպայման պետք է լինեին դիմանկարներ, և ցուցահանդեսն էլ պետք է կոչվեր հենց «Բազմա-դիմագծեր»,- պատմում է CrossNews.am կայքի խմբագրություն այցելած նկարիչը:

«Մենք տարբեր ենք, բայց բոլորիս կարիքը նույնն է». Երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը CrossNews.am-ումԱհա այսպես էլ սկսվեց այս անհավանական պատմությունը: Գաղտնիքը նրանում է, որ Ռոբերտն իր տաղանդն ընդունում է՝ որպես վերերկրյա պարգև, ուստիև վստահ է, որ Նա, Ով տվել է այդ պարգևը, կօգնի ուրեմն, որ այն դրսևորվի, զարգանա ու պատշաճ ձևով ներկայանա մարդկանց. «Իսկապես ամեն բան հրաշքով է եղել: Ստացվեց այնպես, որ մեր ծանոթներից մեկը, իմանալով, որ նկարելու համար տարածք չունեմ, ժամանակավորապես ինձ տրամադրեց իր լայնարձակ տունը՝ առանց ժամանակի սահմանափակման, այսինքն՝ որքան ինձ անհրաժեշտ էր այդ նախատեսվող ցուցահանդեսի բոլոր նկարներն արարելու համար: Դա իսկապես շատ մեծ նվեր էր ինձ համար»:

Ռոբերտը հրաշք է համարում նաև Երևանի քաղաքապետարանի կողմից իրեն աջակցելն ու Երիտասարդական մետրոյում իր ցուցահանդեսի համար լիովին անվճար տարածք տրամադրելը. «Խորապես շնորհակալ եմ քաղաքապետարանի մշակույթի վարչությանը, որ ինձ ձեռք մեկնեց՝ առաջին ցուցահանդեսս ունենալու հարցում: 8 օր շարունակ այնտեղ դրված էին այդ մեծ կտավները, և մետրոյի այդ բանուկ հատվածում դա մեծ հնարավորություն էր շատ հանդիսատես ունենալու»:

«Մենք տարբեր ենք, բայց բոլորիս կարիքը նույնն է». Երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը CrossNews.am-ումԻսկ հանդիսատեսն իսկապես հիացած էր: Եթե չասենք բոլորը, ապա շատերն իրենց գտնում էին այդ կերպարների մեջ՝ տխուր, բայց սպասման ու հույսի յուրահատուկ փայլով պարուրված այդ ասես կենդանի մարդկանց աչքերում, քանզի, ինչպես հեղինակն է կիսվում,  պայքարի ու տխրության ճանապարհ անցնող մարդը միայն գիտի, թե ինչ բան է հույսը: Իսկ ինչո՞ւ հենց դիմանկարներ.

«Որովհետև Արարչին որոշակիորեն ճանաչելով՝ գիտեմ, որ Նրա համար ամենակարևորն Իր ստեղծագործության մեջ հենց մարդն է,- պատասխանում է Ռոբերտը:- Ցուցահանդեսի մտքի հետ նաև մեջս վառվում էր այս միտքը, որ մարդիկ տարբեր են երևում, բայց իրականում բոլորն էլ միանման են: Հենց սա էլ փորձել եմ փոխանցել կտավներիս միջոցով: Թվում է, թե ամեն մեկս տարբեր բաներ ենք փնտրում այս կյանքում, բայց գիտակցենք, թե ոչ, իրականում բոլորիս կարիքը նույնն է՝ գտնել սեր, ուրախություն, խաղաղություն, բարություն, քաղցրություն…»:

Այս ուրախ, կենսախինդ երիտասարդը, ով կարող է ներթափանցել դիմացինի հոգու խորքը ու տեսնելով վեր հանել այնտեղ թաքնված ցավը, երախտագիտությամբ է հիշում իր պապիկին, ով ժամանակին չի անտեսել փոքրիկ տղայի ցանկությունը՝ նկարիչ դառնալու, ու բռնելով նրա ձեռքը՝ տարել է նկարչական խմբակ: Իսկ իր առաջին ուսուցչի՝ Ստեփան Մինասյանի անունը նա հատուկ ակնածանքով է արտաբերում: Հենց նա էր, երբ ընդամենը մի քանի դաս հետո ասել էր տղային, թե անշուշտ դիմանկարիչ է դառնալու:

Նա էր, որ բացի նկարչական հմտություններից, այս կյանքում ամրանալու և չկոտրվելու թանկ խորհուրդներ է տվել առաջին դողդոջուն քայլերն անող պատանուն. «Երբեք մի՛ հաշտվիր քո սխալների հետ, թե՛ կյանքում, թե՛ նկարչության մեջ»: Այս բարի խորհուրդը մինչ օրս էլ առաջնորդում է Ռոբերտին և ուժ տալիս չկանգնելու ձեռքբերվածի վրա, նկատելու այն թերությունները, որոնք գուցեև դիտողը չի էլ նկատում, կատարելագործվելու և գնալու հաղթանակից հաղթանակ:

Շնորհավորում ենք Ռոբերտ Նիկողոսյանին առաջին ցուցահանդեսի կապակցությամբ ու մաղթում նորանոր հաջողություններ:

Զրուցեց Գոհար Ավագյանը