Բեն-Հուր ֆիլմի գլխավոր դերակատար. «Այս ֆիլմը փոխեց իմ վերաբերմունքը Քրիստոսի հանդեպ»

Բեն-Հուր ֆիլմի գլխավոր դերակատար. «Այս ֆիլմը փոխեց իմ վերաբերմունքը Քրիստոսի հանդեպ»Օգոստոսի 19-ին կայացավ «Բեն-Հուր» ֆիլմի պրեմիերան: Gospel Herald-ի հետ զրույցում գլխավոր դերակատար Ջեք Հյուսթոնը պատմում է, թե ինչպես է այս ֆիլմի նկարահանումներին մասնակցությունը փոխել իր վերաբերմունքը Աստծո հանդեպ:

«Ես հավատացյալ չեմ, բայց այս ֆիլմը փոխեց իմ հայացքը Քրիստոսի անհատականության հանդեպ: Իրապես հետաքրքիր էր, որ Հիսուսը հասարակ մարդ էր, ով բարություն ցուցաբերեց Հուդայի հանդեպ: Սա հիասքանչ դաս էր, բարության պարզ քայլ: Դա այն էր, ինչ պետք է դնել առաջին տեղում մեր կյանքում»,- կիսվում է դերասանը:

33-ամյա Հյուսթոնը նշում է, որ չնայած այն բանին, որ ֆիլմի գործողությունները կատարվում են 2000 տարի առաջ, ֆիլմի ուղերձը արդիական է և այսօր:

«Ֆիլմում բազմիցս է խոսվում ներման, փրկագնման, հույսի ու սիրո մասին: Ես կարծում եմ, որ այդ հաղորդագրությունը նաև մեր օրերի համար է, որովհետև չնայած նրան, որ դեպքը կատարվում է 2000 տարի առաջ, այդ օրերի կյանքը ասես հայելային արտացոլումը լինի այն ամենի, ինչ հիմա է կատարվում»,- հավելում է նա:

Հոլիվուդյան դերասանը խոստովանում է, որ դերի համար աշխատում էր ոչ միայն իր ներաշխարհի վրա, այլև նիհարել էր մոտ 30 ֆունտով, որպեսզի կարողանար կատարել ստրուկի դեր նավի վրա, և մի քանի ամիս շարունակ սովորում էր կառք քշել՝ դերը լավ կատարելու համար:

Ֆիլմի սյուժեն պատմում է արքայազն Հուդա Բեն-Հուրի մասին, ով ընկերոջ դավաճանության պատճառով հայտնվում է հռոմեական նավի վրա: Հենց այդ ժամանակներում ապրում էր նաև Հիսուսը: