Լրացավ CrossNews.am կայքի գործունեության 4 ամյակը

Լրացավ CrossNews.am կայքի գործունեության 4 ամյակըԱյսօր լրանում է CrossNews.am քրիստոնեական լրատվական կայքի հիմնադրման և գործունեության 4 ամյակը:

Չորս տարվա ընթացքում կայքն իր աշխատակազմի հետ կարողացել է իր ուրույն ազդեցությունն ունենալ ու հետագիծը թողնել ոչ միայն քրիստոնեական, այլ ընդհանրապես, հայալեզու մեդիա դաշտում:

Ընթերցողների կողմից ստացվող նամակները մշտապես ցույց են տալիս, որ կայքի աշխատանքները շինության պատճառ են լինում, առաջնորդում են, մխիթարում, քաջալերում ու հանդիմանում՝ այդ ամենով նպաստելով Արքայության Ավետարանի տարածմանն ու մարդկանց հոգևոր աճի շինությանը:

ՄԻ ՔԻՉ ԹՎԵՐԻ ՏԵՍՔՈՎ.  4 տարվա ընթացքում հրապարակվել են շուրջ 13,000 հոդվածներ ու նյութեր, որոնք ներկայացնում են այնպիսի կարևոր ենթաբաժիններ, ինչպիսիք են մեդիան, նորությունները՝ թե՛ միջազգային, թե՛ տեղական, ապոլոգետիկան, հովվի խոսքը, թարգմանական հոդվածները՝ ընտանեկան, երիտասարդական, հոգևոր, կառուցողական, ուսուցողական, հեղինակային հոդվածներ, որոնք գրվում են թե՛ խմբագրության աշխատակիցների կողմից, թե՛ ընթերցողների, պատմություններ ու խմբագրական անդրադարձեր ամենատարբեր իրադարձություններին:

2016 թ-ի միայն ապրիլ ամսվա կայքի նյութերի դիտումները կազմել են 250,000, իսկ օրական միջին այցելություններն անցել են 4.000-ի սահմանը: Եվս մեկ հետաքրքիր ցուցանիշ, որ կայքի այցելուները միշտ կարդում են 2-ից ավել նյութ, ինչը փաստում է, որ ինչ-որ նյութով հետաքրքրված օգտատերը կայքում անպայման գտնում է այլ հետաքրքիր նյութեր ևս:

2015 թ-ի այս ժամանակահատվածում կայքի ֆեյսբուքյան էջի հավանումները 15,000 էին, իսկ այսօր դրանք հասնում են 32,000-ի:

Փորձեցինք գտնել նաև 4 տարվա ընթացքում լավագույն և ամենաընթերցված նյութը, և պարզեցինք, որ դա «Իսրայելի նախկին նախագահ Շիմոն Պերեսի ելույթ»-ն է՝ թարգմանված CrossNews.am-ի կողմից. այն ունեցել է 63.000 դիտում, ինչը պատկառելի ցուցանիշ կարող է լինել ցանկացած կայքի համար:

Այլ ցուցանիշներ և վիճակագրական տվյալներ ևս կարող ենք ներկայացնել, սակայն լավագույն գնահատականը կայքի համար ընթերցողի արձագանքն է, ընթերցողի շնորհակալական նամակը և անկեղծ խոստովանությունները:

Լիահույս ենք, որ կայքը կշարունակի իր գործունեությամբ ուրախացնել մեր հազարավոր հետևորդներին և լինել օրհնության պատճառ նրանց համար: Օրհնվա՜ծ ենք քեզանով, սիրելի ընթերցող:

Քո՝ CrossNews.am