Կարևորը, որ ընտանիքում մարդիկ սիրեն միմյանց. CrossNews.am-ի զրույցը 13-ամյա Էրիկ Խաչատրյանի հետ

Կարևորը, որ ընտանիքում մարդիկ սիրեն միմյանց. CrossNews.am-ի զրույցը 13-ամյա Էրիկ Խաչատրյանի հետԷրիկ Խաչատրյանը 13 տարեկան է: Մանուկների տոնի առթիվ մեր զրույցը նրա հետ անկեղծության ու թարմության մի ալիք էր, որ լցրեց մեր՝ մեծերիս սրտերը հույսով ու լավատեսությամբ:

«Ամենամեծ երազանքս միշտ Աստծո կողքին լինելն է, Նրա հետ քայլելը: Ուզում եմ միշտ այնպիսի բաներ անեմ, որ Նրան դուր գամ: Իհարկե, միշտ չէ, որ ստացվում է, բայց ես շատ եմ ձգտում դրան»,- ասում է 13-ամյա այս պատանին, ով կյանքում հասցրել է արդեն մի շարք դառնություններ վերապրել:

Հիշում է հորը… արդեն հիվանդ էր՝ անբուժելի հիվանդությամբ… «Երբ մայրիկն ու տատիկը գնում էին աշխատանքի, և տանը մնում էինք ես ու հայրիկը, այդ ժամանակ շատ փոքր էի, բայց հիշում եմ… նա նստում էր դաշնամուրի մոտ ու տխուր, հուզիչ երաժշտություն էր նվագում: Նաև երգում էր երբեմն, շատ լավ ձայն ուներ…»:

Ահա թե որտեղից Էրիկի մեջ այն մեծ երազանքը՝ դաշնամուր նվագելու: Նա մասնավոր կրթություն է ստանում, կարճ ժամանակում արդեն բավականին լավ արդյունքների է հասել: Եվ թեկուզ հիմա դեռ իր նվագացանկում էլ ավելի շատ գերակշռում են հանդարտ մեղեդիները, այնուամենայնիվ, նա նշում է, որ ուրախ նոտաներ նույնպես կան ու անպայման կլինեն:

Մեծ ու անուղղելի կորուստը չի կոտրել նրա հավատքն ու հույսը ապագայի հանդեպ: Էրիկը ապագայի, հավատքի մարդ է: Անգամ պատկերացնում է իր սեփական ընտանիքը, երազում, թե ինչպիսին պետք է լինի ինքը՝ որպես ամուսին, և ինչպիսին կլինի իր ապագա կինը.

«Ուզում եմ, որ հետագայում իմ կողքին լինի ճիշտ կին՝ հավատարիմ, Աստծուն սիրող, համեստ ու համբերատար: Ես էլ, իհարկե, պետք է լինեմ այնպիսի ամուսին, որ նա երբեք ոչինչի կարիք չունենա, իրեն ապահով ու պաշտպանված զգա: Երազում եմ այնպիսի ամուսին լինել, որ օրինակ լինեմ շատերի համար»:

Կարևորը, որ ընտանիքում մարդիկ սիրեն միմյանց. CrossNews.am-ի զրույցը 13-ամյա Էրիկ Խաչատրյանի հետԵրեխաների այսօրվա հուզող խնդիրների մասին նա լռեց: Իսկ երբ հարցրեցինք, թե ինչ է հարկավոր տոնը նշելու և ուրախ ժամանակ անցկացնելու համար, նա պատասխանեց՝ սեր ու հոգատարություն:

«Իհարկե´, փողը անհրաժեշտ է,- մեկնաբանում է Էրիկը,- բայց կարևորը, որ ընտանիքում մարդիկ սիրեն միմյանց իրենց անձերի պես: Եթե, օրինակ, այսօր մայրիկս ասի, որ գումար չկա տոնը շքեղ նշելու համար, ես կհասկանամ նրան:

Եվ գիտեք ինչ, ես ունեմ Երկնային Հայր, Ով հոգում է մեր բոլոր կարիքները: Ես նրան կխնդրեմ, նա հաստատ ունի ինձ համար լավ նվեր այսօրվա համար, օրինակ իր անսահման ու անշահախնդիր սերը»:

Այո´, Էրիկը այն երջանիկ երեխաներից է, ով գիտի նեղության մեջ էլ, լայնության մեջ էլ ճիշտ ապավինություն ունենալ: Եվ այն երեխաներին, ովքեր նվերներ չստանալով տխրում են, նա մի թանկ խորհուրդ տվեց.

«Հիսուսը բոլորին սիրում է, դուք չեք էլ պատկերացնում, թե Նրան ուղղված ձեր մի աղոթքը ինչպես կփոխի ձեր ամբողջ կյանքը: Զրուցեք Հիսուսի հետ, բացեք ձեր սրտերը Նրա առջև

Կարևոր չէ, թե մարդիկ ինչ կմտածեն ձեր հագուստի, ձեր ապրելակերպի մասին: Կարևոր է, թե Աստված ինչ կմտածի ձեր մասին»:

Եվ մեր զրույցի ավարտին մեր լուսավոր ու անկեղծ զրուցակիցը անգամ մեծահասակներին կոչ արեց, որ ուշ չէ երբեք կյանքը սկսել Աստծո հետ, կարելի է մեծ տարիքից էլ սկսել հավատալ ու ներկել կյանքը լուսավոր գույներով:

CrossNews.am-ը մեկ անգամ ևս շնորհավորում է բոլոր երեխաներին ու ցանկանում նրանց ուրախ ու անհոգ մանկություն: Թող Աստծո պահպանությունը միշտ ձեզ վրա լինի, սիրելի’ մանուկներ ու պատանիներ, ապրեք ու հասեք ձեր երազած ու ձեր պատկերացրած  լուսավոր ապագային…

Սեփ. Լր.