Աղոթքով միջամտիր

Աղոթքով միջամտիր պատերազմինՍահմանից եկող լուրերն անհանգստացնող են, ինչ-որ տեղ ահաբեկող: Նորից գործի է դրվում պատերազմական մեքենան, նորից գործի է դրվում գնդկան ու փամփուշտը, այս անգամ՝ կարծես քանակով ավելի շատ, ավելի ուժեղ, ավելի մարտական…

Սահմանում մեր զինվորներն են, մեր տղաներն ու հայրերը, սահմանում մե՛նք ենք:

Մեր տղաները լավ գիտեն իրենց գործը, բայց հիմա ժամն է, որ ես ու դու էլ, որ գտնվում ենք սահմանից մի քանի հարյուր կիլոմետր հեռու կամ գուցե մոտ, միջամտենք պատերազմին մեր աղոթքներով: Կանգնիր ու սկսիր աղոթելը խաղաղության համար: Խաղաղությո՛ւն հռչակիր, խաղաղությո՛ւն աղոթիր… Աղոթիր, որ Աստված պահի մեր երկիրը, սահմանները, զինվորներին:

Գուցե ասես՝ աղոթքը շատ բան չի՞ կարող փոխել: Կարո՛ղ է: Հավատքով աղոթիր ու իմացիր, ինչպես որ զինվորի վրա դրված է պատասխանատվություն՝ պահելու երկիրը, իրեն վստահված հողը, ես ու դու էլ ունենք պատասխանատվություն՝ աղոթելու, պատերազմելու ու պայքարելու թե այդ հողի ու խաղաղության, թե զինվորի ու նրա պահպանության համար:

Զոհեր ունենք, նրանք էլ ունեն… դա չարի ծրագիրն է, Աստված դեմ է զոհին, պատերազմին, արյուն թափվելուն… Մեր Աստված խաղաղության Աստված է, ու պիտի աղոթենք, որ Նրա՛ իշխանությունը տարածվի:

Տե՜ր, պահիր երկիրս հայոց ու զինվորներին…