Սանձարձակության գագաթնակետ. Ծեծի է ենթարկվել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդը

Սանձարձակության գագաթնակետ. Ծեծի է ենթարկվել Վանաձորի Հայ ավետարանական եկեղեցու առաջնորդըԵրեկ երեկոյան 1in.am-ը հաղորդեց, որ «Հայկական Վերածնունդ» կուսակցության Վանաձորի ավագանու ցուցակը գլխավորող Արկադի Փելեշյանը դաժան ծեծի է ենթարկել Վանաձորի Հայ Ավետարանական եկեղեցու առաջնորդ Ռաֆայել Գրիգորյանին, որից հետո եկեղեցու առաջնորդը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Անկախ քաղաքական հայացքներից՝ յուրաքանչյուր ոք Հայաստանի Հանրապետությունում կարող է ազատորեն արտահայտել իր կարծիքը, հայացքները, և որևէ մեկը չի կարող իր սանձարձակությամբ ու լկտի պահվածքով խոչընդոտ հանդիսանալ մարդու՝ ընտրության և դիրքորոշման ազատության վրա:

CrossNews.am-ի հետ զրույցում հովիվ Ռաֆայել Գրիգորյանը ևս խստորեն դատապարտեց կատարվածը՝ նշելով, որ իր համար անհասկանալի են պատճառները:

«Հնարավոր է՝ պատճառը եղել են «Հայկական Վերածնունդ» կուսակցության գովազդային օրացույցները»,- մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում նշեց հովիվն ու պատմեց, որ շաբաթ օրը բերել են մեծ քանակությամբ օրացույցներ, որպեսզի հաջորդ օրը ժողովի ժամանակ բաժանեն ժողովրդին, իսկ հովիվը դեմ է եղել՝ նշելով, որ եկեղեցին քաղաքականության հետ որևէ առնչություն չունի և ինքը չի կարող եկեղեցու ներսում քաղաքական որևէ գովազդ թույլ տալ:

Այժմ եկեղեցու առաջնորդին հետազոտում են բժիշկները:

Խստագույնս դատապարտում ենք կատարվածն ու աղոթում Աստծուն՝ բոլորի կողմից շատ սիրված ու հարգված հովիվ Ռաֆայել Գրիգորյանի շուտափույթ առողջության համար: