Ամեն ինչ սկսվել է ընդամենը 8 հոգուց. CrossNews.am-ի զրույցը Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանի հետ

Ամեն ինչ սկսվել է ընդամենը 8 հոգուց. CrossNews.am-ի զրույցը Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանի հետՄիաբանության «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողով-փառատոնին ներկա էին հյուրեր արտերկրից: Նրանցից էր Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանը, ով սիրով համաձայնեց զրուցել մեզ հետ թե՛ համաժողովից ստացած տպավորությունների, թե՛ իրենց տեղական եկեղեցու գործունեության մասին:

 – Արդեն երկրորդ անգամն եք մասնակցում Միաբանության համաժողովներին: Ինչպիսի՞ն է այս անգամ տպավորությունը, այս անգամ համաժողովից կոնկրետ ի՞նչն եք տանելու ձեզ հետ Հոլանդիա:

– Միշտ առաջին տպավորությունը շատ կարևոր է լինում: Անցյալ տարվա համաժողովի ժամանակ այնպես էի լցվել Տիրոջով, որ այս անգամ արդեն մենակ չեմ եկել: Եվ գիտեք, այս երկրորդը թե՛ կազմակերպման բարձր մակարդակով, թե՛ փառաբանությամբ, թե՛ խոսքով ուղղակի հրաշալի էր: Ասեմ, որ ժողովրդական երգի կատարումը գերազանցեց բոլոր սպասումներս. հաճելի էր տեսնել հոգևորի ու ազգայինի այդքան ներդաշնակ համադրումը: Իսկ ինձ հետ անշուշտ Հոլանդիա կտանեմ Ռուբիկ Թումանյանի ուղերձը, որը խորապես դիպչեց իմ սրտին՝ միաբանության մասին, մարդկանց ընդունելու այնպիսին, ինչպիսին իրենք կան, և տարբեր լինելով հանդերձ՝ միանալու ու դառնալու տոնախմբող բազմություն, որը Տիրոջն է երկրպագում:

– Մի փոքր պատմեք ձեր եկեղեցու մասին. ինչպե՞ս ծնվեց այն և որտե՞ղ եք այսօր:

– Հաջորդ տարի պատրաստվում ենք մեր եկեղեցու հիմնադրման 10 ամյակը նշել: Իսկ ամեն ինչ սկսվել է ընդամենը 8 հոգուց, ովքեր ինձ հրավիրեցին իրենց տուն՝ մեր տանից 120 կմ հեռավորության վրա` պարզապես իրենց հետ Աստծո Խոսքով կիսվելու: Հետո երկրորդ, երրորդ անգամ հրավիրեցին, ու ամեն անգամ նոր մարդիկ էին ավելանում:

Ամեն ինչ սկսվել է ընդամենը 8 հոգուց. CrossNews.am-ի զրույցը Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանի հետԱյդ ժամանակ սրտումս ստացա, որ Տերը ավելի մեծ գործ ունի այդտեղ անելու, քան մենք պատկերացնում ենք, ու ընտանիքով թողեցինք մեր քաղաքը, մեր ստացած բնակարանը, իսկ բնակարան ստանալու համար, ի դեպ, այնտեղ մարդիկ երբեմն ստիպված են լինում տասնյակ տարիներով հերթագրված սպասել, և գնացինք Ուտրեխտ քաղաքը, որտեղ առաջին 6 ամիսները բառացիորեն անտուն էինք, տարբեր մարդկանց տներում էինք գիշերում:

Սակայն Աստված օրհնում էր եկեղեցին, և ծառայությունից ծառայություն մարդկանց թիվն ավելանում էր: Հիմա դեռ մի քանի օր եմ այստեղ, արդեն կարոտել եմ մեր անդամներին, իրենք էլ, հավատացած եմ, ինձ են կարոտել:

– Ինչպիսի՞ խնդիրներ եք ստիպված լինում հաղթահարել ծառայության մեջ: Արդյոք եվրոպական նյութապես ապահովված կյանքը չի՞ խստացնում մարդկանց սրտերն ավելի, քան այստեղի սոցիալ-տնտեսական ծանր պայմանները:

– Գիտեք, մեր նույն հայերն են՝ այնտեղ էլ, այստեղ էլ, բայց շատ տարբեր են: Այո՛, Եվրոպայում մարդիկ ապահովված են ապրում, և քանի որ ոչ մի բանի կարիք չունեն, եկեղեցի գալու կարիք էլ չեն ունենում: Միայն կարող են գալ այն ժամանակ, երբ առողջությունն է վտանգված լինում, հիվանդ են լինում և այլն:

Եվրոպական մտածելակերպն այսպիսին է. ամբողջ տարին քրտնաջան աշխատեմ, որպեսզի տարվա մեջ մեկ անգամ գնամ արձակուրդ, և հիմնական խնդիրը ժամանակ գտնելն է: Շատ դժվար է հոգևոր արժեքներ փոխանցելը, հասցնելը մարդկանց սրտերին, և օտարության մեջ եկեղեցի ունենալը Աստծո պարգևն է, իրոք շնորհք է Աստծուց՝ մեկտեղ կարողանալ հավաքվելը Աստծո անվան շուրջ: Այս խնդիրը կա, որ չեն գնահատում իրական արժեքները:

Ամեն ինչ սկսվել է ընդամենը 8 հոգուց. CrossNews.am-ի զրույցը Հոլանդիայի «Աստծո տուն» եկեղեցու հովիվ Տիգրան Հայրապետյանի հետԲայց այսպիսի մի բան էլ կա. մարդը կարող է զոհ անել, երկար ճանապարհ կտրել անցնել, ժամանակ ծախսել գալ, բայց ոչ թե Աստծո համար, այլ պարզապես նրա համար, որ մենակ է ապրում, հարազատներն ու բարեկամներն իր հետ չեն, և շփման կարիք ունի: Բայց, իհարկե, եկեղեցում մարդիկ փոխվում են՝ հանդիպելով Հիսուսին:

Հիմնական խնդիրը, որ մենք ունենք, տարածքային խնդիրն է: Ամենամոտ բնակվող մեր անդամը եկեղեցուց 30 կմ հեռավորության վրա է ապրում: Մարդիկ ամեն անգամ 100-ավոր կիլոմետրեր են անցնում, որպեսզի կարողանան մասնակցել ծառայությանը: Անգամ ծառայող ունենք, որ 200 կմ է անցնում՝ հասնելու եկեղեցի ու ծառայելու:

– Իսկ ինչպիսի՞ լուծումներ եք գտել թե՛ տարածքային, թե՛ մտածելակերպի հետ կապված  խնդիրները հաղթահարելու և մտերմանալու համար:

– Տարբեր միջոցներ ենք ձեռք առնում: Բելգիայում երկու տարի առաջ սկսեցինք եկեղեցական ծառայություններ անցկացնել, այնտեղ էլ արդեն 30 անդամ ունենք: Նաև մեծ առաջընթաց էր մեզ համար եվրոպական 5 եկեղեցիների միությունը, որն անցած տարվանից հիմնեցինք, որի հիմնական նպատակն է միասին համագործակցելը, փորձով փոխանակվելը, որպեսզի ամեն մի տեղական տարածքային եկեղեցի ունենա հաղորդակցություն միմյանց հետ, այսպիսով ավելի աճի ու զորանա:

Զրուցեց Գոհար Ավագյանը