Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին նշեց հիմնադրման 170-ամյակը. CrossNews.am-ի անդրադարձը

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին նշեց հիմնադրման 170-ամյակը. CrossNews.am-ի անդրադարձը1846 թ-ին մի խումբ հայորդիներ Կոստանդնուպոլսում հիմնադրեցին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, որը 170 տարի շարունակ իր դրոշմն է դրել հայ ազգի կրոնական, ազգային, մշակութային և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Այս տարի եկեղեցու հիմնադրման 170 ամյակը համընկել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակի հետ, ուստի սեպտեմբերի 25-ին Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհուրդը և Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցությունը կազմակերպել էին գեղեցիկ միջոցառում՝ նշելու  հոբելյանական երկու տոները:

1846 թ-ին մի խումբ հայորդիներ Կոստանդնուպոլսում հիմնադրեցին Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին, որը 170 տարի շարունակ իր դրոշմն է դրել հայ ազգի կրոնական, ազգային, մշակութային և հասարակական կյանքի տարբեր ոլորտներում:

Շնորհավորանքների, ուղերձների, ՀԱԵ-ի մասին պատմող ֆիլմի, ինչպես նաև պատմական նկարների ցուցադրության կողքին տոնական հանդիսությանը յուրօրինակ գույն հաղորդեցին Կամերային երաժշտության ազգային կենտրոնի «Հովեր» երգչախմբի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի դասական ու հոգևոր կատարումները:

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին նշեց հիմնադրման 170-ամյակը. CrossNews.am-ի անդրադարձըՀայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի գործադիր տնօրեն, վերապատվելի դոկտոր Վահան Թութիկյանը CrossNews.am-ի հետ ունեցած ճեպազրույցում իր բարեմաղթանքը հղեց հայ ժողովրդին իր իսկ խոսքերով ասած՝ գեղեցիկ զուգադիպությամբ հանդիպած այս երկու հրաշալի տոների առթիվ, իսկ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու բազմամյա գործունեության մեջ հատկապես շեշտադրում արեց կրթական համակարգում ունեցած ներդրումները.

«Եկեղեցին իր ներդրումն է ունեցել մշակութային, կրթական, կրոնական, ընկերական, բարեսիրական ոլորտներում, սակայն մեր մեծագույն գործերից մեկը կրթական ոլորտում է: Տվել ենք մի շարք բարձրագույն համալսարաններ և այսօր արտերկրում մենք ունենք միակ հայկական համալսարանը սփյուռքի մեջ՝ Հայկազյան համալսարանը Բեյրութում, որը ոչ միայն հայության համար, այլև արաբ ժողովրդի համար էլ պարծանք է: Այնտեղ կրթվում են շատ բարձրաստիճան պաշտոնյաների զավակներ: Իսկ Հայաստանի մեջ եկեղեցու գործն ավելի բարեգործական բնույթ ունի»:

Կրթական ձեռքբերումներն անշուշտ շատ մեծ դեր ունեն Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու կենսագրության մեջ՝ սկսած դեռ Օսմանյան կայսրությունից, այնուհետև Ցեղասպանությունից հետո տարածվելով Միջին Արևելքից մինչև Ամերիկա: Այսօր այդ գործունեությունն իր արմատներն է գցել Հայաստանում, որի արդյունքում 1999 թվականից Մալաթիա-Սեբաստիա համայնքում գործում է հրաշալի մի կրթօջախ, որի առաքելությունն է սոցիալապես անապահով ընտանիքների երեխաների համար ապահովել պատշաճ մակարդակի կրթություն:

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցին նշեց հիմնադրման 170-ամյակը. CrossNews.am-ի անդրադարձըCrossNews-ի այն հարցին, թե ինչու հենց կրթական ոլորտի վրա է դրված շեշտադրումը, Ամերիկայի Հայ Ավետարանչական Ընկերակցության գործադիր տնօրեն Զավեն Խանջյանը պատասխանեց.

«Քրիստոսը անկախություն ու քաջություն է տալիս անհատին, դրա համար էլ եկեղեցու հիմնադրվելուց հետո ազատության, վեր թռչելու, լուսավորության Հոգին սկսեց թևածել, և կրթական ոլորտում մեծ հեղափոխություն եղավ, բազում վարժարաններ բացվեցին, հայ երգը յուրօրինակ դրսևորում ստացավ:

Ի դեպ՝ Հայաստանյայց Ավետարանական եկեղեցին էր, որ Աստվածաշունչը աշխարհաբարի թարգմանեց, հասարակ ժողովրդին մատչելի դարձրեց Աստծո Խոսքը: Այսօր էլ եթե Քրիստոսի մաքուր, անբասիր Խոսքին հետևենք, ամեն մեկս մեր անձն ուրանալով՝ հետևենք Նրան, և բարին անենք մյուսներին, այդպես առաջ կգնանք»:

Միջոցառման բեմադրող ռեժիսորը ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վիգեն Ստեփանյանն էր, ով մեզ հետ զրույցում իր անկեղծ հիացմունքը հայտնեց Հայաստանյայց Ավետարանական եկեղեցու հանդեպ.

«Մեծ է այս եկեղեցու դերը կրթության, հայապահպանման, հայեցի դաստիարակության, հայ մնալու, չօտարանալու հարցում: Աշխատելուս ընթացքում բավականին նոր բաներ իմացա այս եկեղեցու գործունեության մասին և հիացած եմ, քանզի առանց ամպագոռգոռ բառերի անում են իրենց գործը: Միջոցառումն էլ, համաձայն իրենց մոտեցումներին, համեմված է շարականով, դասական երաժշտությամբ»:

Տոնական երեկույթի ավարտին հնչեց Եկմալյանի «Հայր մեր» շարականը, որի կատարմանը հոտնկայս միացավ ողջ դահլիճը, որն էլ եզրափակվեց Հայ Ավետարանական Համաշխարհային Խորհրդի նախագահ վերապատվելի Մկրտիչ Գարակէօզեանի օրհնության խոսքով:

CrossNews.am-ը միանում է բոլոր շնորհավորանքներին և մաղթում Հայաստանյայց Ավետարանական եկեղեցուն բեղմնավոր և օրհնաբեր գործունեության շարունակություն:

CrossNews.am