Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» աշնանային համաժողովը

image1Ավարտվեց Միաբանության եկեղեցիների «Տոնախմբող բազմության հետ» խորագիրը կրող աշնանային համաժողով-փառատոնը: Վերջին՝ երկրորդ օրը, առանձնանում էր առաջին օրվանից իր բազմաբնույթ թեմաներով ու դրանց համապատասխան կատարումներով:

Երիտասարդական հույզեր ու առաջին համարձակ քայլեր, ընտանեկան քաղցրություն ու միաբանություն, մայրական գորովանք ու նվիրվածություն. և այս յուրաքանչյուր դրսևորումը կարելի է ամբողջացնել մեկ հրաշալի բառով՝ սեր, սեր, որ Աստված պարգևեց մարդուն՝ վերապրելու կյանքի յուրաքանչյուր բնագավառում, վայելելու և երջանիկ լինելու:

Եվ տոնախմբող բազմությունը այսօր ևս մեկ հնարավորություն ուներ գոհանալու Արարչից հենց սիրո պարգևի համար՝ փառաբանության ու երկրպագության կատարումները մեկտեղելով քնքուշ պարային համարով և, ինչու չէ, նաև ժողովրդական երգով:

Տոնախմբող բազմության մասին աստվածաշնչյան օրինակների վրա էր կառուցել իր ուղերձը հովիվ Վլադիկ Բաղդասարյանը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց համաժողովի խորագրի վերջին՝ երրորդ բառի վրա՝ ՀԵՏ:image1

«Յուրաքանչյուրս էլ մեր սրտերում ունենք կարևորագույն ապրումներ՝ սպասումներ էլ, ցավ էլ, բայց միշտ կա հույս և սա է հույսը՝ որտե՞ղ ես այսօր, արդյոք տոնախմբող բազմության հե՞տ ես, թե՞ ոչ: Տառապանքը Հոբի սրտից չկարողացավ հանել օրհնության ձայնը, ուրեմն մենք էլ օրհնենք մեր Տիրոջը՝ ինչպիսի իրավիճակում էլ լինենք, օրհնենք Բարձրյալին, քանի որ Նա արժանի է մեր օրհնությանն ու գովաբանությանը»,- ասաց Վլադիկ Բաղդասարյանը՝ մինչ այդ առանձնացնելով և ներկայացնելով Աստվածաշնչում նկարագրված այն տոնախմբությունները, որ Աստծո ժողովուրդը արել է՝ իր շնորհակալությունը ամեն անգամ հայտնելու Արարչին. Կարմիր ծովը ճեղքելուց հետո, Երիքովի շուրջը հաղթականորեն քայլելիս, փղշտացիներին հաղթելուց հետո, Նավակատիքի օրը, Հովսափատի օրերում, երբ զորքի առջևից գնում էին փառաբանողները, Երուսաղեմի ճանապարհին, երբ Հիսուսի մուտքն էին օրհնաբանում:

Վերջապես երկնային զորքի բազմությունն է անդադար երգում՝ փառք Աստծուն բարձունքներում, երկրի վրա խաղաղություն և մարդկանց մեջ հաճություն: Սակայն կա տոնակատարող բազմության ևս մի հիշատակում արդեն Հայտնության գրքում, որը դեռ պիտի արմավենիներով ու օրհներգության ձայնով փառավորի Տիրոջը. ուրեմն միանանք նրանց ու բարձրացնելով մեր ձեռքերը՝ մեր սրտի խանդավառությունն ու ցնծությունը տանք մեր Աստծուն, թող Նրան ուղղված փառաբանությունը միշտ մեր շուրթերին լինի, և թող մեր սրտերը պինդ ու զորավոր լինեն, քանզի Նա մեզ փրկել ու ազատել է և առաջնորդում է կյանքի ճանապարհներում:

Նշենք, որ երկրպագության այս յուրահատուկ փառատոնը նաև հիանալի միջոց էր Տիրոջ զավակների շփման համար: Այն ամփոփվեց նույնպես շքեղ փառաբանությամբ, ուր ներկաների սրտերը ձեռքերի հետ միասին բարձրացված էին առ Աստված:

image3

image1-12