Հայրենիքը մի մեծ ընտանիք է, որի համար պիտի պատրաստ լինես կյանքդ տալու. Զրույց Հրազդանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ, ազատամարտիկ Կարեն Սարգսյանի հետ

Հարցազրույց Հրազդանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հովիվ, ազատամարտիկ Կարեն Սարգսյանի հետԱյս տարի լրացավ Հրազդանի «Կյանքի Խոսք» եկեղեցու հիմնադրման 24-րդ տարեդարձը: Այն միշտ աչքի է ընկել աշխույժ հոգևոր գործունեությամբ: Մեր զրուցակիցն է եկեղեցու հովիվ, Արցախյան պատերազմի առաջին տանկային ստորաբաժանման տանկիստ, ազատամարտիկ Կարեն Սարգսյանն իր կնոջ՝ Լուսինե Սարգսյանի հետ:

-Հովի՛վ Կարեն, Դուք երկար տարիներ հավատարիմ ծառայել եք Տիրոջը, իսկ 2013թ. տարեվերջին ձեռնադրվեցիք որպես Հրազդանի եկեղեցու հովիվ: Մի փոքր պատմեք հրազդանցիների, նրանց առանձնահատկությունների մասին:

- Հրազդանը 5-6 գյուղերի վրա կառուցված քաղաք է, և «բնիկ հրազդանցի» հասկացություն գոյություն չունի, որովհետև բոլորը տարբեր վայրերից տարբեր ժամանակաշրջաններում եկած բնակիչներ են: Ամեն մեկն իր բույրն ունի, հասարակությունը բազմաբնույթ է, դրա համար էլ կարծրատիպեր չկան. մարդիկ հաղորդակցվող են, հյուրասեր, սրտաբաց, սիրում են մեկը մյուսի հետ շփվել, մերվել: Եկեղեցու անդամներն Աստծուն շատ սիրող, հավատքի մեջ կրակոտ մարդիկ են, ովքեր փափագով են ծառայում Տիրոջը:

- Որպես Աստծուն փառաբանող և երկրպագու, ունե՞ք վկայություններ, երբ փառաբանությամբ հաղթել եք Ձեր առջև ծառացած խնդիրները:

- Մի դեպք եմ հիշում, թե ինչպես փառաբանությունը որպես զենք օգտագործելով՝ փրկվեցի մահմեդականների հարձակումից: Ես երկու եղբոր հետ միսիոներության էի գնացել Տաջիկստան, և մի մահմեդականի հետ էինք ծանոթացել: Մի օր, երբ նրանց բակում նստած զրուցում էինք, հանկարծ մեր խաղաղ զրույցն ընդհատվեց 12 մահմեդականների ներխուժմամբ: Մթնոլորտը միանգամից թեժացավ, ու նրանք կռիվ հրահրեցին:

Ներսումս լսեցի Սուրբ Հոգու ձայնը, որն ինձ ասում էր. «Վերցրո՛ւ կիթառը և սկսի՛ր փառաբանել»: Ես սկսեցի նվագել ու երգել հենց իրենց լեզվով՝ տաջիկերեն. «Տերը ներկա է, Տերը ներկա է այստեղ…»: Անմիջապես բոլորը լռեցին, ու մի յուրահատուկ հանդարտություն իջավ: Այդ պահին նորից լսեցի նույն մեղմ ձայնը, որն այս անգամ ասաց. «Հիմա վե՛ր կացեք ու արագ հեռացե՛ք»: Մենք այդպես էլ արեցինք: Իրականում, հրաշքով փրկվեցինք այդ հաղթանդամ մահմեդականներից, որոնք, ինչպես հետո իմացանք, հատուկ եկել էին մեզ վնասելու նպատակով:

- Ի՞նչ է ձեզ համար հովիվ լինելը:

- Մինչ Աստծուն ընդունելը՝ ես սպորտով եմ զբաղվել և միշտ երազել եմ` դառնալ մարզիչ, ով ապագա չեմպիոններ կպատրաստի: Երբ ապաշխարեցի, Աստված ասաց, որ իմ երազանքը կիրագործվի, բայց ես չեմպիոններ կմարզեմ ոչ թե սպորտի մեջ, այլ հոգևոր դաշտում: Ինձ համար հովվական ծառայությունն առաջին հերթին պատասխանատվություն է և մեծ հնարավորություն` ծառայելու շատ մարդկանց:

IMG_6791- Դուք եղել եք Արցախյան պատերազմի մասնակից, իսկ հիմա Աստծո բանակի զինվորն եք: Կարո՞ղ եք զուգահեռներ տանել այդ երկու ծառայությունների միջև:

- Ես մասնակցել եմ Արցախյան պատերազմին որպես տանկիստ և հիշում եմ, որ մի անգամ երեք հոգով հայտնվել էինք շրջափակման մեջ ու չգիտեինք, թե որ ուղղությամբ գնայինք՝ հակառակորդի ձեռքը չընկնելու համար: Հանկարծ մի այնպիսի զգացողություն ունեցա, կարծես մեկը մեզ հետևում էր: Մենք պարզապես մի ուղղությամբ արագ հեռացանք, և հրաշքն այն էր, որ այդ անհայտ ու անծանոթ ճանապարհը, ի վերջո, մեզ բերեց յուրայինների մոտ:

