Կանանց համաժողովին ընդառաջ. զրույց Ծովինար Մարտիրոսյանի հետ

Կանանց համաժողովին ընդառաջ. զրույց Ծովինար Մարտիրոսյանի հետԻնչպես արդեն տեղեկացրել ենք, հունիսի 11-ին՝ 14:00-ին, «Եկեք անկեղծ խոսենք» խորագրով մոր, որդու և հարսի փոխհարաբերություններին նվիրված կանանց համաժողովն է «Էմմանուէլ» եկեղեցում:

Այս առիթով զրուցեցինք «Էմմանուէլ» եկեղեցու քույրական ծառայության ղեկավար Ծովինար Մարտիրոսյանի հետ, ով ասաց, որ արդեն երկար ժամանակ ուսումնասիրում է այս թեման թե՛ աստվածաշնչյան լույսի ներքո, թե՛ պրակտիկորեն, և եկել է այն եզրակացության, որ ընտանիքի վերաբերյալ աստվածային կարգը հաստատելու և պահպանելու համար որոշակի գիտություն, պայմաններ ու ջանք է անհրաժեշտ:

– Հոգեբանական վերլուծությունները ցույց են տալիս, որ դեռահաս տարիքից արդեն երեխաների մոտ սկսում է ծնողներից առանձնանալու, ինքնուրույն դառնալու ընթացքը: Սա Աստված է դրել մարդու մեջ: Սակայն հաճախ ծնողներն իրենք թույլ չեն տալիս, որպեսզի իրենց զավակներն ինքնուրույնություն ձեռք բերեն: Հիմնականում սա լինում է այն դեպքում, երբ մայրը, ինքը գրավելով ամուսնու դերը ընտանիքում, դառնում է գլուխ և փոխարենը մեկ լինի ամուսնու հետ, կարծես մեկ է լինում իր տղաների հետ:

Սա ապստամբություն է Աստծո Խոսքի ու Նրա սահմանած կարգի դեմ: Եվ հիմնականում սա է պատճառը, որ այն օրհնությունը, որ Աստված խոսացել է ամուսիններին՝ աճեք, շատացեք, լցրեք երկիրը… չի գործում, այլ փոխարենը՝ անեծքն է գլուխ բարձրացնում ընտանիքներում:

«Արդյոք ընտանեկան այս խնդիրները կան նաև եկեղեցո՞ւմ» հարցին մեր զրուցակիցը պատասխանեց.

– Այո, իհարկե՛, եկեղեցում նույնպես առկա է այս խնդիրը: Գիտակցական մակարդակով բոլոր ծնողներն էլ բարին են ցանկանում իրենց զավակներին, բայց ենթագիտակցական մակարդակով շատերը՝ հիմնականում մայրերը, դուրս են գալիս հարսների դեմ, քանզի նրանց նայում են ոչ որպես իրենց ընտանիքի լիարժեք անդամի, այլ որպես լրացումի, օտարականի:

Աստվածաշունչը պատվիրում է՝ թողնել ծնողներին, և այստեղ հարցը չի վերաբերում միայն ֆիզիկապես ծնողներին թողնելուն: Նրանք կարող են թեկուզ նույն տանն ապրել, բայց լինել առանձին, անկախ, և ծնողները չխանգարեն երիտասարդ ընտանիքին՝ կայանալու:

Այնուհետև, հորդորելով ներկա լինել համաժողովին, Ծովինար Մարտիրոսյանն ասաց.

– Աստծո օրենքի ցանկացած խախտում չարի գործն է: Մեր կյանքի բոլոր բնագավառներում պետք է Աստված տիրի: Եվ եթե այս հարցերում մենք թերանում ենք, պետք է թույլ տանք, պատրաստ լինենք, որ Քրիստոսը լուսավորի ու փոխի մեր կյանքերը: Այս համաժողովը հրաշալի հնարավորություն է դրա համար:

 Հավելենք միայն, որ համաժողովի մուտքն ազատ է:

Հասցեն՝ Երևան, Շերամի 88 (Լողավազանի հարևանությամբ):

Զրուցեց Գոհար Ավագյանը