Լոնդոնի քաղաքապետը՝ մուսուլման. պատահականությո՞ւն, թե՞…

Լոնդոնի քաղաքապետը՝ մուսուլման. պատահականությո՞ւն, թե՞...Նախորդ շաբաթ համաշխարհային ԶԼՄ-ներն անդրադարձան այն փաստին, որ պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայում քաղաքապետ է դարձել ոչ թե քրիստոնյա, այլ մուսուլման պաշտոնյան, և այն էլ՝ ոչ թե ինչ-որ փոքր քաղաքում, այլ աշխարհի մեգապոլիսներից մեկում՝ Լոնդոնում:

Իհարկե, սա կարելի է համարել որպես նորընտիր քաղաքապետի՝ պակիստանցի Սադիք Հանի քրտնաջան աշխատանքի, քաղաքական հայացքների, ակտիվության արդյունք, սակայն սա պետք է մտահոգի ողջ քրիստոնյա աշխարհին:

Այն, որ Անգլիայում մզկիթների թիվը գերազանցում է եկեղեցիների թվին, և դեմոկրատական Եվրոպան շարունակաբար հավասարության նշան է դնում մուսուլմանի և քրիստոնյայի միջև՝ դավանանքի, կրոնական ազատության տեսանկյունից, հանգեցրեց նրան, որ գուցե մոտակա տարիներին Լոնդոնի քրիստոնյաներն իրենց զգան որպես կրոնական փոքրամասնություն: Ու դա քիչ-քիչ սկսի տարածվել՝ Անգլիայից անցնելով մյուս՝ մուսուլմաններով գերբնակեցված եվրոպական երկրները՝ Գերմանիա, Ֆրանսիա… Ու ինչպիսի՞ օրենքներ կարող են ակնկալել քրիստոնյաները մուսուլման առաջնորդից:

Մայիսի 5-ին քաղաքապետ ընտրված Սադիք Հանն արդեն մայիսի 9-ին հայտատարեց, որ եթե ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը, ապա ինքը, կրոնական հայացքներոից ելնելով, չի մեկնի ԱՄՆ՝ շնորհավորելու նախագահին:

«Եթե Դոնալդ Թրամփը նախագահ դառնա, իմ հավատքը թույլ չի տա ինձ մեկնել այնտեղ, և դա նշանակում է, որ ես չեմ կարողանա փոխհամագործակցել և մտքեր փոխանակել  ամերիկացի քաղաքապետերի հետ», – ասել է Հանը Time հանդեսին տված հարցազրույցում:

Սա պետք է զգոնության ազդանշան լինի յուրաքանչյուր քրիստոնյայի համար, զգոնություն՝ ավելի շատ աղոթելու, ավելի շատ ամուր կանգնելու քրիստոնեական սկզբունքների ու արժեքների վրա, թե չէ ստացվում է՝ ամբողջ աշխարհն աղաղակում է ծայրահեղական մուսուլմանների վայրագություններից, ու միևնույն ժամանակ անաղմուկ ստորագրում քրիստոնեական երկրում մուսուլմանի՝ քաղաքապետ դառնալու փաստի ներքո՝ անունը դնելով դեմոկրատիա…

Եթե յուրաքանչյուր քրիստոնյա իր պարտքը համարեր դեռևս տասնամյակներ առաջ որպես տուրիստ Եվրոպա այցելող մուսուլմանին Քրիստոս քարոզեր, ավետարաներ, առաջնորդեր եկեղեցի (գոնե փորձեր), գուցե այսօր այս պատկերը չլիներ… Չէ՞ որ տասնամյակներ առաջ, երբ Լոնդոն էին այցելում մուսուլմանները, որևէ մեկի մտքով չէր էլ անցնի, որ ինչ-որ մի օր իրենց քաղաքապետը կդառնա նրանցից մեկը ու չգիտես, թե ինչ ուղղությամբ կշարունակի տանել քաղաքը, հանուն ում օգուտի կկայացվեն որոշումներ: Խոսքը ոչ թե անհանդուրժողականության մասին է, այլ նրա, որ քրիստոնյան պետք է ամուր կանգնած լինի աստվածաշնչյան արժեքների վրա ու դա փոխանցի մյուսներին էլ՝ թե՛ մուսուլմանին, թե՛ աթեիստին…

Հ.Գ. Ի դեպ, այսօր Հայաստանում իրենց ուսումը, հանգիստը ու բիզնեսն են առաջ տանում հազարավոր մուսուլմաններ. ինչպիսի՞ն է մեր՝ քրիստոնյաներիս վերաբերմունքը: Արդյոք երբևէ կանգնե՞լ ես ու ինչ-որ մեկի հետ խոսել քրիստոնեության արժեքներից ու սկզբունքներից…

CrossNews.am