Տարիներ անց, երբ ես զուտ ընկերներիս չմերժելու համար առաջին անգամ գնացի եկեղեցի, հանկարծ այդ նույն ներկայությունը զգացի: Միանգամից ապաշխարեցի. ինձ հետաքրքիր էր, թե ով էր Նա: Իսկ որոշ ժամանակ անց աղոթելիս Աստված ինձ տեսիլքով ցույց տվեց այն նույն բացատը, որտեղ մենք մոլորվել էինք. ես տեսա մի մեծ հրեշտակի, ով կանգնած էր մեր կողքին ու ձեռքը դրել էր մեր տանկի վրա: Ամեն ինչ պարզ էր. այդ նա էր մեզ պաշտպանել ու առաջնորդել դեպի փրկություն: Ես ասացի. «Տե՛ր, առաջ երկրի բանակում էի ծառայում, հիմա Քո բանակում եմ ծառայելու»:

Թե՛ զինծառայության, թե՛ հովվական ծառայության մեջ ամենահատկանշական գործոնները պատասխանատվությունն ու նպատակաուղղվածությունն են: Երկու դեպքում էլ մարդկանց փրկության համար ես ծառայում:

- Ի՞նչ է Ձեզ համար հայրենիքը, հայրենասիրությունը: Եվ ի՞նչ խորհուրդ կտայիք քրիստոնյա երիտասարդներին, ովքեր պատրաստվում են մեկնելու զինծառայության:

- Բացի մեր ֆիզիկական, երկրային  հայրենիքից, մենք ունենք նաև երկնային հայրենիք: Ու եթե երկրայինը չարժևորենք, չենք հասկանա ու չենք արժևորի երկնայինը: Հայրենիքը մի մեծ ընտանիք է, որի համար պիտի պատրաստ լինես կյանքդ տալու: Դա միայն հող չէ, տարածք չէ. Հայաստանը չի կարող արժեքավոր լինել առանց հայ մարդու: Մենք ապրում ենք այս երկրի վրա, և դնելով մեր կյանքը հայրենիքի համար՝ դնում ենք հենց մեզ համար:

Բանակում ծառայելու տարիները ոչ թե կորուստի, այլ ձեռքբերման տարիներ են: Բանակում երիտասարդը երեք բան է սովորում. պատրաստվել, պատասխանատվություն վերցնել ու փոխանցել նորակոչիկներին: Այդ նույնը մենք անում ենք կյանքում. պատրաստվում ենք, պատասխանատվություն ենք վերցնում և մեր գիտելիքները փոխանցում մեր երեխաներին՝ սերունդներին:

- Հովի՛վ Կարեն, Ձեր կարծիքով` ո՞րն է Բարի Լուրը մարդկանց հասցնելու ամենաճիշտ ձևը: Եվ ապաշխարելուց հետո ինչո՞ւ է կարևոր, որ մարդը հաճախի եկեղեցի:

- Ամենաճիշտը Հիսուսի օրինակին հետևելն է և Նրա նման ամենատարբեր մարդկանց հետ հաղորդակցման լեզու գտնելը: Ինչ վերաբերում է եկեղեցի հաճախելուն, ապա մարդն ապաշխարելուց հետո անպայման պետք է «տնկվի» եկեղեցում, քանի որ մշակը խնամում է իր դաշտում տնկված ծառը: Չտնկված ծառը չի կարող պտուղ բերել:

- Լուսինե ՛, հե՞շտ է արդյոք հովվի կին լինելը: Դուք ընդունո՞ւմ եք, որ յուրաքանչյուր հզոր տղամարդու կողքին հզոր կին է կանգնած:

Երբեք չեմ մտածել ու չեմ երազել, որ հենց հովվի կին լինեմ, բայց միշտ աղոթել եմ, որ իմ ապագա ամուսնու համար Քրիստոսն առաջին տեղում լինի: Հովվի կին լինելը դժվար է այն առումով, որ իրականում շարունակական զոհ է պահանջվում քեզնից, բայց նաև հեշտ է, որովհետև տեսնում ես, որ դա Տիրոջ կամքն է, և ինչ էլ որ անում ես, ոչ թե քո ուժով ու կարողությամբ ես անում, այլ Տիրոջ օծությամբ ու Նրա Հոգու առաջնորդությամբ:

Ինչ խոսք, հզոր տղամարդու կողքին, իրոք, հզոր կին է կանգնած, որովհետև ընտանիքը տղամարդու թիկունքն է, և եթե կինը ուժեղ չեղավ, տղամարդը հարկադրված պետք է թողնի դրսի գործը, վերադառնա թիկունքն ամրացնելու, որ հետո միայն դրսում հաջողության հասնի:

Զրուցեց Գոհար Ավագյանը